ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Իսրայելին դադարեցնել հարձակումները Սիրիայի վրա
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգված է Իսրայելի կողմից Սիրիայի վրա իրականացվող ավիահարվածների առնչությամբ և կոչ է անում դադարեցել դրանք։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին լայնածավալ խախտումների առնչությամբ։ Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, մտահոգված է Սիրիայի մի քանի հատվածներում Իսրայելի կողմից իրականացվող հարյուրավոր ավիահարվածների առնչությամբ»,- ասել է Դյուժարիկը։
Անդրադառնալով Իսրայելի պատճառաբանություններին, թե Սիրիային հարվածները հասցվում են, որպեսզի նախկին վարչակարգի զենքերը չհայտնվեն սխալ ձեռքերում, Դյուժարիկը հայտնել է, որ շատ երկրներ մյուսների ինքնիշխանությունը խախտելու հետ կապված արդարացումներ են տալիս։
«Հստակ է այն, որ մենք մտահոգված ենք Սիրիայի ինքնիշխանության, Սիրիայի տարածքային ամբողջականության պարբերական խախտումներով։ Այս պահին Սիրիային հարկավոր է իր հարևանների աջակցությունը՝ շարժվելու դեպի կառավարման ձև, որը կլինի ներառական, ժողովրդավարական և կպաշտպանի փոքրամասնությունների իրավունքները։ Բացի այդ, պարտադիր է, որ Սիրիայում վերահսկողություն հաստատած անձինք ապահովեն, որ բոլոր զենքերը և ամեն ինչն անցնի վերահսկողության տակ և չենթարկվի թալանի կամ չանհետանա»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը։
Ըստ խոսնակի՝ Գուտերեշն ընդգծում է բռնությունն ապաէսկալացնելու հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ճակատներում, ամբողջ երկրում»։
Add new comment