Submitted by detq-editor on
Հայաստանի հետ առցանց դիվանագիտությունն արդյունավետ չէ. Բայրամով

Հայաստանի հետ առցանց դիվանագիտությունն արդյունավետ չէ. Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կարծում է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հարցում առցանց դիվանագիտությունն անարդյունավետ է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովն այս մասին ասել է Բաքվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովը Հայաստանին հրավիրել է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը։

«Հիմա համաձայնեցված ձևաչափից բացակայում է դեմ առ դեմ հանդիպումների տարրը, բայց գործընթացն ամբողջությամբ չսպանելու համար ադրբեջանական կողմը չի հրաժարվում մեկնաբանություններ ստանալուց և ուղարկելուց, իմ ասածը հենց առցանց դիվանագիտություն է։ Այսինքն՝ մեկնաբանությունները պարզապես փոխանցվում են։ Մենք սա համարո՞ւմ ենք հաղորդակցության ամենաարդյունավետ մեթոդը խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման ժամանակ։ Կարծում եմ՝ ոչ»,- ասել է նա։

Ադրբեջանի գլխավոր դիվանագետը հավելել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղության ոչ այլընտրանքային օրակարգին և շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնումը։ Նա ասել է, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանը հավատարիմ է 5 սկզբունքի վրա հիմնված խաղաղության օրակարգին։

Add new comment