Նեթանյահուն Թրամփին հայտնել է «Իրանին հաղթելու անհրաժեշտության մասին»
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին երեկոյան խոսել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ Իսրայելի վճռականության մասին՝ «շարունակելու գործել Իրանի և նրա զինված համախոհների դեմ, երբ նրանք փորձեն վնասել հրեական պետությանը»,- ըստ Times of Israel-ի՝ տեսաուղերձում հայտարարել է Իսրայելի վարչապետը:
Նեթանյահուն հայտարարել է, որ դա «շատ բարեկամական, բավական ջերմ և անչափ կարևոր խոսակցություն էր» Իսրայելի կողմից «իր հաղթանակն ավարտելու» անհրաժեշտության մասին:
«Մենք հավատարիմ ենք «Հիզբոլլահ»-ի վերազինումը կանխելուն: Սա մշտական փորձություն է Իսրայելի համար, մենք պետք է դիմագրավենք դրան, և կդիմագրավենք: Նա հավելել է, որ միանշանակ զգուշացրել է «Հիզբոլլահ»-ին և Իրանին՝ որ Իսրայելին չվնասելու համար կշարունակենք գործել նրանց դեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, ցանկացած ասպարեզում, ցանկացած պահի:
Միևնույն ժամանակ Նեթանյահուն կրկնել է, որ «վերջին ավիահարվածները սիրիական ռազմական օբյեկտներին իրականացվել են այն նպատակով, որ ապագայում Իսրայելի դեմ զենք չկիրառվի»։
Նրա խոսքով՝ Իսրայելը հարձակվել է նաև «Հիզբոլլահ»-ի զենքի մատակարարման ուղիների վրա։
«Մենք շահագրգռված չենք Սիրիայի հետ հակամարտությամբ: Կձևավորենք Իսրայելի սիրիական քաղաքականությունը՝ ըստ տեղում առկա իրողությունների»,- ասել է նա՝ պնդելով, որ Իսրայելը փոխում է Մերձավոր Արևելքը:
«Սիրիան այլևս նույն Սիրիան չէ. Լիբանանը նույն Լիբանանը չէ, Գազան նույն Գազան չէ, իսկ Առանցքի առաջնորդը՝ Իրանը, նույն Իրանը չէ»,- հավելել է Իսրայելի վարչապետը։
Add new comment