Ֆեռնան

ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունները կարող են ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն համարվել. ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող

Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը կարող է համարվել որպես ռազմական կամ մարդկության դեմ հանցագործություն․ միջազգային իրավունքի տեսանկյունից այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, հեշտությամբ կարող է նույնացվել էթնիկ զտման հետ։

Երևանում դեկտեմբերի 12-13-ն անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ազգային փոքրամասնությունների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։

Անդրադառնալով հարցին, թե կարելի՞ է արդյոք 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները որակել որպես ցեղասպանություն՝ զրուցակիցն, այդուհանդերձ, նկատեց, որ իրականում ցեղասպանությունը միջազգային իրավունքում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք։

«Ես տեղեկացված չեմ այն ​​բոլոր մանրամասներից, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղում, որպեսզի կարողանամ որակումներ տալ, սակայն կավելացնեմ, որ անհրաժեշտ է հիշել՝ ցեղասպանություն հանցագործությունը միջազգային իրավունքում իրականում շատ դժվար հաստատվող հանցագործություն է, քանի որ դրա համար հատուկ մտադրություն է պետք․ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ֆիզիկապես ոչնչացնելո՞ւ մտադրությունն է եղել, թե՞ նրանցից ազատվելու, հեռացնելու մտադրությունը։ Եթե ​​վերջինն է, ապա դա չի համապատասխանում միջազգային իրավունքի մեջ ցեղասպանության հանցագործությանը: Բայց դրանք կարող են լինել այլ տեսակի հանցագործություններ»,- նշեց Ֆեռնան դը Վարենը:

Նրա կարծիքով՝ հստակ է, որ որևէ մեկը չի կարող չհամաձայնել, որ Լեռնային Ղարաբաղում եղել են էթնիկ զտումներ։

«Դա ինքնին ցեղասպանություն չէ, բայց այն դեռ կարող է համարվել որպես ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն: Այսպիսով, միջազգային իրավունքի տեսանկյունից՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, կարծում եմ՝ շատ հեշտությամբ կարող է նույնացվել որպես էթնիկ զտում, որը կարող է ռազմական հանցագործություն կամ մարդկության դեմ հանցագործություն նշանակել»,-ընդգծեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:

Վերջինս, խոսելով նաև 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության, ինչպես նաև դրա վերաբերյալ Թուրքիայի շարունակական ժխտողական քաղաքականության ու հռետորաբանության մասին, կարծիք հայտնեց, որ իրականում դժվար է ասել, թե որքան կշարունակվի թուրքական ժխտողականությունը, և երբ Անկարան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Տարիներ անց, հնարավոր է, որ թուրքական կողմում վերաբերմունքի որոշակի փոփոխություն տեղի ունենա․ հնարավոր է լինեն տարբեր քաղաքական, սոցիալական, իրավական ենթատեքստ ունեցող իրավիճակներ, որտեղ թուրքական կառավարության համար կարող է ավելի հեշտ լինել դա որպես ցեղասպանություն ճանաչելը: Այլ կերպ ասած՝ գուցե, ոչ այսօր, բայց ապագայում դա կարող է տեղի ունենալ։ Այնպես որ, չպետք է հանձնվել»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով դիտարկմանը, որ, ամենայն հավանականությամբ, դա կարող է տեղի ունենալ այն ժամանակ, երբ, օրինակ, Թուրքիայում տեղի ունենա իշխանափոխություն՝ Ֆեռնան դը Վարենը դրական արձագանք տվեց՝ որպես օրինակ բերելով այլ երկրների։

«Օրինակ՝ Կանադան և Ավստրալիան երկար տարիներ եղել են շատ ռասիստական​​երկրներ, որտեղ երեխաներին խլում էին տեղաբնիկ ընտանիքներից: Եվ վերջին 5-10 տարիների ընթացքում երկու կառավարություններն էլ փաստացի ներողություն են խնդրել դրա համար՝ հասկանալով, որ իրենց արածը դաժանություն էր, բարոյական տեսակետից դատապարտելի մի բան, և նրանք հայտնեցին իրենց ափսոսանքն ու խոստովանեցին, որ դա տեղի է ունեցել, որ դա կատարվել է։ Գրեթե 100 տարի պահանջվեց, որպեսզի դա տեղի ունենա: Այսպիսով, դա նույնպես կարող է տեղի ունենալ, երբ լինի թուրքական կառավարություն, որը կընդունի, որ դա ցեղասպանություն է»,- շեշտեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը:

Ինչ վերաբերում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի և նմանատիպ այլ ֆորումների կարևորությանը, Ֆեռնան դը Վարենն այդ տեսակի գլոբալ ֆորումների անցկացումը հատկապես կարևոր համարեց հենց մեր օրերում, քանի որ աշխարհն այժմ բախվում է ավելի վտանգավոր երևույթների, որտեղ գոյություն ունեն ավելի դաժան հակամարտություններ, պատերազմներ և ավելի շատ իրավիճակներ, որտեղ գերիշխում է ատելությունը, ցեղասպանությունն ու դրա կոչերը։

«Մենք ունենք մի աշխարհ, որն ավելի անկայուն է դարձել, որտեղ որոշ խմբերի իրավունքները ժխտվում են, քանի որ նրանք համարվում են օտարներ, օտարերկրացիներ կամ ոչ հավատարիմ քաղաքացիներ։ Իսկ սա նշանակում է, որ մենք տեսնում ենք հատկապես էթնիկ, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններին թիրախավորելու ռեկորդային մակարդակ, որոնց զրկում են իրենց հիմնական իրավունքներից։ Եվ դա հենց իրավունքների ժխտման, ատելության խոսքի համատեքստում է, որն իսկապես պայթում է սոցիալական ցանցերում և աճող թվով դաժան հակամարտություններում, ինչն էլ մեծացնում է ցեղասպանության և այլ վայրագությունների ռիսկերը: Այլ կերպ ասած՝ աշխարհը դարձել է ավելի վտանգավոր վայր։ Իմ նշած գործոնների պատճառով ավելի հավանական է, որ լինեն ցեղասպանության կամ զանգվածային վայրագությունների դեպքեր՝ հատկապես փոքրամասնությունների նկատմամբ: Պատմության ընթացքում հիմնական թիրախը սովորաբար եղել են փոքրամասնությունները, հայերն՝ Օսմանյան կայսրությունում, հրեական փոքրամասնությունը՝ Հոլոքոստի ժամանակ նացիստական ​​Գերմանիայում և այլն»,-իր խոսքում նշեց Ֆեռնան դը Վարենը՝ ընդգծելով, որ ցեղասպանությանն առնչվող հարցերը ժամանակակից աշխարհում, գուցե, նույնիսկ ավելի կարևոր են, քան 50 տարի առաջ:

Գնահատելով ցեղասպանությունների կանխարգելման գործում երկրների միջև համագործակցության կարևորությունը՝ Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցողը կարծիք հայտնեց, որ այդ գործում Հայաստանը պետք է առաջնորդություն ստանձնի։

«Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը, օրինակ, պետք է վերցնի իր պատմության փորձը և առաջնորդություն ստանձնի այլ երկրների հետ՝ փորձելով բարելավել իրավիճակը»,- շեշտեց Ֆեռնան դը Վարենը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը գոյություն ունի, որպեսզի զբաղվի պետությունների շահերով և պարտավորություններով, և այն մարդկանց կազմակերպություն չէ, իսկ մարդիկ մոռանում են դրա մասին։

«Ինչ-որ առումով Միավորված ազգերի կազմակերպությունը լավ պատրաստված չէ՝ զբաղվելու այնպիսի իրավիճակներով, երբ, օրինակ, երկրի ներսում փոքրամասնության դեմ ցեղասպանություն է իրականացվում: Բայց, միգուցե, ժամանակը փոխվել է։ Նկատի ունեմ, որ Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է գրեթե 100 տարի առաջ: Կարծում եմ՝ մենք պետք է բարեփոխենք այն, որպեսզի այն ավելի հարմարված լինի այսօր առկա մարտահրավերներին»,- նշեց Ֆեռնան դը Վարենը։

Նրա խոսքով՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Միավորված ազգերի կազմակերպության ստեղծման ժամանակ պատերազմների մեծ մասն ընթացել է պետությունների, երկրների միջև, իսկ այսօր այդպես չէ:

«Այսօր պատերազմների մեծ մասը տեղի է ունենում երկրների ներսում: Դրանք կենցաղային հակամարտություններ են, որոնք սովորաբար ներառում են փոքրամասնություններին, և այդ է պատճառը, որ կարող ենք ավելի շատ ցեղասպանություններ ունենալ: Բայց ՄԱԿ-ն իսկապես օժտված չէ դրանով զբաղվելու անհրաժեշտ գործիքակազմով: Հայաստանի նման երկրները և այլ համախոհ երկրները, կարծում եմ, պետք է գիտակցեն, որ բարեփոխումներ անելու կարիք կա, որպեսզի ՄԱԿ-ը համապատասխանի նպատակին»,-նշեց զրուցակիցը՝ հավելելով, որ ներկա ժամանակներում ցեղասպանության ավելի մեծ ռիսկեր կան, քանի որ ատելության խոսքն ու քարոզչությունը սոցիալական ցանցերի միջոցով կարող են մի քանի վայրկյանում հասնել միլիոնավոր մարդկանց:

Նրա բնորոշմամբ՝ ՄԱԿ-ն իսկապես բավականին դանդաղ է արձագանքում այս փոփոխվող միջավայրին, և հենց այստեղ է պետք, որ Հայաստանի և մյուսների նման երկրները ճանաչեն այս խնդիրները, այս իրավիճակները, որոնք պետք է փոխվեն և սկսեն միասին աշխատել՝ ՄԱԿ-ը բարեփոխելու ուղղությամբ, որպեսզի այն հարմարվի նոր մարտահրավերներին:

«Կարծում եմ, որ կան շատ երկրներ, որոնք գիտակցում են, որ դա այսօր խնդիր է։ Եվ Հայաստանը, թեև փոքր երկիր է, սակայն պետք է օգտագործի իր փորձը և նախաձեռնողականություն ցուցաբերի՝ փորձելով աշխատել և բացահայտել մի խմբի, որը կաշխատի այդ քայլերի ուղղությամբ»,- եզրափակեց Ազգային փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի նախկին հատուկ զեկուցող Ֆեռնան դը Վարենը։

Add new comment