Աշխարհը լռում է Ադրբեջանում լայնածավալ ռեպրեսիաների առկայության մասին. Ալի Քերիմլի
Ադրբեջանից մենք հետևում էինք ԱՄՆ-ի և ԵՄ-ի ղեկավարների վճռական պատասխանները։ Պատժամիջոցներ են կիրառվում իշխող «Վրացական երազանք» կուսակցության պաշտոնյաների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջնորդները խստորեն դատապարտում են ոստիկանության բռնությունը, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները և ընտրակեղծիքները: Մինդեռ Ադրբեջանում իրավիճակը շատ ավելի վատ է։ Դրա մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին։
«Ընտրությունները մշտապես կեղծվում են, արդեն հինգ տարուց ավելի արգելված են խաղաղ հավաքները, իսկ ընդդիմությունն անդադար ճնշումների է ենթարկվում:
Իմ կուսակցության գրեթե 50 ակտիվիստ բանտարկվել է քաղաքական դրդապատճառներով, նրանցից 12-ը դեռ ճաղերի հետևում են։
Քաղաքացիական հասարակության առաջնորդները և անկախ լրատվամիջոցները ենթարկվում են դաժան բռնաճնշումների. բանտարկվել է 30 լրագրող, անկախ թերթերը փակվել են, արգելափակվել է ավելի քան 30 անուն կայք, իսկ ազատ հեռուստատեսությունն ու ռադիոն անհետացել են։ Խոշտանգումները համատարած են: Բոլոր ինստիտուտները՝ խորհրդարանը, դատական համակարգը, լրատվամիջոցները և տնտեսությունը, խստորեն վերահսկվում են Իլհամ Ալիևի կողմից։
Դեռ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում 320 քաղբանտարկյալ կար։ Թիվն արդեն հասել է 330-ի՝ Meydan TV-ի` վերջին անկախ լրատվամիջոցներից մեկի, վեց լրագրողների և քաղաքացիական հասարակության մի քանի ակտիվիստների ձերբակալությունից հետո: Սակայն մենք չենք տեսել նույն մակարդակի մտահոգությունը կամ սկզբունքային հայտարարությունները ԱՄՆ-ի և ԵՄ պաշտոնյաների կողմից Ադրբեջանում բռնաճնշումների առնչությամբ, ինչպես որ տեսանք Վրաստանի վերաբերյալ:
Մենք հասկանում ենք, որ Վրաստանը շատ ավելի մեծ ժողովրդավարական առաջընթաց է գրանցել և որպես ԵՄ թեկնածու և ԱՄՆ գործընկեր լրացուցիչ պարտականություններ է ստանձնել։ Գիտենք, որ վրաց ժողովուրդն այս պահին փողոցում է, մինչդեռ Ադրբեջանում մեզ բռնի կերպով պահում են տանը կամ բանտ են գցում։ Բայց մենք հիշում ենք այն ժամանակները, երբ Ադրբեջանում ավտորիտարիզմը պակաս դաժան էր, և մենք նույնպես կարող էինք փողոց դուրս գալ: Այսօրվա ապօրինությունները Իլհամ Ալիևի օրոք 21 տարվա համակարգված ռեպրեսիաների արդյունք են։ Եթե Վրաստանի ժողովուրդը չստանա ուժեղ միջազգային աջակցություն, նրանց կառավարությունը կարող է սաստկացնել ձերբակալությունները և բռնությունները՝ ցուցարարներին դուրս մղելով փողոցներից, ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ մեզ հետ վարվեց Ադրբեջանի կառավարությունը: Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանը նման ճակատագրից կխուսափի։ Ես չեմ ուզում, որ վրաց ժողովուրդը ավտորիտարիզմի օրոք կրի նույն տառապանքը, ինչը մենք կրեցինք Ադրբեջանում։ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը գրել է. «Ես տեսնում եմ, ինչպես են Վրաստանում ճնշումների մասին բարձրաձայնողներից շատերը միանում պահանջին, որ Ադրբեջանի ռեժիմն ազատ արձակի անօրինական ձերբակալվածներին»:
Կոզլարիչը միանգամայն իրավացի է. Ադրբեջանում բռնաճնշումներն անցել են ցանկացած ընդունելի սահման։ Ադրբեջանի իշխանությունն այլևս չի թիրախավորում միայն ընդդիմությանը, քաղաքացիական հասարակությանը և անկախ լրատվամիջոցներին, այն համակարգված կերպով ոչնչացնում է բոլոր ժողովրդավարական ինստիտուտները: Ինչպես Կոզլարիչը, մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես է աշխարհն արձագանքում կամ լռում Ադրբեջանում համատարած բռնաճնշումների կապակցությամբ: Լռությունը ելք չէ: Մենք ձեզ վճռական գործողությունների դիմելու կոչ ենք անում»,- գրել է Քերիմլին։
Add new comment