«ՌԴ-ի հետ հակամարտությունում Ուկրաինային աջակցելը բխում է դաշինքի սեփական անվտանգության շահերից». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«ՌԴ-ի հետ հակամարտությունում Ուկրաինային աջակցելը բխում է դաշինքի սեփական անվտանգության շահերից». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

«Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինային աջակցելը բխում է դաշինքի սեփական անվտանգության շահերից»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիայում SAMAK գագաթնաժողովում (Սկանդինավյան աշխատավորական շարժման համագործակցության կոմիտե, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների և սկանդինավյան երկրներում աշխատողների խորհուրդների դաշինք) ունեցած ելույթում։

Ստոլտենբերգի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական բախման ավարտը չի բարելավի Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունները, այս հարցում «հետդարձ չկա»։

«Մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմի ավարտը չի հանգեցնի Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների»,- նշել է նա։

Գլխավոր քարտուղարը նաև կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին ավելացնել պաշտպանական ծախսերը, քանի որ «դա պահանջվում է ավելի ու ավելի վտանգավոր աշխարհում անվտանգությունն ապահովելու համար»: Ուկրաինայում հակամարտության սրումը, նրա խոսքով, ՆԱՏՕ-ի համար ավելի մեծ ռիսկ չէ, քան Ռուսաստանի Դաշնության հաղթանակը. «Ես մտահոգություններ եմ լսում, որ Ուկրաինային մեր աջակցությունը մեծացնում է էսկալացիայի վտանգը։ Բայց հիմա առանց ռիսկի տարբերակներ չկան: Թող ոչ ոք չկասկածի. ամենամեծ ռիսկը կլինի, եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում»։

Add new comment