Submitted by detq-editor on
«ԵՄ առաքելության տեղակայումը բխում է ՀՀ շահերից, ցանկություն չկա երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ». Խանդանյան

«ԵՄ առաքելության տեղակայումը բխում է ՀՀ շահերից, ցանկություն չկա երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ». Խանդանյան

«Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում Եվրամիության քաղաքացիական առաքելության տեղակայումը բխում է Հայաստանի շահերից, Հայաստանը որևէ ցանկություն չունի երկիրը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ»,- ասուլիսին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, լեգիտմիության տեսանկյունից կասկածելի է:

Անդրադառնալով ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստանում տեղակայելուն՝ պատգամավորն ասել է, որ դա բխել է Հայաստանի կարիքներից. 2021-ին և 2022-ին 3 անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքը ենթարկվել է ադրբեջանական հարձակման. «Եվ մենք, գնահատելով ԵՄ առաջին առաքելության երկամսյա գործունեությունը, եզրահանգել ենք, որ այն ունի որոշակի կայունացնող դերակատարում: Եվ դրա երկարաժամկետ տեղակայումը ՀՀ սահմանի երկայնքով կարող է որոշակիորեն նպաստել խաղաղության մթնոլորտի ձևավորմանը և անվտանգության համար լրացուցիչ երաշխիք լինել»:

Նա նշել է՝ չի ցանկանում շատ գերագնահատել հնարավորությունները, քանի որ դա քաղաքացիական առաքելություն է, սակայն տեսանելի է, որ առաքելությունը որոշակի կայունացնող դերակատարում ունի, դրա տեղակայումը բխում է Հայաստանի կարիքներից:

«Հայաստանը որևէ ցանկություն չունի մտնելու և Հայաստանը դարձնելու աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ: Եվ այս ամենը հայտնի է մեր բոլոր գործընկերներին: Եվ մենք տարբեր խողովակներով մեր բոլոր գործընկերներին հայտնում ենք մեր այլ գործընկերների հետ հարաբերությունների և դրանց բնույթի մասին»,- ասել է Խանդանյանը՝ անդրադառնալով Լավրովի հայտարարությունների վերաբերյալ դիտարկմանը:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը փետրվարի 20-ից Հայաստանում սկսել է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում: Նշվում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահություն և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն: Ընդհանուր առմամբ, ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտավորապես 100 մարդ, այդ թվում՝ շուրջ 50 անզեն դիտորդ:

Add new comment