Կիևը չի պատրաստվում «հանձնվել» և «սառեցնել» ռազմական գործողությունները հանուն բանակցությունների. Զելենսկի
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է արագ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, սակայն Կիևը չի պատրաստվում «հանձնվել» և «սառեցնել» ռազմական գործողությունները հանուն բանակցությունների, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Թրամփը գիտի իմ ցանկության մասին՝ չշտապել ոչ մի տեղ՝ ի վնաս Ուկրաինայի։ Երկիրը երկար ժամանակ պայքարում է իր ինքնիշխանության համար։ Անկախ նրանից, թե քանի նախագահ կամ վարչապետ ցանկանում է հայտարարել պատերազմի ավարտը, մենք չենք պատրաստվում պարզապես հանձնվել և հրաժարվել մեր անկախությունից»,- ասել է Զելենսկին Le Parisien-ի ընթերցողների հետ զրույցում։ Նրա խոսքով՝ պատերազմի «սառեցման» և Ռուսաստանի հետ արագ պայմանավորվածությունների վտանգ կա։
Զելենսկին նաև նշել է, որ Թրամփին դեռ հասանելի չեն պատերազմի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, մասնավորապես՝ Պենտագոնի և դիվանագիտական որոշ ուղիներով ստացվող հետախուզական տվյալները։ «Երբ նա այնտեղ լինի, մենք կկարողանանք խոսել նույն լեզվով, նույն մակարդակի տեղեկատվության հետ»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին միաժամանակ հույս է հայտնել, որ փոփոխությունները, որոնք տեղի կունենան ԱՄՆ-ում Թրամփի իշխանության գալով, կլինեն հօգուտ Ուկրաինայի։ «Մենք հարաբերություններ ենք կառուցելու նոր վարչակազմի հետ, դա կլինի մեր առաջնահերթությունը։ Միացյալ Նահանգները եղել և մնում է մեր առաջատար դոնորն այս պատերազմում»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
Add new comment