Ընթացիկ ժամանակահատվածը բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետո վերլուծական հիմնական քննարկումներն այն հարցի շուրջ են, թե ո՞րն է լինելու հարձակման կամ ներքին փլուզումների հաջորդ կանգառը:
Եթե հաշվի առնենք, որ հիմնական մեխը կապված է Իրանի և տարբեր երկրներում գործող պրոիրանական ուժերի հետ, ապա մի կողմից լարվածության մեծ հավանականություն է առկա Իրաքի ու Եմենի ուղղությամբ:
Մյուս կողմից` մեզ ուղիղ վերաբերող մասով, անչափ վտանգավոր է այն հանգամանքը, որ Իրանի դեմ նոր ճնշումների համատեքստում, փորձվելու է մի կողմից նրա դեմ հնարավոր հարվածների առավել լայն պլազդարմ ձևավորել, մյուս կողմից, վերջինիս շուրջ անկայունության միջավայր ձևավորել, ինչը պետք է իրականացվի հարևան պետությունների տարածքում կամ միջոցով:
Ինչպես Սիրիայում և այլ երկրների դեպքում եղավ, նման իրադրության ձևավորման դեպքում կարող է որոշակի կոնսեսուս ձևավորվել և ճնշումների ծանր չափաբաժիններ ստանան նաև Իրանի հարևան երկրները:
Հարավային Կովկասն այս օպերացիայի վտանգավոր ուղղություններից է, իսկ Հայաստանն առհասարակ փոթորիկների շրջափուլից որևէ ձևով դուրս չի գալիս:
Ընթացիկ ժամանակահատվածն իր մեջ բազմաթիվ սպառնալիքներ է պարունակում ինչպես Հայաստանի դեմ հնարավոր սադրանքների, այնպես էլ` ՀՀ իշխանության թուլամորթության և կախվածության պայմաններում, վտանգավոր պրոցեսներում ներքաշվելու առումով»:
Add new comment