Ադրբեջանը «Իսլամական ութնյակի» անդամ է դարձել
Ադրբեջանը դարձել է «Իսլամական ութնյակի» (D-8) անդամ, որը Եգիպտոսից բացի ներառում է Բանգլադեշը, Ինդոնեզիան, Իրանը, Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան և Նիգերիան։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այդ մասին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հայտարարել է միավորման գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, որը տեղի է ունենում Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքում։
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհավորել Ադրբեջանին D-8 կազմակերպությանն անդամակցելու կապակցությամբ։ Այս քայլը, անկասկած, կհարստացնի այսօրվա քննարկումները և նոր էջ կբացի մեր երկրների հարաբերություններում»,- ասել է Ալ-Սիսին։
Եգիպտոսի նախագահի ելույթը հեռարձակել է նրա գրասենյակը, հաղորդում են լրատվամիջոցները։
«Իսլամական ութնյակ»-ը ստեղծվել է 1997 թվականին Ստամբուլում՝ Թուրքիայի վարչապետ (1996-1997 թվականներին) Նեջմեթթին Էրբաքանի նախաձեռնությամբ։ Եգիպտոսում գագաթնաժողովը 11-րդն է կազմակերպության պատմության մեջ և անցկացվում է «Ներդրումներ երիտասարդության մեջ և աջակցում փոքր և միջին բիզնեսին. ձևավորելով ապագայի տնտեսությունը» կարգախոսի ներքո։ Բացի անդամ երկրների ղեկավարներից, դրան մասնակցել են Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին և Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Ղեյթը։
Add new comment