Արաբա-իսրայելական 1973 թ. պատերազմը

Արաբա-իսրայելական 1973 թ. պատերազմը

Հեղինակ
Մեսրոպ Պողոսյան
Արաբա-իսրայելական 1973 թ. պատերազմը

Սիրիայի նոր ղեկավարությունն անհրաժեշտ նախադրյալներ ստեղծեց առաջադիմական բնույթի սոցիալ-տնտեսական և քաղաքական վերափոխումների հետագա խորացման ու երկրի ընդհանուր առաջընթացի համար: Սակայն դրան ծանր հարված հասցրեց 1973 թ. հոկտեմբերի 6-ին սկսված արաբա-իսրայելական 3-րդ պատերազմը, որը ծավալվեց 2 ճակատում՝ եգիպտա-իսրայելական և սիրիա- իսրայելական: Պատերազմական գործողությունները սկսեցին Եգիպտոսը և Սիրիան, ինչն անակնկալ էր Իսրայելի համար: Սկզբնական շրջանում Եգիպտոսը և Սիրիան հասան զգալի հաջողությունների, եգիպտական զորքերը կարողացան ճեղքել իսրայելական՝ այսպես կոչված «Բարլևի պաշտպանական գիծը» և անցան Սուեզի ջրանցքը: Սիրիայի համար պատերազմական գործողությունները սկզբնական փուլում նույնպես դասավորվեցին բարենպաստ: Սիրիական զորքերն առաջ շարժվեցին Գոլանի բարձունքների ուղղությամբ, գրավեցին Հերմոն սարը, ապա նաև Կունեյտրան: Սակայն Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի սխալ դիրքորոշման, այսպես կոչված «սահմանափակ պատերազմ» մղելու քաղաքականության, ինչպես նաև իր գործողությունները Սիրիայի հետ չհամաձայնեցնելու հետևանքով հարձակումը հետագա զարգացում չունեցավ և սպասվելիք արդյունքները չտվեց: Իսրայելը կարողացավ սիրիական ճակատում կենտրոնացնել զգալի քանակությամբ ուժեր և գրավել նոր տարածքներ:

Սիրիական զորքերը, որոնց օգնության էին եկել նաև Իրաքից, Հորդանանից, Քուվեյթից և Մարոկկոյից զորամիավորումներ, հերոսական դիմադրություն էին ցույց տալիս իսրայելական զորքերին: Պատերազմի ընթացքում իսրայելական ինքնաթիռները ռմբակոծեցին սիրիական քաղաքներն ու գյուղերը, որի հետևանքով խիստ տուժեց սիրիական տնտեսությունը, մասնավորապես նավթային և էներգետիկ արդյունաբերության ձեռնարկությունները: Բայց դա չկոտրեց սիրիացիների դիմադրական ոգին և չշեղեց երկիրն իր նախընտրած ուղուց: Պատերազմում Սիրիայի կորուստները կազմեցին 3500 սպանված և 9000 վիրավոր: Սիրիան կորցրեց 160 ինքնաթիռ և 1800 տանկ Եգիպտոսի հետ միասին: 1974 թ. մայիսի 31-ին  Մերձավոր Արևելքին նվիրված խաղաղության համաժողովում, որն ընթանում էր Ժնևում, համաձայնություն ձեռք բերվեց սիրիական և իսրայելական զորքերի տարանջատման մասին, և Իսրայելն իր զորքերը դուրս բերեց 1973 թ. պատերազմի ընթացքում գրաված սիրիական բոլոր տարածքներից և 1967 թ. օկուպացրած Գոլանի բարձունքների մի մասից՝ ընդամենը 663 քառ. կմ: Նա Սիրիային վերադարձրեց նաև Կունեյտրան, որն ավերակների էր վերածվել: Այդ պատճառով 1973 թ. հոկտեմբերյան պատերազմը Սիրիայում համարում են իրենց համար հաղթական պատերազմ:

Պատերազմի ավարտից հետո Սիրիան ձեռնամուխ եղավ իրեն հասցրած վերքերի բուժմանը: Այդ գործում Սիրիային օգնության ձեռք մեկնեցին արաբական երկրները, որոնք նրան տրամադրեցին ֆինանսական և նյութական մեծ օգնություն, Խորհրդային միությունը և սոցիալիստական մյուս երկրները, որոնց տեխնիկատնտեսական աջակցությամբ վերականգնվեցին ագրեսիայի հետևանքով ավերված գործարաններն ու ձեռնարկությունները: Շահագործման հանձնվեց Խորհրդային միության օժանդակությամբ կառուցվող Եփրատի հիդրոէներգետիկ հանգույցի առաջին հերթը, իսկ հանգույցի կառուցումն ամբողջությամբ ավարտվեց 1978 թ.: 1975 թ. գործարկվեցին Ղամիշլի-Լաթաքիա, իսկ հետագայում նաև Հոմս- Դամասկոս, Դամասկոս-Դերաա և Հոմս-Թարթուս երկաթուղագծերը: Ընդունվեցին մի շարք կարևոր օրենքներ և որոշումներ, մասնավորապես ավելացվեց բնակչության ունևոր խավերից գանձվող եկամտահարկը, արգելվեց հողերի վերավաճառքը, գրեթե կրկնակի բարձրացվեցին պետական սեկտորի բանվորների և ծառայողների աշխատավարձն ու կենսաթոշակը, մեծացվեցին հատկացումները սոցիալական ոլորտի, կրթության և առողջության զարգացման համար, օրենքներ ընդունվեցին կանանց և երեխաների իրավունքի պաշտպանության վերաբերյալ և այլն:

Միաժամանակ ակտիվացավ Սիրիայի դերը միջարաբական մարզում: Ամրապնդվեց համագործակցությունը Սիրիայի և Պաղեստինի ազատագրության կազմակերպության՝ ՊԱԿ-ի միջև, որին Սիրիան ճանաչեց Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ: 1976 թ. հունիսին, երբ կրկին բորբոքվել էր քաղաքացիական պատերազմը Լիբանանում, սիրիական զորքերը մտան Լիբանան՝ հետագայում դառնալով միջարաբական խաղաղապահ ուժերի կորիզը: Հաֆեզ Ասադն իր միջամտությունը Լիբանանի քաղաքացիական պատերազմին բացատրում էր 2 հանգամանքով: Առաջին՝ նա կարծում էր, որ Սիրիայի և Լիբանանի միջև գոյություն ունեն հատուկ հարաբերություններ, և երկրորդ՝ Լիբանանի թեքվելը ԱՄՆ-ի և Իսրայելի կողմը արտակարգ վտանգ էր ներկայացնում Սիրիայի անվտանգության համար:

Սիրիական զորքերի ներկայությունը թեև որոշ չափով թուլացրեց պայքարի սրությունը, սակայն Սիրիայի համար ստեղծեց նոր բարդություններ միջազգային և արաբական մակարդակներում: 1970-ական թվականների կեսերից արաբական որոշ շրջաններում ուժեղացան մերձավորարևելյան հակամարտությունը սեպարատիզմի՝ անջատողական հիմքի վրա կարգավորելու միտումները: Դրա ջատագովը և ակտիվ իրականացնողը եղավ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը, որը 1977 թ. նոյեմբերին այցելեց Երուսաղեմ և հանդես եկավ իսրայելական Կնեսետում:

Սիրիան արաբական մի շարք երկրների հետ միասին խստորեն դատապարտեց Անվար Սադաթի կապիտուլյացիոն քաղաքականությունը: Սիրիական ղեկավարությունը հանդես էր գալիս մերձավորարևելյան հակամարտության՝ համակողմանի, միասնական ուժերով և համաձայնեցված գործողություններով կարգավորելու օգտին և կարծում, որ հարցի մասնակի լուծումը հակասում է արաբների ազգային շահերին և ծառայում Իսրայելի ու նրա պաշտպան ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը: Անվար Սադաթը պարտքի տակ չմնաց և իր հերթին խիստ քննադատեց Դամասկոսում հաստատված Ասադի վարչակարգը, կասկածի տակ առավ նրա սիրիական լինելը՝ նշելով, որ այդ վարչակարգն առաջին հերթին ալաուիական է, երկրորդ հերթի՝ բաասական, և միայն երրորդ հերթին՝ սիրիական: Անվար Սադաթը 1977 թ. դեկտեմբերին խզեց դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի, Ալժիրի, Լիբիայի և Իրաքի հետ: Այս երկրները և ՊԱԿ-ը որոշեցին ստեղծել Կայունության և դիմակայության ճակատ, որը կոչված էր կազմակերպելու համաարաբական դիմադրություն ընդդեմ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ եգիպտական ղեկավարի սեպարատիստական ու կապիտուլյացիոն գործարքների:

Սադաթը, անտեսելով արաբների ազգային շահերը, 1978 թ. սեպտեմբերին Քեմփ Դևիդում՝ ԱՄՆ նախագահական ամառային հանգստավայրում, կնքեց Մերձավոր Արևելքում խաղաղության շրջանակի համաձայնագիր, իսկ 1979 թ. մարտին՝ հաշտության պայմանագիր Իսրայելի հետ: Սիրիան այդ քայլերը գնահատեց որպես դավաճանություն և դարձավ արաբական աշխարհի այն կենտրոններից մեկը, որը հետևողականորեն ձգտում էր չեզոքացնել Սադաթի կապիտուլյացիոն քաղաքականության վնասակար հետևանքներն արաբական երկրների համար: Նա Եգիպտոսին Արաբական պետությունների լիգայից վտարելու և այդ կազմակերպության կենտրոնատեղին Կահիրեից Թունիս տեղափոխելու, ինչպես նաև Եգիպտոսի նկատմամբ այլ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականության ոգեշնչողներից մեկն էր:

Add new comment

From the author