ալիև

Ալիևի վերջին պահանջների ցանկը ՀՀ-ի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է. Հայաստանը նման զարգացումներին հակազդելու որևէ նշան ցույց չի տալիս. Հովհաննիսյան

Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք նայել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական քննության՝ նրանց մեղադրելով պատերազմական և տնտեսական հանցագործությունների և այլնի մեջ։

Դրան հաջորդեց Ադրբեջանի դատախազության կոչը ՀՀ իրավապահ մարմիններին՝ համագործակցել Ադրբեջանի դեմ հանցագործություններ կատարած այն անձանց և վկաներին հայտնաբերելու գործում, որոնք գտնվում են Հայաստանի տարածքում։

Ալիևն իր քաղաքական պահանջների ու «իրավական- դատավարական» պրոցեսների միջոցով Հայաստանի վրա նախապատրաստում է ահռելի ճնշումներ։ Դրանք լինելու են լավ փաթեթավորված ու արտաքին աշխարհի համար հնարավորինս ընկալելի։ Իսկ Բաքվի դատերն ունեն ահռելի պոտենցիալ՝ ազդելու հայաստանյան միջավայրի ու տրամադրությունների վրա։

Մենք սրան պատրաստ չենք։ Նման զարգացումներին հակազդելու որևէ նշան ցույց չի տալիս Հայաստանի քաղաքական և պետական միտքը։

2025-ին Ադրբեջանական ահռելի ճնշումներին մենք հակադարձում ենք մեր էլիտար պրիմիտիվիզմով, զարգացումները ճիշտ չընկալելու մեր հայտնի կարողութամբ ու ստրատեգիական մտածողության դեֆիցիտով։ Իսկ ժամանակը գնում է։

Չեմ ուզում խտացնել գույները, բայց Ալիևն ամենայն հավանականությամբխնդիր է դրել՝ Հայաստանում առաջացնել քաոս։ Այդ ուղղությամբ արդեն լուրջ նախապատրաստական աշխատանք է արվել։ Նրանք ոչ մի պատահական բան չեն անում՝ ընդհուպ մինչև նոր պահանջների ցանկը ռուսական լրատվամիջոցով հնչեցնելը։

Ներհայաստանյան քաոսը, հանրային քաոտիկ տրամադրություններն ուղղակի բացելու են մեր երկրի դռները թշնամու անհավանական սցենարների առաջ։ Հիշեք, որ Հալեպն ու Դամասկոսն էլ էին անկումից օրեր առաջ արտաքուստ խաղաղ, ռեստորանալեցուն քաղաքներ։

Ալիևն արդեն շատ լավ գիտի, որ հայ հասարակությանը կարելի է «տուշոնկաների» մոնտաժված կադրեր հրամցնել և զանգվածային խելագարության հասցնել։ Նույնն անելու է ավելի մեծ մասշտաբներով՝ այս դատերի միջոցով։ Բաքվում սկսվող դատերով նա փորձելու է Հայաստանում բարոյալքման և զանգվածային փսիխոզի տրամադրություններ ստանալ։

Իսկ մենք չունենք որևէ մշակված ստրատեգիա, թե ինչպե´ս ենք արձագանքելու այդ դատավարությանը, ինչպե´ս ենք մեր հասարակությանը պատրաստելու դրան։ Մենք հասկանո՞ւմ ենք, թե ի´նչ շոկ է ապրելու առանց այն էլ կոտրված մեր հասարակությունը։ Մենք կաբինետներում փսփսում ենք, թե մեզ ինչե´ր կարող են մատուցել՝ բարոյալքելու համար առանց այդ էլ պարտված ու քանդված մեր հանրային համակարգը։ Պետք է ճիշտ մարտավարություն և երկար աշխատելու մեխանիզմներ։ Պետք է կայացվեն սառը որոշումներ։

Ադրբեջանն այս ամենը զուգակցելու է Հայաստանի տարածքում գտնվող «հանցակիցների» հանձնման պահանջով։ Թվարկե՞լ ցանկը, թե՞ կհասկանաք։ Իսկ մենք գիտենք, թե ինչ ռեակցիա կարող է տալ հայ հասարակությունը, իշխանությունը։

Պատկերացրեք Մանվելի Գրիգորյանի տուշոնկայի բեմադրությունը՝ տասնապատիկ ավելի էմոցիոնալ ֆոնով։ Իսկ վերջում Ալիևը դնելու է հստակ պետական պահանջներ ու սպառնալիքներ։

Ինչպե՞ս ենք դիմակայելու. հարցազրույցներով, ԱԺ հարց ու պատասխանով, ֆեյսբուքյան պոստերո՞վ։

Ալիևը գնում է Հայաստանի վրա տոտալ ճնշման ճանապարհով։

2025-ը պահանջելու է հանրային կյանքում էական փոփոխություներ, նոր ասելիքով։ Իրավիճակն է դրան տանելու։ Այս ամենի մասին պետք է շատ լուրջ խոսել՝ միտինգներից դուրս, փակ միջավայրերում, քննարկելով բոլոր քայլերը»,- գրել է նա:

Add new comment