Ներսիսյան

Ադրբեջանի վրա արտաքին ճնշում նույնպես չի լինի, քանի դեռ արտաքին դերակատարների համար չկան անհրաժեշտ շարժառիթներ ու կոնկրետ նպատակներ. Գուրգեն Ներսիսյան. «Ժողովուրդ»

ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախկին գլխավոր դատախազ, այժմ որպես փաստաբան Գուրգեն Ներսիսյանի հետ։

– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են անընդհատ խստացվում Բաքվում պահվող՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության մեղադրանքները: Ըստ հրապարակված վերջին տեղեկությունների, օրինակ Ռուբեն Վարդանյանին սպառնում է ցմահ ազատազրկում:

– Գիտե՞ք, իրականում առաջնայինը պատժաչափը չէ, այս գործընթացում Ադրբեջանի համար էական է մեղադրանքի փաստական կողմը, այսինքն այն արարքները, որոնց կատարման մեջ մեղադրվում են նախկին նախագահները, Ռուբեն Վարդանյանը և մյուսները, հետո կարևոր է դրանց քրեաիրավական գնահատականը:

Մեղադրանքները անընդհատ փոփոխվում են, որովհետև նպատակը նույնն է՝ արցախյան շարժումը իրավական առումով ներկայացնել որպես «զարհուրելի» հանցագործությունների մի ամբողջություն, Ադրբեջանի համար կարևոր է, թե ինչ արարքների կատարման մեջ է դատարանը մեղավոր ճանաչելու այդ մարդկանց, որովհետև այս ամենն արվում է ոչ միայն ներքին, այլև ու առավելապես արտաքին լսարանի համար:

Իսկ արտաքին լսարանը որպես կանոն ստանում ու ընկալում է այն տեղեկությունը, որը նրան հրամցնում են, առանց դատի ու դատաստանի որակն ու մեղադրանքի ապացուցվածությունը գնահատելու: Ինչ վերաբերում է պատժատեսակներին ու պատժաչափերին, ապա դրանք նշանակություն են ունենալու արդեն հետագայում, պատժի չափը ցույց է տալու այդ հարցի կշիռն ու արժեքը, եթե որևէ մեկը կամ թեկուզ միջազգային հանրությունը փորձի նրանցից որևէ մեկի համար միջնորդական առաքելությամբ հանդես գալ:

– Ի՞նչ եք կարծում, ինչ պետք է ակնկալել միջազգային հանրությունից՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձն ապահովելու համար:

– Մենք գուցե շատ բան ենք ակնկալում, բայց դրանից իրականությունը ոչ մի կերպ չի փոխվելու: «Միջազգային հանրություն» կոչվածը այստեղ մի քիչ բարձրագոչ է հնչում, իրականում այսպիսի իրավիճակներում կարող են դերակատարություն ունենալ միայն այն երկրները, որոնք ինչ-որ կերպ ներգրավվածություն կամ հետաքրքրվածություն ունեն: Իսկ այս փուլում ես չեմ տեսնում որևէ երկրի ակտիվ ներգրավվածությունը և հետաքրքրվածությունը:

Թեև շատ է խոսվում այս հարցում Հայաստանի պասիվության կամ տեսանելի քայլերի բացակայության մասին, այդուհանդերձ ես կարծում եմ, որ իրականում արտաքին միջամտողները ևս ուղղակի անկարող են լուծել այդ հարցը, ինչը քողարկելու համար հաճախ սկսում են ուրիշ տեղ մեղավորներ փնտրել: Այդ հարցը կարող է լուծվել միայն այն դեպքում և այն դերակատարի կողմից, ով պատրաստ կլինի ստանձնել այդ «գործարքի» կողմ լինելու և հակառակ կողմից առաջարկվող «պարտավորությունը» կրելու պատասխանատվությունը: Կարծում եմ, որ մենք արդեն բավականաչափ փորձ ու գիտակցություն ունենք հասկանալու համար, որ Ադրբեջանի վրա արտաքին ճնշում նույնպես չի լինի, քանի դեռ արտաքին դերակատարների համար չկան անհրաժեշտ շարժառիթներ ու կոնկրետ նպատակներ:

Add new comment