ԱՄՆ պատվիրակությունն Ասադի տապալումից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա՝ նոր իշխանությունների հետ հանդիպման
ԱՄՆ դիվանագետները Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո առաջին անգամ ժամանել են Դամասկոս, որպեսզի բանակցություններ վարեն երկրի նոր իշխանությունների հետ և տեղեկություններ ստանան ամերիկացի լրագրող Օսթին Թայսի գտնվելու վայրի մասին։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Սիրիայի անցումային կառավարության ղեկավարների հետ բանակցությունների են մեկնել Մերձավոր Արևելքի հարցերով փոխպետքարտուղար Բարբարա Լիֆը, Սիրիայի հարցով նախկին հատուկ բանագնաց Դենիել Ռուբինշտեյնը և պատանդների շուրջ բանակցությունների գծով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի գլխավոր բանագնաց Ռոջեր Քարսթենսը։
2012 թվականին Դամասկոսում ԱՄՆ դեսպանատան փակվելուց ի վեր սա ամերիկացի դիվանագետների առաջի խումբն է, որ պաշտոնապես այցելում է Սիրիա։
«Նրանք ուղղակի շփումներ կունենան սիրիացի ժողովրդի հետ, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության անդամների, ակտիվիստների, տարբեր համայնքների անդամների և սիրիացի այլ ձայների հետ՝ լսելու իրենց երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը և այն, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել նրանց», – հայտնել է Պետքարտուղարությունը։Դիվանագետների հանդիպումների օրակարգում կլինի լրագրող Թայսի մասին տեղեկություն ստանալը։ 2012 թվականից Օսթին Թայսն անհետ կորած է Սիրիայում։
Պատվիրակության անդամները նաև կպնդեն, որ Սիրիայում գործեն ներառականության, փոքրամասնությունների պաշտպանության, ահաբեկչությունից և քիմիական զենքերից հրաժարման սկզբունքները։Պետքարտուղարությունը հայտնել է, որ Ռուբինշտեյնը, Լիֆը և Քարսթենսը կհանդիպեն իշխանափոխություն իրականացրած գլխավոր խմբավորման՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ներկայացուցիչների հետ։ Ի դեպ, խմբավորումն ԱՄՆ-ում դեռ ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Պենտագոնը դեկտեմբերի 19-ին հայտնել էր, որ նախքան Ասադի տապալումը կրկնապատկել էր իր զինվորականների թիվը Սիրիայում։
Add new comment