Իսրայելական ագրեսիան պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ. Էրդողան
Թուրքիան կշարունակի բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին՝ ստիպելով գործել օրենքին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ Իսրայելի համար օրինաչափ են դարձել միջազգային իրավունքի խախտումները:
«Նրանք Գազայում ոտնահարել են միջազգային իրավունքը, և աշխարհը լռել է։ Նրանք բռնազավթել են ինքնիշխան Լիբանանի տարածքը և արյուն թափել, և աշխարհը կրկին լռել է։ Այսօր Իսրայելի անխոհեմությունը տարածվել է Սիրիա։ Գոյություն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1967 թվականի 242 բանաձևը, որը վերաբերում է Իսրայելի կողմից Գոլանի բարձունքների օկուպացմանը։ Այս բանաձևը դատապարտում է օկուպացիան և պահանջում է տարածաշրջանից Իսրայելի հեռացումը։ Կարևոր է, որ միջազգային հանրությունը միջոցներ ձեռնարկի այդ բանաձևի մասին հիշեցնելու և իրականացնելու համար»,- լրագրողներին ասել է Էրդողանը։
Ինչպես նշել է վերջինս, արևմտյան երկրները, թեև թույլ, բայց սկսել են հանդես գալ իսրայելական օկուպացիայի դեմ։
«Վաղ թե ուշ Իսրայելը կհասկանա, որ միջազգային իրավունքն իրեն պարտավորեցնում է։ Մենք կշարունակենք բոլոր ուղղություններով նեղը գցել Իսրայելին և կստիպենք նրան գործել օրենքին համապատասխան։ Սակայն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները՝ Իսրայելին թույլ չտալու օգուտ քաղել Սիրիայում ստեղծված իրավիճակից։ Եվ այստեղ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, պարզապես պարտավոր են կանգնեցնել Իսրայելին»,- ասել է Թուրքիայի առաջնորդը։
Էրդողանն ընդգծել է, որ «իսրայելական ագրեսիան, որը մշտապես սպառնում է մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, պետք է դադարեցվի, քանի դեռ շատ ուշ չէ»:
Add new comment