Իրան

Ինչպե՞ս Իրանը կորցրեց Սիրիան և ինչպե՞ս կարող է կորցնել կապը ՀՀ-ի հետ․ Foreign Affairs

Սիրիայում ապստամբության մեկնարկից տասներեք տարի անց Բաշար ալ-Ասադի արագ և կտրուկ անկումը կոտրեց կայուն, թեև ռեպրեսիվ, ստատուս քվոյի ընկալումը, գրել է Foreign Affairs-ը: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ անցած տասնամյակի մեծ մասում Ասադի վարչակարգը, որն ամրապնդվում էր Իրանի և Ռուսաստանի անսասան աջակցությամբ, դաժանորեն ճնշում էր այլախոհությունը: Այն, ինչ սկսվեց որպես ապստամբություն 2011 թվականին, վերածվեց ավերիչ քաղաքացիական պատերազմի, որն ի վերջո մտավ անհանգիստ փակուղի: Չնայած մշտական մարտահրավերներին՝ Ասադի իշխանությունն ապահով էր թվում: Այնուամենայնիվ, նրա ռեժիմը փլուզվեց ապստամբների համակարգված հարձակման մեկնարկից օրեր անց։

Ինչպես նշվել է, Սիրիայում իր դաշնակցի կորուստն Իրանին կվնասի նաև Թուրքիայի հետ իր մրցակցության մեջ: Անկարայի ուժեղ աջակցությունը սիրիացի ապստամբներին խաթարել է ուժերի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Ասադի օրոք Իրանի լայնածավալ ներկայությունը Սիրիայում թույլ էր տալիս Թեհրանին հակակշռել Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները: Բայց Ասադի տապալումից հետո Անկարան, որն այժմ սիրիական ապստամբների հովանավորն է, փոխարինել է Թեհրանին և Մոսկվային՝ որպես Սիրիայում գերիշխող արտաքին ուժ՝ ընդլայնելով Թուրքիայի ազդեցության լայնությունը՝ միաժամանակ սահմանափակելով Իրանին: Իրանում աճում են մտավախությունները, որ Թուրքիան, խիզախված Թեհրանի թուլացած դիրքերից, այժմ կարող է ձգտել մեծացնել իր ազդեցությունն Իրանի հաշվին Իրաքում, Լիբանանում և Հարավային Կովկասում: Իրաքում և Լիբանանում Թուրքիան կարող է ուժեղացնել իր աջակցությունը սուննի խմբավորումներին՝ ընդդեմ իրանամետ շիա խմբավորումների: Հարավային Կովկասում Թուրքիան կարող է ճնշում գործադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, որը ռազմավարական տարանցիկ երթուղի է և  Հայաստանի տարածքով կարող է կապել Թուրքիան Ադրբեջանին։ Այն սպառնում է կտրել Իրանի ցամաքային մուտքը դեպի Հայաստան, որը կարևոր ռազմավարական գործընկեր է Թեհրանի տարածաշրջանային դիրքն ու առևտուրը պահպանելու համար։

Ըստ հոդվածի՝ Ասադի տապալումը և Սիրիայում Իրանի դիրքերի քայքայումը նորացման հազվագյուտ հնարավորություն են, բայց նաև հսկայական մարտահրավերներ, որոնց լուծումը կպահանջի ԱՄՆ ակտիվ ներգրավվածություն:

Վաշինգտոնը պետք է միաժամանակ դրդի Իսրայելին զսպել և թուլացնել իր գործողությունները Սիրիայի հարավ-արևմուտքում: Ասադի տապալումից հետո Իսրայելն ընդլայնել է իր ներկայությունը Գոլանի բարձունքներից դուրս՝ գրավելով տարածքներ ավելի խորը Սիրիայի ներսում և արդարացնելով քայլը՝ վկայակոչելով անվտանգության նկատառումները: Սակայն իսրայելական ցանկացած երկարատև օկուպացիա վտանգում է սիրիացիներին օտարել և Իրանին պատրվակ տալ Սիրիայում իր հակաիսրայելական օրակարգը վերագործարկելու համար:

Միացյալ Նահանգները պետք է նաև համագործակցեն Մերձավոր Արևելքում և Եվրոպայում դաշնակիցների հետ՝ նպաստելու սիրիական բոլոր խմբակցությունների միջև ներառական քաղաքական երկխոսությանը: Ասադի հեռանալուց հետո առաջացած իշխանության վակուումը սպառնում է ուժեղացնել մրցակցությունը տարբեր խմբակցությունների և երկրի բազմաթիվ էթնիկ և կրոնական փոքրամասնությունների միջև: Համապարփակ երկխոսությանն աջակցելը կօգնի ստեղծել ներկայացուցչական կառավարություն, որը կպահպանի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և կպաշտպանի փոքրամասնությունների իրավունքները՝ միաժամանակ նվազեցնելով Իրանի կամ այլ արտաքին դերակատարների կողմից փոքրամասնությունների խմբերի նկատմամբ ազդեցություն ձեռք բերելու հավանականությունը:

Այդուհանդերձ, Սիրիայում անվտանգության ապահովման համար նույնքան կարևոր նշանակություն կունենան Իրանում հետագա ապակայունացումը կանխելու դիվանագիտական ջանքերը: ԱՄՆ-ն, ըստ էության, պետք է առաջարկի Իրանին նստել Սիրիայի ապագայի վերաբերյալ տարածաշրջանային բանակցությունների սեղանի շուրջ՝ անդրադառնալով Թեհրանի անվտանգության մտահոգություններին, միաժամանակ կոչ անելով Իրանի ղեկավարությանը թուլացնել լարվածությունը այլ ճակատներում:

Հոդվածի թարգմանությունը՝ ABC MEDIA -ի:

Add new comment