Detq

Սիրիայի ԱԳ նախարարը Իրանին հորդորել է երկրում քաոս չստեղծել

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Ասաադ Հասան ալ-Շիբանին Իրանին հորդորել է հարգել Սիրիայի ժողովրդի կամքը և երկրի ինքնիշխանությունը: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է սիրիական պետական SANA գործակալությունը։

«Իրանը պետք է հարգի Սիրիայի ժողովրդի կամքը, երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- գրել է ալ-Շիբանին՝ սոցիալական ցանցերում։

Սիրիայի արտգործնախարարը նշել է նաև, որ զգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել և կոչ է արել պատասխանատվություն կրել վերջին հայտարարությունների համար։

Ալ-Շիբանիի ուղերձը պատասխան է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, ով կիրակի օրը հեռուստատեսային ելույթում կոչ էր արել սիրիացի երիտասարդներին վճռականությամբ կանգնել երկրում անկայունություն կազմակերպողների դեմ:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարել է, որ գրավել է մայրաքաղաք Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։ Անցած շաբաթ օրը Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Ալ-Շիբանիին արտաքին գործերի նախարար է նշանակել։

Add new comment