Պարտադիր զինվորական ծառայություն նաև կանանց համար
Դանիան նախատեսում է առաջին անգամ զորակոչ սահմանել նաև կանանց համար: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ ընդգծելով, որ երկիրը վերազինվում է ոչ թե պատերազմելու, այլ հակառակը՝ դրանից խուսափելու համար: Ներկայումս հանրապետությունում կանանց համար ծառայությունը կամավոր է։
Առաջարկվում է նաև զինվորական պարտադիր ծառայության ժամկետը և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար սահմանել 11 ամիս 4-ի փոխարեն:
Դանիայի բանակն ունի շուրջ 9.000 պրոֆեսիոնալ զինվորական՝ չհաշված յուրաքանչյուր տարի մարտական հիմնական պատրաստություն անցնող շուրջ 4.700 նորակոչիկները: Կառավարության կողմից քննարկվող նախագծի շրջանակում նախատեսվում է զորակոչի թիվը հասցնել 5.000-ի:
Զինվորական զորակոչի մասին օրենքում փոփոխությունները նախատեսվում է ընդունել 2025 թ.՝ 2026 թվականին դրանք լիովին կիրառելու համար: Դանիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորակոչիկները կանցնեն հինգ ամիս հիմնական մարտական պատրաստություն և վեց ամիս օպերատիվ ծառայություն՝ լրացուցիչ վերապատրաստման հետ մեկտեղ:
Ծրագրի իրականացման համար Պաշտպանության նախարարությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում պաշտպանական ծախսերն ավելացնել քառասուն միլիարդ դանիական կրոնով:
Հավելենք, որ Դանիան կդառնա Եվրոպայի երրորդ երկիրը, որտեղ բանակ կզորակոչվեն նաև կանայք։ Նորվեգիայում և Շվեդիայում կանանց զորակոչ է սահմանվել համապատասխանաբար 2015 և 2017 թվականներին։
Add new comment