Իրանը ծրագրում է համատեղ զորավարժություններ անցկացնել Հնդկական օվկիանոսի ափամերձ պետությունների հետ
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար Շահրամ Իրանին հայտարարել է, որ Իրանը ծրագրում է Հնդկական օվկիանոսի ափամերձ պետությունների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Իրանցի հրամանատարը շեշտել է՝ իրանական կողմը նախատեսում է զորավարժանքի շրջանակում Հնդկական օվկիանոսի երկայնքով գտնվող բոլոր երկրների հետ համագործակցություն, որպեսզի զորավարժությունն անցկացվի այլ երկրների մասնակցությամբ: Նա հայտնել է, որ զորավարժությանն ամեն տարի մասնակցում են Իրանը, Չինաստանն ու Ռուսաստանը, իսկ այս տարի այն կունենա նաև այլ անդամներ։
Անդրադառնալով Իրանի բանակի ռազմածովային ուժերի պատվիրակության՝ վերջերս Օման կատարած այցին՝ Իրանին ասել է, որ այդ այցերի ընթացքում սովորաբար ստորագրվում են կարևոր հուշագրեր։ Նրա խոսքով՝ Իրանը կարևորում է պաշտպանական դիվանագիտությունը, բացի դրանից՝ երկու երկրներն էլ Հնդկական օվկիանոսի ափամերձ պետություններ են և ունեն տարածաշրջանային հարաբերություններ։
Իրանին հայտնել է նաև, որ Իրանը և Օմանն ամեն տարի փրկարարական զորավարժություններ են անցկացնում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Իրանի, Պակիստանի և Օմանի միջև կապը պահպանել։ Վերջինս հավելել է, որ երեք երկրների միջև անվտանգության կենտրոններ կստեղծվեն, որոնց միջոցով նավերին օգնություն կտրամադրվի։
Add new comment