ԱՄՆ-ՀՀ

ԱՄՆ-ն Հայաստանին անվտանգային որևէ երաշխիք չի տալու և զենք չի վաճառելու. փորձագետ

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթին՝ գրառում անելով ֆեյսբուքյան էջում: 

«Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին, և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի»,- գրել է Սարգսյանը։

Նա հիշեցրել է, որ Վրաստանը դեռևս 2009 թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ-ի հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:

«Նախ` անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն, ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիք, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում»,- նշել է փորձագետը։

Նրա խոսքով` անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Սարգսյանը հավելել է` տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն:

«Հիմա հարց: Արդյոք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավո՞ր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ»,- եզրափակել է Սարգսյանը։

Add new comment