Թուրքիան չի միանա Ռուսաստանի և Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան չի աջակցում և չի միանա Ռուսաստանի և Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ սահմանված պատժամիջոցներին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Նյու Դելիում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից առաջ Չավուշօղլուին հարցրել են, թե, նրա կարծիքով, որքան ժամանակ Թուրքիան կարող է դիմակայել հակառուսական պատժամիջոցների ներդրմանը։
Չավուշօղլուն շեշտել է, որ Անկարան չի աջակցում պատժամիջոցներին, որոնք սահմանվում են առանց ՄԱԿ-ի աջակցության, և այս հարցում չի ենթարկվում արտաքին ճնշմանը:
«Մենք դիմադրելու կարիք չունենք, մենք ինքներս ենք որոշումներ կայացնում որպես ինքնիշխան պետություն: Մենք չենք միանում ոչ մի միակողմանի պատժամիջոցներին, մենք աջակցում ենք միայն ՄԱԿ-ի աջակցությամբ սահմանվածներին:
Այսպիսով՝ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև մենք չենք աջակցում Իրանի կամ որևէ այլ երկրի դեմ պատժամիջոցներին: Մենք ինքներս ենք որոշումներ կայացնում։ Ոչ ոք չի կարող ճնշում գործադրել մեզ վրա»,- եզրափակել է նա։
Add new comment