«Ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր․ որպես ՊՆ նախարար՝ չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի»․ Սուրեն Պապիկյան
«ՀՀ սահմանների անվտանգությունը մենք պիտի երաշխավորենք մեր բալանսավորված քաղաքականությամբ։ Բեռը դնել միայն զինված ուժերի վրա, միայն մեկ գործընկերոջ վրա, լուծում չէ։
Համատեղ ջանքերով և երկխոսությամբ պիտի լուծենք մեր երկրի առաջ ծառացած խնդիրները»,-ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Լրագրողները հիշեցրին՝ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում կրկին սկսել է խոսել Զանգեզուրի միջանցքի մասին և հարցրին՝ այս համատեքստում որքանո՞վ է պաշտպանված Սյունիքը և հայ-ամերիկյան ստորագրված փաստաթուղթը որքանո՞վ կարող է երաշխավորել ՀՀ սահմանների անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Որպես ՊՆ նախարար՝ չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանն էսկալացվի, քանի որ յուրաքանչյուր խնդրի մասով1
ՀՀ-ն ունի առաջարկներ ու լուծումներ, ուստի կարծում եմ՝ երկխոսությամբ հնարավոր է մեր մոտեցումները, տարածաշրջանում խաղաղության հասնելու ընկալումները բոլորին հասանելի դարձնենք»։
Անդրադառնալով զինվորականների, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի ձերբակալության վերաբերյալ հարցերին՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Սրանք իրավական գործընթացներ են, որտեղ քաղաքական գնահատականների կարիք չկա։ Իմ քաղաքական գնահատականն այն է, որ յուրաքանչյուր հանցագործություն պետք է ունենա քրեաիրավական գնահատական։ Եթե այդ գնահատականը դատարանում ապացուցելի է, ուրեմն պետք է լինի դատարանի վճիռ»։
Add new comment