Թրամփ-Պուտին

Պուտինը կnրծանnւմ է Ռուսաստանը՝ Ուկրաինայի հարցում գործարքի չգնալով. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ոչնչացնում է» Ռուսաստանը՝ հրաժարվելով գործարք կնքել Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար, հայտնում է rferl.org-ը:

«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Կարծում եմ` Ռուսաստանը մեծ խնդիրներ է ունենալու: Շատերը կարծում էին, որ այս պատերազմը կավարտվի մեկ շաբաթից: Կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ նա (Պուտինը-Խմբ.) ավարտի այս պատերազմը»,- ասել է Թրամփը երդմնակալությունից հետո լրագրողների հետ զրույցում:

Միաժամանակ Թրամփը հույս է հայտնել, որ ՌԴ նախագահը խաղաղության համաձայնագրի կողմնակից է։ Նա կրկնել է, որ մոտ ապագայում կարող է խոսել Պուտինի հետ, սակայն հստակ ժամկետներ չի նշել։ Թրամփը նաև հավելել է, որ ծրագրում է հանդիպել Պուտինի հետ բանակցություններ կազմակերպվելուն պես, որոնց նախապատրաստական աշխատանքները, ըստ նրա, արդեն ընթանում են։

«Պուտինի հետ շատ լավ էի լեզու գտնում: Հուսով եմ, որ նա ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Թրամփը հնարավոր հանդիպման մասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ Թրամփի, հավատարիմ է հակամարտությունը դադարեցնելու բանակցություններին։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել էր դադարեցնել պատերազմն Ուկրաինայում՝ պաշտոնը ստանձնելուց հետո «24 ժամվա ընթացքում»։

Add new comment