#CivilNetCheck-ը ստուգել է նախարարի հայտարարությունները՝ ուսումնասիրելով ռազմարդյունաբերության բյուջեի կատարողականը։

Ռազմարդյունաբերության բյուջեն 2024-ին կատարվել է ընդամենը 25%-ով. ԲՏԱ նախարարի պնդման հետքերով

Կառավարությունը 2024-ին կրկին չի կարողացել ապահովել ռազմարդյունաբերության ոլորտի բյուջեի կատարողականը՝ իրականացնելով նախանշված ծրագրերի ընդամենը մեկ քառորդը։ Վերջին տարիներին շարունակաբար խոստացվող ռեկորդային թվերը մնում են թղթի վրա։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը 2024-ի նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում հերքել էր 2024-ի ինն ամիսներին ռազմարդյունաբերության ոլորտում բյուջետային ծախսերի զրոյական կատարողականի մասին ընդդիմադիր պատգամավորների պնդումները։

 

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հայտարարել էր ռազմարդյունաբերության ոլորտի «զրոյական կատարողականի» մասին։ Ի պատասխան՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պնդել էր, որ ռազմարդյունաբերողների հետ պայմանագրերը սովորաբար տարեվերջին են կնքվում, և կանխատեսել էր, որ 2024-ի կատարողականը կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը։

«Պետք է ափսոսանքով ասեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավելին՝ նշվեց, որ այս տարվա կատարողականը զրո է եղել։ […] Նախորդ տարվա կատարողականը (2023՝ խմբ.) կազմել է 1,1 մլրդ դրամ, և դեկտեմբերին են հիմնական փոխանցումները կատարվել։ […] Մեր կանխատեսումներով՝ նվազագույնը 200 մլն-ից ավելի կատարողական ենք ունենալու 2023-ի համեմատ»,- ասել էր Հայրապետյանը։

#CivilNetCheck-ը ստուգել է նախարարի հայտարարությունները՝ ուսումնասիրելով ռազմարդյունաբերության բյուջեի կատարողականը։

Պաշտոնական տվյալները հերքում են նախարարի պնդումը

Ֆինանսների նախարարության կայքում 2024-ի պետական բյուջեի ինն ամիսների կատարման վերլուծությունում նշված է. «Չի կատարվել Ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ծրագիրը»։ Խոսքը ոչ թե տարեկան, այլ հենց ինն ամիսների համար ծրագրված 850,5 մլն դրամի կատարողականի մասին է։

ԲՏԱ նախարարությունը #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ևս հաստատել է, որ 2024-ի ինն ամիսներին ռազմարդյունաբերության ծրագրի կատարողականը եղել է զրոյական՝ նշելով, թե դա օբյեկտիվ հանգամանքների արդյունք է։

 

ԲՏԱ նախարարությունը նաև մեկնաբանել է, որ նախարար Հայրապետյանի «պնդումը ճիշտ է», քանի որ ինն ամիսների կատարողականի ցուցանիշները «չեն արտացոլում ամբողջական պատկերը»։

Իրականում նախարար Հայրապետյանի հերքումը, թե ինն ամիսներին կատարողականը զրոյական է եղել, սխալ է։ 2024-ի սեպտեմբերի դրությամբ՝ թե՛ տարեկան, թե՛ ինն ամիսների համար պլանավորված կատարողականը եղել է 0 տոկոս։

 

2024-ին ռազմարդյունաբերության ոլորտի կատարողականը 25 տոկոս է

2024-ի տարեկան պետբյուջեով ռազմարդյունաբերության ոլորտի համար պլանավորված 5,82 մլրդ դրամից փաստացի ծախսվել է ընդամենը 1,5 մլրդ-ը, որը կազմում է տարեկան պլանի ընդամենը 25 տոկոսը։

Տարվա ընթացքում ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական (ԳՀՓԿ) աշխատանքների համար նախատեսված գրեթե 4,2 մլրդ դրամ բյուջեից փաստացի ծախսվել է 1,4 մլրդ դրամ։ Ներկայացված 18 հայտերից հաստավել է ընդամենը 4-ը՝ տարեսկզբին որպես արդյունքային ցուցանիշ սահմանված 7-ի փոխարեն։

Մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմման համար նախատեսված 100 մլն դրամի ծրագիրն ամբողջությամբ զրոյացվել է, չի իրականացվել պլանավորված 7 առաջադրանքից ոչ մեկը: Փորձանմուշների արտադրության համար նախատեսված 1,5 մլրդ դրամից ծախսվել է ընդամենը 51 մլն դրամ և յոթ նախագծի փոխարեն իրականացվել է միայն մեկը:

 

Մասնագետների վերապատրաստման ծրագիրը ևս մասամբ ձախողվել է. արտերկրում պահանջվող չափորոշիչները բավարարող կազմակերպությունում նախատեսված վերապատրաստման փոխարեն այն իրականացվել է Հայաստանում: Պլանավորված 25 աշխատակցի փոխարեն վերապատրաստվել է հինգը, նախատեսված 53 մլն դրամի փոխարեն ծախսվել է 2,3 մլն-ը:

Ձախողման մի շարք «օբյեկտիվ» հանգամանքներ

Ըստ ԲՏԱ նախարարության՝ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը, որտեղ հաստատվել են ֆինանսավորման ենթակա գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական նոր աշխատանքները, անցկացվել են միայն 2024-ի սեպտեմբերին, իսկ պայմանագրերի կնքումը և ֆինանսավորումն թողնվել է տարեվերջին։ Պատճառները նախարարությունը չի պարզաբանել։

 

Բացի այդ, ԲՏԱ-ն հայտնել է, որ «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը, որը պետք է իրականացներ մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմումը, 2024-ի սեպտեմբերի 5-ի կառավարության որոշմամբ լուծարվել է, հետևաբար՝ «կատարողականը ողջամտորեն հնարավոր չի եղել ապահովել»։

Նախարարությունը մեկ այլ գրությամբ հայտնել է, որ լուծարված ինստիտուտի գործառույթների իրականացման համար կատարվել են «ռազմական ազգային ստանդարտների» փոփոխություններ և այժմ մարտավարատեխնիկական առաջադրանքները կարող են մշակվել կատարողի կողմից, համաձայնեցվել շահագրգիռ գերատեսչության հետ և հաստատվել պատվիրատուի կողմից։

Ինստիտուտի լուծարման կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ դրա որոշ գործառույթներ փոխանցվել են ՊՆ և ԳՇ համապատասխան վարչություններին։ Ուշագրավ է, որ այս նախագծին ԲՏԱ նախարարությունը դիտողություններ և առաջարկություններ, այդ թվում՝ մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմման անցումային դրույթներ, չի ներկայացրել։

Ծրագրի շահառու ռազմարդյունաբերող կազմակերպություննե՞րը, թե՞ պետական ռազմական գերատեսչություններն են թերացել մարտավարատեխնիկական առաջադրանքների կազմման հարցում, ԲՏԱ նախարարությունը չի մանրամասնել։ Միայն նշվում է, որ 2025-ին նախատեսվում է ընդունել ենթաօրենսդրական մի շարք ակտեր, որոնք պետք է կարգավորեն այս ոլորտը, սակայն հստակ ժամկետներ չեն նշվել։

 

#CivilNetCheck-ին ԲՏԱ նախարարությունը նաև հայտնել է, որ 2024-ի ինն ամիսներին նախատեսված էր իրականացնել փորձանմուշների արտադրության ֆինանսավորում, որը սակայն ձախողվել է, քանի որ օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների մեխանիզմը «հաստատվել է ԱԺ-ի կողմից 2024-ի հոկտեմբերի 24-ին»։

Իրականում, հենց ԲՏԱ նախարարությունն է խորհրդարանին ուշ ներկայացրել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի փոփոխությունները։

Անիրատեսական պլանավորում և ցածր կատարողական

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ռազմարդյունաբերության բյուջեի թերակատարումը 2021-ից շարունակական է։ Ամեն անգամ կառավարությունը ռեկորդային բյուջե է պլանավորում, սակայն պլանավորված ծավալն այդպես էլ ամբողջությամբ չի կատարվում։

Վերջին չորս տարիների ցուցանիշները վկայում են բյուջետային կատարողականի նվազման միտման մասին։ 2021-ին պլանավորված 4,57 մլրդ դրամից իրացվել է 3,1 մլրդ-ն, 2022-ին՝ 5,23 մլրդ-ից 2,97 մլրդ-ն, 2023-ին՝ 6,84 մլրդ-ից՝ 1,1 մլրդ-ը, իսկ 2024-ին՝ 5,82 մլրդ-ից՝ 1,5 մլրդ-մ։

 

Հատկապես վերջին երեք տարիներին նկատելի է, որ ռազմարդյունաբերությանը ոլորտի նախապես հաստատված մեծ բյուջեի հիմնական մասը չի ծախսվում։ Բյուջեի զգալի հատվածը մնում է «թղթի վրա»՝ հիմք դառնալով միայն պաշտոնյաների՝ ռազմարդյունաբերության «ռեկորդի» և «թռիչքաձև աճի» մասին հայտարարությունների համար։

Տես՝ Վիճակագրությունն ընդդեմ պատգամավորի. իրականում ինչ վիճակում է ռազմարդյունաբերությունը

2025-ի պետական բյուջեով ռազմարդյունաբերության ոլորտին նախատեսվում է հատկացնել 5,72 մլրդ դրամ։ Նախարարությունը հայտնում է, որ պլանավորում է նոր օրենսդրական մեխանիզմներ ստեղծել՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացումը կանոնակարգելու, հայտերի ձևավորումն ու ֆինանսավորման մեխանիզմները լավարկելու նպատակով։

Թե ինչու է կառավարությունը շարունակում ներկայացնել բյուջեի անիրատեսական պլաններ՝ հաշվի չառնելով նախորդ տարիների փորձը, անհայտ է։ Փաստացի՝ թեև իշխանությունները տարիներ շարունակ հայտարարում են ռազմարդյունաբերության կարևորության մասին, դրա համար նախատեսվում են ահռելի միջոցներ, սակայն ծրագրերի մեծ մասը մնում է անկատար։

 

 

 

Add new comment