ՀՀ

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճում է․ Ալիևի հռետորաբանությունը նպատակ ունի օրինականացնելու ինչ-որ ռազմական գործողություն․ The Conversation


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բանավոր եղանակով կատաղի հարձակում է գործել Հայաստանի վրա՝ անվանելով այն ֆաշիստական պետություն։ «Ֆաշիզմը պետք է ոչնչացվի»,- հայտարարել է նա հունվարի 7-ին տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

«Կա՛մ Հայաստանի ղեկավարությունը կկործանի այն, կա՛մ մենք կկործանենք»: Այս հռետորաբանությունը խստորեն հիշեցնում է Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինայի վերաբերյալ պնդումները՝ Ռուսաստանի ներխուժումն արդարացնելու համար:

Այս մասին գրել է The Conversation պարբերականը։

Ըստ իսրայելցի լրագրող Ավի Շարֆի՝ իսրայելական Haaretz լրատվականի ռազմական հարցերով խմբագրի, վերջին շրջանում ավելացել է Ադրբեջանի կողմից իսրայելական առաջադեմ սպառազինությունների ձեռքբերումը:

 

Իսրայելական Haaretz լրատվական պարբերականի ազգային անվտանգության, կիբերանվտանգության և հետախուզության բաժնի խմբագիր, իսրայելցի լրագրող Ավի Շարֆի խոսքով ՝  տեղեկություններ կան նաև այն մասին, որ Ադրբեջանը իսրայելական առաջադեմ սպառազինություն է ձեռք բերում: 

2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը վերահսկողության տակ է վերցրել ԼՂ–ի մեծ մասը։ Մնացածը նվաճվել է 2023 թվականի սեպտեմբերին, ինչի պատճառով այնտեղ ապրող հայերը (ավելի քան 100.000 մարդ) ստիպված են եղել Հայաստան հասնել։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը քայլեր է ձեռնարկել իր պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ի թիվս այլ բաների՝ այն զենքի զգալի գնումներ է կատարել Ֆրանսիայից։ Սա նաև դրդել է Ալիևին քննադատել Ֆրանսիային և նրա նախագահ Էմանուել Մակրոնին։ Չնայած Հայաստանը փորձում է նվազեցնել Ադրբեջանի ռազմական առավելությունը, երկիրը դեռևս ռազմական առումով զիջում է իր հարևանին:

Ցանկացած ռազմական առճակատում, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Հայաստանի վաղաժամ պարտությանը: Ինչպես նշվել է, Ադրբեջանի փաստարկը պարզ է․ եթե տարածաշրջանում հակամարտություն լինի, դա կլինի ՀՀ–ի կողմից «պատերազմի նախապատրաստման» մի մասը: Բաքուն ենթադրում է, որ, հետևաբար, ցանկացած հակամարտության պատասխանատվությունը կրելու են Հայաստանը և երկիրը զինող անձինք (մասնավորապես՝ Ֆրանսիան)։

Հնարավոր է, որ այս հռետորաբանությունը նպատակ ունի օրինականացնել ինչ–որ ռազմական գործողություն: Վերջին մի քանի տարիների ընթացքում սրված լարվածության պատճառով՝ Հայաստանը Եվրամիությանը հրավիրել է վերահսկելու երկրների միջև սահմանը։ Սա պետք է օգներ լուծելու ադրբեջանական մեղադրանքները, որ Հայաստանը պատրաստվում է պատերազմի, ինչպես նաև վերահսկելու և կանխելու կրակոցները սահմանի երկայնքով, գրել է The Conversation-ը: Հավելվել է, որ Ադրբեջանը թույլ չի տվել ԵՄ–ին իր տարածքում գործունեություն ծավալել, ուստի՝ նրանք կարողացել են աշխատել միայն հայկական կողմից: Այն նաև խստորեն դատապարտել է ԵՄ–ին այս առաքելության համար: «Այսպիսով, ինչո՞ւ Ադրբեջանը կարող է ցանկանալ վերսկսել լարվածությունը Հայաստանի հետ։ Նրանց միջև վիճաբանության կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է, որը ցամաքային կապ կարող է ապահովել Ադրբեջանի և նրա ինքնավար հանրապետության՝ Նախիջևանի միջև», – գրել է պարբերականն՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պահանջում էր մուտք գործել և վերահսկել այս երթուղին: Բնական միջանցքն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով։ Հայաստանը հայտարարել է իր պատրաստակամությունը բացելու տրանսպորտային կապերը ողջ տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև, սակայն դեմ է իր տարածքով անցնող միջանցքին, որը չի վերահսկում:

Ինչպես նշվել է հրապարակման մեջ, Հարավային Կովկասը երկար ժամանակ եղել է այն տարածքը, որը Պուտինը դիտարկել է որպես իր ազդեցության գոտու մաս: «Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը փորձել է համեմատաբար հանգիստ պահել տարածաշրջանը, սակայն 2020 թվականին Պուտինը թույլ է տվել, որ պատերազմը շարունակվի մինչ Հայաստանի պարտությունը՝ նախքան ճնշում գործադրելն Ալիևի վրա: Երեք տարի անց Ադրբեջանը վերցրել է այն, ինչ մնացել էր Լեռնային Ղարաբաղից, մինչ ռուս խաղաղապահները հետևում էին: Հայաստանի անհանգստությունն Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի կողմնակալության վերաբերյալ, ստիպել է Երևանին գնալ դեպի Արևմուտք: 2025 թվականի հունվարի 14-ին Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ստորագրվել է «ռազմավարական գործընկերության խարտիա», որը ներառում է տնտեսական և պաշտպանական գործընկերություն։ Բայց արդյոք Թրամփի նոր վարչակազմը կցանկանա՞ կառուցել, թե՞ նույնիսկ անտեսել այդ հարաբերությունները, դեռ պարզ չէ», – նշվել է հոդվածում։ Կարևոր խորհրդանշական քայլով Հայաստանը նաև ներկայումս բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ՝ Հայաստանի սահմանի երկայնքով իր Անվտանգության դաշնային ծառայության պահակախմբի հեռացման շուրջ՝ փորձելով նվազեցնել իր անվտանգության կախվածությունը Մոսկվայից: ԵՄ–ն միևնույն ժամանակ ամրապնդել է հարաբերությունները Հայաստանի հետ։ «Թեև Ադրբեջանը խուսափել է 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման և 2023 թվականին անկլավի հայ բնակչության էթնիկ զտումների համար միջազգային հետևանքներից, նոր լայնածավալ հարձակումը ՀՀ–ի վրա, ամենայն հավանականությամբ, չի անտեսվի Արևմուտքի կողմից։ Չնայած 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի սահմանով ադրբեջանական ներխուժմանն Արևմուտքի նվազագույն արձագանքներին, 2025 թվականին միջազգային ուշադրությունն ավելի մեծ է տարածաշրջանի և Ռուսաստանի սահմանների շուրջ կատարվող իրադարձությունների հնարավոր հետևանքների վրա: Թեև Արևմուտքի կողմից ռազմական միջամտությունը քիչ հավանական է, սակայն Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը կարող է բավարար խթան հանդիսանալ Ալիևի համար՝ փորձելու պահպանել խաղաղությունը», – գրել է պարբերականը:

 

Add new comment