Վազգեն Սարգսյան
Ծնվել է 1959 թ. մարտի 5-ին Արարատի մարզի Արարատ գյուղում:
Վազգեն Սարգսյանը իր հասարակական-քաղաքական գործունեությունը սկսել է 1988 թվականին Արցախյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, Շահումյանի շրջանի և Գետաշենի ենթաշրջանի միացումը Խորհրդային Հայաստանին։ Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական հրամանատարներից մեկը։
1990-1992 թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1992-1993 թթ.՝ ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:
1993-1995 թթ.՝ ՀՀ պետնախարար:
26.07.1995-25.05.1999 թթ.՝ կրկին ՀՀ պաշտպանության նախարար:
1999 թ. հունիսի 11-ից՝ ՀՀ վարչապետ:
Վազգեն Սարգսյանը հայ ժողովրդի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս։ Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները՝ «Հայաստանի ազգային հերոս» և «Արցախի հերոս»։
Ներկայացնում ենք 1992 թվականի օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի կոչը հայ տղամարդկանց՝ կամավորագրվել զինված ուժերում և հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախի հյուսիսում։
«Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա-ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու և կենդանի մնալու հավանականությունը կեսի կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, և եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակը ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու և հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ»։
Սարգսյանը ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ է զբաղվել։ Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության անդամ:
1986-1989 թվականներին գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը։ 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն»-ը, և արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին։
Գեղարվեստական ստեղծագործություններից բացի՝ նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին։
1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է նաև Վազգեն Սարգսյանը։ Նրա պատվին ՀՀ և Արցախի տարբեր բնակավայրերում կանգնեցվել են արձաններ և կիսանդրիներ, անվանակոչվել փողոցներ, այդ թվում՝ Երևանի կենտրոնում, իսկ 2003 թ. ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղում ստեղծվել է նրա տուն-թանգարանը: Նրա անունով է անվանակոչվել նաև Երևանում գտնվող ռազմական ուսումնարաններից մեկը, Երևանի հանրապետական մարզադաշտը։
Add new comment