Կարո Փայլանի թուրքամետ ելույթը հայկական դպրոցում
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպում է ունեցել Երևանում գտնվող Ավետիսյան դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ:
Ելույթի ժամանակ Փայլանը հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների «բարեկամության», թշնամանքի էջը փակելու անհրաժեշտության և այդ ամենից հայ ժողովրդին սպասվող «անհամար օգուտների» մասին:
Նա մասնավորապես խոսել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման դեպքում սպասվող տնտեսական աճից, Թուրքիայից ցորենի, իսկ Ադրբեջանից գազի ներկրման նոր հնարավորություններից: Ըստ Փայլանի՝ հայերը պետք է բարեկամանան Թուրքիայի հետ, որպեսզի կարողանան գոյատևել տարածաշրջանում, քանի որ Թուրքիան հզոր պետություն է, մենք պետք է փորձենք անցյալը մի կողմ դնել և նոր դարաշրջան սկսել՝ չմոռանալով, որ Թուրքիան մեր պատմության մեջ առանցքային դեր ունի:
«Եկեք համաձայնվեք այն փաստի հետ, որ Թուրքիան մեր հայրենիքն է, մեր հայ մշակույթն ու պատմությունը չենք կարող պատկերացնել առանց Թուրքիայի»,- ասել է նա:
Շեշտենք, որ հանդիպումն անցել է բավականին լարված ու ոչ բարեկամական մթնոլորտում, թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները վրդովմունքով են լսել Փայլանի ոչ հայամետ ճառերը, աշակերտներից մեկը նույնիսկ հակադարձել է նրան՝ չնայած այն բանին, որ Փայլանին տրվելիք հարցերը նախապես համաձայնեցվել են նրա օգնականի հետ, որպեսզի իբրև թե քաղաքական ենթատեքստ ունեցող անակնկալ հարցեր չհնչեն: Համարձակ աշակերտի խոսքերից հետո ամբողջ դահլիճը ծափահարել է նրան՝ հասկացնելով Փայլանին, որ իր ելույթը տապալված է:
Ցավալի է, որ «յան» ազգանունը կրող, աշխարհին որպես հայ ներկայացող անձը այդքան հեշտորեն կարողացել է մոռանալ հայ ժողովրդի անցյալը և այսօր նույնն էլ խորհուրդ է տալիս երիտասարդ սերնդին՝ իբրև թե նրանց բարօրության ու լավ ապագայի համար: Միգուցե մենք էլ խորհուրդ տանք նրան նույնքան արագ մոռանալ իր ազգանվան վերջին մասնիկն ու արմատները և արդեն որպես ոչ հայ բարեկեցիկ ապրել Թուրքիայում:
Add new comment