Ադրբեջանի դիվերսիոն հարձակման մասին
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայան, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյան, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյան: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում։
Ներկայացնում ենք ադրբեջանական կեղծ քարոզչությունը:
- Ադրբեջանական կողմը հերթական ապատեղեկությունն է տարածում՝ նշելով, որ առավոտյան տեղեկություն է ստացել «Հայաստանի Հանրապետությունից ռազմական պարագաների, ռազմամթերքի և անձնակազմի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավորապես տեղակայված վայր տեղափոխելու» մասին:
- Իբրև թե այս տեղեկությունը ստուգելու նպատակով ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից փորձ է արվել ձերբակալել և ստուգել ապօրինի ռազմական փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
- Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ հայկական կողմից կրակ է բացվել, և փոխհրաձգության հետևանքով երկու կողմից կան զոհեր և վիրավորներ:
- Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, որ ռազմական և այլ նշանակության փոխադրումների իրականացումն այլ երթուղիներով կտրականապես անթույլատրելի է։
- Այսօր տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի կողմից Բերձոր-Ստեփանակերտ (խմբ.) ճանապարհին համապատասխան անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին ։
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը տարածել է տեսանյութ, որտեղ հստակորեն երևում է մեքենայի շարժի ուղղությունը՝ Ստեփանակերտից դեպի հերթափոխի վայր՝ Շուշիի շրջան: Մեքենայում ոչ մի զենք չի եղել՝ բացի ոստիկանների ծառայողական զենքերից: Զենքի տեղափոխություն իրականացնել չէին կարող, քանի որ նրանք ոչ թե ՀՀ-ից, այլ Ստեփանակերտից էին շարժվում դեպի իրենց հերթափոխի վայր:
Փաստ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կեղծ տեղեկատվությամբ է հանդես եկել:
Պետք է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Ադրբեջանի կողմից դիվերսիոն այս հարձակումը նպատակ է հետապնդում նաև համապատասխան անցակետ ստեղծելու մասին բարձրաձայնելու և ևս մեկ անգամ հիշեցնելու իրենց պահանջների մասին (խոսքը մասնավորապես Ադրբեջանի կողմից Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին համապատասխան անցակետ ստեղծելու մասին է):
Ադրբեջանական կողմը համապատասխան անցակետ ստեղծելու անհրաժեշտության մասին ևս մեկ անգամ այսօր բարձրաձայնում է, որի համար հող էր նախապատրաստել և այս դիվերսիոն հարձակումը կազմակերպել: Ակնհայտ է, որ քաղաքական պահանջների իրականացման համար ադրբեջանական կողմը պարբերաբար դիմելու է նման սադրանքների:
Հեղինակ՝ Ասյա Գևորգյան
Add new comment