«Արցախը դրախտավայր է. մենք միշտ մեր հողում ենք ապրելու». արցախցի

«Արցախը դրախտավայր է. մենք միշտ մեր հողում ենք ապրելու». արցախցի

Հեղինակ
Անգին Խաչատրյան

26-ամյա Անիի մտքով չէր էլ անցնի, որ արցախցու ընտրելուց, ամուսնանալուց և այնտեղ ապրելուց հետո ոչ միայն հայրական տան կարոտն է իրեն բաժին հասած դժվարությունը լինելու, այլև շրջափակված տունը, հայրենիքը, մայր Հայաստանից խզված կապը:

Շիրակի մարզի Արևշատ գյուղի բնակչուհին սիրեց արցախցու, որ զինվորական մասնագիտություն ունի և Արցախը սիրում է անըստգյուտ սիրով. այդ սերը փոխանցվեց նաև Անիին, որը թողեց հայրական տունը, Երևանում իր աշխատանքն ու հասավ Արցախ՝ ևս մեկ անգամ կապելով մեր երկու փոքրիկ հայրենիքներն իրար:

Ամուսինը սահմանն է հսկում, ինքը մեծացնում է իրենց 1-ամյա որդուն, Արցախը շրջափակված է, իրենց սիրտն ու միտքը՝ ոչ. կարևորն իրենց հայրենիքում են, իրենց տանը, հողում, արցախցին ամուր է՝ տոկուն լեռների պես, ինչ փորձության ասես որ չի դիմացել, սրան էլ կդիմանան:

«Գոյատևում ենք մեր աճեցրած մրգերով, բանջարեղենով, բայց շատ մարդիկ դա էլ չունեն, վիճակն օր օրի վատանում է»,- «Դետքի» հետ զրույցում պատմեց Անին:

Արցախցին հաճախ սոված է քնում, անորոշության ու անտարբերության մեջ, բայց չի չարանում, չի թերանում ու չի թուլանում. չէ՞ որ Արցախն է նրա տունը:

«Ծնողներիս կարոտին ավելացել է իրենց չտեսնելու այս անորոշությունը, որն ավելի դժվար է ու բթացնող»,- անկեղծանում է Անին:

Նրա օրը սկսվում ու ավարտվում է փոքրիկ Կամոյի հետ (նրան պապի անունով են կոչել), ամուսնուն սպասելով և հրաշքի սպասելով:

 

Ես նայում եմ Անիի բոլոր լուսանկարները, տեսնում աչքերում ապրող հույսը, փորձում որքան հնարավոր է մտովի աջակից լինել նրան, նա իմ հարևան գյուղի փխրուն աղջիկն էր, որը դարձել է հասուն, ուժեղ և համառ արցախցի. նա իմ հայրենակիցն է, ու որքան էլ փորձում են մեզ ծվեն-ծվեն անել, մասնատել, միևնույն է, Արցախն իմ տունն է, իսկ Անին՝ իմ տան մեջ ժամանակավոր բանտարկյալը:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author