456416

Սյունիքում են կենտրոնանում իրարամերժ շահեր ունեցող խաղացողներ, ինչը հավելյալ վտանգ է առաջացնում. Արմեն Պետրոսյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը

- Արցախի հանձնումից հետո տեսնում ենք ուժային կենտրոնների կողմից մեծ շահագրգռվածություն Սյունիքում ազդեցություն ձեռք բերելու հարցում: Մեկը մյուսի հետևից հյուպատոսություններ են բացվում, յուրաքանչյուրը փորձում է ներկայություն ունենալ այդ կարևորագույն հանգույցում: Ինչի՞ կարող է հանգեցնել այս գործընթացը: 

- Այն իրողությունը, որ Սյունիքում տարբեր երկրներ շտապում են իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները բացել, կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ: Էական է, որ տարբեր խաղացողների նման ներգրավվածությունն էապես նվազեցնում է Սյունիքի նկատմամբ ռազմական գործողությունների հավանականությունը. չի բացառում, բայց ավելի քիչ հավանական է դարձնում: 

Մյուս կողմից՝ Սյունիքում են կենտրոնանում իրարամերժ շահեր ունեցող և հակառակորդ դերակատարներ, որոնք այլ տարածաշրջաններում մրցակցում են իրար հետ, և դա, բնականաբար, մտահոգիչ է, որովհետև շատ փոքր տարածաշրջանը վերածվում է քաղաքական մրցապայքարի թատերաբեմի, ինչը նման զգայուն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների փուլում, իհարկե, հավելյալ վտանգ է առաջացնում՝ ավելի պայթյունավտանգ դարձնելով տարածաշրջանը: 

- Տարբեր խոշոր խաղացողների կողմից հայտարարություններ են հնչում, որ պետք է Ադրբեջանի հետ հասնել խաղաղության, պետք է ճանապարհների ապաշրջափակում իրականացնել և կայունություն ապահովել: Արդյո՞ք սա նշանակում է, որ միջազգային դերակատարների միջև կա որոշակի կոնսենսուս: 

- Դա ընդամենը քաղաքական, դիվանագիտական խոսույթ է, այսինքն՝ խաղաղության հաստատումը տարածաշրջանում, և որպես հիմնական հանգամանք նշվում է կապուղիների շրջափակումը, որը կարող է նպաստել այդ խաղաղությանը և տարածաշրջանային կայունությանը: Բայց եթե ամեն բան այդքան հեշտ լիներ, ապաշրջափակումն արդեն տեղի ունեցած կլիներ: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ կան շահերի լրջագույն  բախում, մոտեցումների տրամագծորեն տարբերություն, ինչն էլ ավելի է բարդացնում այդ գործընթացը: Ընդ որում՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում հիմնական հետաքրքրված դերակատարների միջև չկա համագործակցություն, չկա փոխզիջման հնարավորություն, այդ գործընթացները գնում են առճակատման ուղով, ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում զարգացումների ընթացքը: Չպետք է խաբվել քաղաքական խոսույթին, որը նպատակ է հետապնդում դիվանագիտական բառապաշարի ներքո այս կամ այն երկրի շահերը ներկայացնելու, այլ ոչ կոնկրետ պայմանավորվածություների գնալու գործընթաց է արտացոլում:

 - Տարածաշրջանային բոլոր դերակատարներից միայն Իրանն է, որ հայտարարում է, թե իր համար անթույլատրելի է սահմանային որևէ փոփոխություն: Անհրաժեշտություն չկա՞ այս հարցում գոնե ակտիվացնել Իրանի հետ համագործակցությունը, գուցե հասնել դաշնակցական ինչ-որ մակարդակի: 

- Այս հարցում մեր մոտեցումը պետք է լինի հետևյալը՝ բոլոր ուղղություններով գտնել շահակիրներ և նրանց հետ դիրքորոշումները համադրելու միջոցով փորձել հաղթահարել այս բարդագույն փուլը: 
Դաշինքների մասին, հատկապես Իրանի հետ, ես չեմ կարծում այս պահին արժի խոսել: Ո՛չ Իրանը և ո՛չ էլ Հայաստանը պատրաստ չեն դաշինքների, որովհետև, մեծ հաշվով, տարածաշրջանում փոխված ուժային հավասարակշռությունը բավականաչափ կարևոր է: Այս հարցում պետք է հաշվի առնել ինչպես Արևմուտք-Իրան հակամարտությունը, այնպես էլ Իրանում գործող վարչակարգի առանձնահատկությունները, հետևաբար նշել, որ հնարավոր է դաշինք, կարծում եմ՝ անիրատեսական է: 

Բայց և այնպես բոլոր հնարավոր ուղղություններով պետք է գտնել շահակիրներ, և, բնականաբար, Իրանի դերն այս հարցում կարևոր է: Իրանը բազմիցս է ասել, որ իր համար անընդունելի է սահմանների փոփոխությունը, մյուս կողմից՝ տեսնում ենք, որ արդեն արևմտյան բառապաշարին հարիր ուղերձներ են գալիս Արևմուտքից, հատկապես Ֆրանսիան իր աջակցությունն  է հայտնում ՀՀ տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Այսինքն՝ ոչ ուղիղ, բայց մենք տեսնում ենք շահակիրների խումբ, որոնց հետ աշխատելով և մեր դիրքորոշումը ճիշտ ներկայացնելով՝ պետք է փորձենք մանևրել և թույլ չտալ, որ մեր տարածքների նկատմամբ լինեն ռազմական ուժի կիրառմամբ հավակնություններ:  

Եվ որ շատ կարևոր է՝ դիվանագիտական աշխատանքից բացի՝ պետք է ինչպես զինված ուժերի մակարդակով, այնպես էլ հասարակության, անընդհատ ուշադրության կենտրոնում պահել Սյունիքի խնդիրը և հասարակությանը պատրաստել անհրաժեշտության դեպքում ազգովի ոտքի կանգնելուն և մեր պետության նկատմամբ որևէ ռազմական ոտնձգություն թույլ չտալուն: Սա պետք է լինի օրակարգային: Ժամանակն է հույսներս մեզ վրա դնելու, որովհետև մենք Արցախ կորցրինք՝ հույսներս դնելով տարբեր երաշխիքների վրա, գոնե Արցախի փորձն ունենալով՝ հույսներս դնենք մեզ վրա, որ այլևս կորուստներ չունենանք: 

 

Add new comment

From the author