Տրամաբանական չէ, որ Բաքուն սահմանափակի իր հնարավորությունները ինչ-որ պայմանագրով. Արմեն Պետրոսյան
«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
- Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ ձգձգում է խաղաղության պայմանագրի հետ կապված փաստաթղթի իր տարբերակը` հավելելով, որ «գնդակը Հայաստանի դաշտում է»: Մյուս կողմից՝ ՀՀ իշխանությունները մշտապես խոսում են այդ պայմանագրի և մինչև տարեվերջ դրա ստորագրման անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ` ի՞նչն է այստեղ խնդիրը:
- Պետք է դիտարկել այն հանգամանքը, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն առավելագույնս խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կայացումը, այս գործընթացի դրական ընթացքը: Մյուս կողմից՝ Ադրբեջանն իր ապակառուցողական վարքով և ստեղծված իրավիճակում իր հնարավորությունները կաշկանդելու որևէ նպատակ չունենալով, բնականաբար, դանդաղեցնում է գործընթացը: Նշվածի վառ ապացույցն էլ այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց, Գրանադայի և Բրյուսելի հանդիպումների չեղարկումը՝ որպես օրինակ:
Եթե այս նշածս տեսակետը դարձնում ենք կենտրոնական, բնականաբար, Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած առիթ գործընթացը խոչընդոտելու համար: Հիմա նույնն է պայմանագրի տեքստի հարցում, որը կողմերը սեփական խմբագրումներով անընդհատ ուղարկում են իրար: Այդ տեքստում արվող փոփոխությունները կարող են պատճառ դառնալ գործընթացը խաթարելու համար: Չի բացառվում, որ պայմանագրի տեքստում այնպիսի կետեր են մտցվում, որ կարող են պարզապես անընդունելի լինել մյուս կողմի համար, և դա տորպեդահարի գործընթացը:
Մյուս հիմնական պատճառը, ինչպես նշեցի, աշխարհաքաղաքական իրավիճակն է, մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները, մեր տարածաշրջանում գլոբալ դերակատարների միջև ընթացող մրցակցությունը: Նույն ՌԴ-Արևմուտք մրցակցությունը, բնականաբար, խոչընդոտում է այս գործընթացը: Օրինակ՝ Ադրբեջանի ավելի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ և Հայաստանի Հանրապետության փորձերը՝ դիվերսիֆիկացնելու սեփական անվտանգային համակարգերը, այսինքն՝ Արևմուտքի հետ հարաբերությունների ավելի խորացումը. այս ամենը ևս ազդեցություն ունի գործընթացի վրա: Եվ ամենակարևորը՝ այս գործընթացի ձախողման հարցում կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին:
- Ըստ Ձեզ՝ խաղաղության պայմանագրում, որն անընդհատ վերախմբագրվում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ո՞րն է անհամաձայնության հիմնական մեխը:
- Հիմնական պատճառն Ադրբեջանի շարունակվող հավակնություններն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայաստանը Գրանադայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը շարունակում է հավակնություններ ունենալ: Այստեղ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, Ադրբեջանի զինված ուժերի կողմից զբաղեցված ներկա դիրքերի պահպանման հարցը և ընթացս առաջացող նոր հնարավորությունները, որոնք Ադրբեջանի կողմից գնահատվում են խիստ իրատեսական:
Հետևաբար, նման պայմաններում, երբ Ադրբեջանն ունի հնարավորություններ ոչ բանակցային մակարդակում առարկայացնելու իր հավակնություններն ու լուծելու իր խնդիրները, տրամաբանական չէ, որ Բաքուն սահմանափակի իր հնարավորությունը ինչ-որ պայմանագրի միջոցով:
Դրան գումարած, իհարկե, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը, ՌԴ վարած քաղաքականությունն ու հետաքրքրությունները, որի առանցքը մշտապես եղել է տարածաշրջանում կոնֆլիկտների առկայությունը, որոնք առիթ են հանդիսացել Ռուսաստանի արդյունավետ քաղաքականության իրականացման համար: Նույն Իրանի հետ կապված զարգացումները, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի համար են հնարավորություններ են բացում նաև Իրանի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար:
Այսինքն՝ այս ամենը նպաստում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խուսափեն որևէ պայմանագրից, հակառակը, անընդհատ ձգձգվող այս ճգնաժամը, որը նաև նոր ուղղություններ ու լարվածության օջախներ է ձեռք բերում, հավելյալ հնարավորություններ է ստեղծում նաև մեր տարածաշրջանում եղած խաղացողների՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է երկու կողմն էլ շեշտում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու անհրաժեշտությունը, ո՞ւմ է անհրաժեշտ այդ վերջնաժամկետը:
- Դրանք դիվանագիտական հայտարարություններ են, որ ցույց են տալիս՝ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, և դրա ձգձգման պատճառը մյուս կողմի վարքագիծն է: Իսկ մինչև տարեվերջ շեշտադրումը, կարծում եմ, ԱՄՆ-ին ուղղված ուղերձ է: Ըստ իս՝ Բայդենի վարչակազմն է ձգտում մինչև տարեվերջ կամ 2024 թվականի սկզիբ պայմանագրի ստորագրումն ապահովել ԱՄՆ միջնորդությամբ, որ հետագայում կարողանա օգտագործել դա նախագահական ընտրարշավի ընթացքում: Հետևաբար, ենթադրում եմ, այդ նպատակին է ուղղված ժամկետների ընդգծումը:
Add new comment