Ալիևը հայտնվել է պատային իրավիճակում. ինչի՞ կհանգեցնի Բաքվի դեմարշը Արևմուտքի դեմ
«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը:
- Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների հանդիպում: Միջնորդներից հրաժարվելը և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների գնալը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ գործընթացի վրա, և ի՞նչ սպասենք այս հանդիպումից:
- Հայաստանը չի հրաժարվել միջնորդներից, պարզապես սահմանազատման հարցերով այս հանդիպումն է առանց միջնորդների: Իսկ ավելի գլոբալ հարցերում, ինչպես «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է, Հայաստանը չի հրաժարվել միջնորդներից, որովհետև այնտեղ կան խնդիրներ, որ պետք է միջնորդների երաշխավորությամբ լուծվեն: Այսինքն՝ միջնորդների ներկայությունն անհրաժեշտ է «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար:
- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ սահմանազատման հանձնաժողովի նիստի անցկացումն առանց միջնորդի: Շատ փորձագետներ նշում են, որ Հայաստանին ձեռնտու են միջնորդավորված բանակցությունները, որովհետև պատերազմում Հայաստանը պարտվող կողմ էր, և Ադրբեջանը դա օգտագործելու է մեր դեմ:
- Կարծում եմ՝ սա պարզապես այն հարցը չէ, որ անհրաժեշտ է միջնորդների առկայություն: Եթե կողմերը երկուսով պայմանավորվեն սահմանազատման հարցերով, շատ լավ կլինի, սակայն ես թերահավատ եմ և կարծում եմ՝ չեն կարողանալու համաձայնության գալ:
Ինչ վերաբերում է միջնորդների ներկայությանը մյուս գործընթացներում, հստակեցնեմ՝ արևմտյան միջնորդների, ապա, կարծում եմ, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը պետք է լինի միայն միջնորդների ներկայությամբ:
- Դուք շեշտում եք արևմտյան միջնորդների հետ գործակցելու անհրաժեշտությունը, սակայն տեսնում ենք, որ Բաքուն բոյկոտում է արևմտյան հարթակները՝ փորձելով հայ-ադրբեջանական խնդիրը փակել տարածաշրջանում: Արդյոք կա՞ հնարավորություն Ալիևին այդ հարթակ բերելու:
- Արևմուտքը պետք է ճնշումներ գործադրի Բաքվի վրա: Եթե Հայաստանն ու Արևմուտքը չկարողանան այդ ճնշումներն ապահովել, Բաքուն Թուրքիայի և Ռուսաստանի աջակցությամբ ամեն կերպ հրաժարվելու է արևմտյան հարթակներում բանակցություններից:
- Ադրբեջանը հրաժարվեց նաև Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից, նույնիսկ մատ թափ տվեց Միացյալ Նահանգների վրա: Դա կներե՞ն Ադրբեջանին, թե՞ հնարավոր է ամեն դեպքում սաստեն Ալիևին:
- Եթե այսպես շարունակվի, ես վստահ եմ, որ ամերիկյան հակաքայլերը չեն ուշանա: ԱՄՆ-ն արդեն իսկ որոշակի գործողություններ սկսել է. շուտով կընդունվի Սենատում ներկայացված հայամետ բանաձևը, կարծում եմ՝ կլինեն նաև պատժամիջոցներ, Միացյալ Նահանգները կհրաժարվի Բաքվին ցուցաբերվող ռազմական օգնությունից և 907 բանաձևը շրջանցող քայլերից: Կարծում եմ՝ չի բացառվում, որ նաև ուղիղ ֆինանսական օգնություն ցուցաբերվի Հայաստանին՝ ռազմական սպառազինություն ձեռք բերելու համար:
- Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու համար որևէ խոչընդոտ այլևս չկա, թե ինքը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը: Սա հերթական հայտարարությո՞ւն է, թե՞ իսկապես ինչ-որ բան փոխվել է:
- Նրանք ուզում են, որ իրենց պայմաններով ստորագրվի այդ պայմանագիրը, սակայն նրանց ջղագրգիռ քայլերը կապված են այն բանի հետ, որ Արևմուտքը հայտարարում է, թե Ղարաբաղյան հարցը դեռևս լուծված չէ, ԱՄՆ-ն էլ Սենատում քննարկումներ է անում ԼՂ-ում իրավիճակի հետ կապված: Այս ամենը նրանց բարկացնում է: Դրա համար էլ նրանք դեմարշ են հայտարարել Արևմուտքին:
Բայց ես կարծում եմ, որ նաև Ռուսաստանը չի թողնում, որ Ալիևը մասնակցի արևմտյան հարթակներում բանակցություններին կամ ստորագրի «խաղաղության պայմանագիր»: Ալիևը հայտնվել է պատային իրավիճակում, և ես կարծում եմ՝ դա մեր օգտին է: Եթե նա շարունակի բոյկոտել արևմտյան հարթակները, դա բերելու է Հայաստանին տրվող ֆինանսական, ռազմական և, ինչու ոչ, քաղաքական օգնության ավելացման: Կարծում եմ՝ մենք մոտ ապագայում տեսնելու ենք այդ օգնության ավելացումը:
Add new comment