56335

Սահմանադրությունը ցանկանում են փոխել՝ 8 գյուղերը հանձնելու համար. ինչի՞ց են վախենում Փաշինյանն ու Ալիևը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը:

- Այսօր Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև «խաղաղության պայմանագիր» կարող է կնքվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Ինչո՞ւ է Բաքվի բռնապետն այս փուլում ցանկանում հասնել Հայաստանում Սահմանադրության փոփոխության, ի՞նչ հարց է դրանով լուծում:

- Հայաստանում Սահմանադրության փոփոխության հարցն անմիջապես պատերազմից հետո է դրվել, իրենք այդ պահանջը 2021 թվականին առաջին անգամ բարձրաձայնել են Ալիևի շուրթերով: Ներկայիս իրավիճակում այդ պահանջը կապված է, պարզ ասում եմ, գործող Սահմանադրության այն դրույթի հետ, որը սահմանափակում է Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում և չի թույլատրում ՀՀ ճանաչված տարածքների հանձնում:

Սահմանադրության այդ դրույթը հիմք է ցանկացած իշխանության իմպիչմենտի համապատասխան գործընթացի և հետագայում քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Հետևաբար, քիչ հավանական եմ համարում, որ առանց Սահմանադրության փոփոխության նրանք որևէ գործընթացի մեջ կմտնեն:

Այս պահի դրությամբ 8 գյուղերի փոխանցման հետ կապված բանակցությունները, կարելի է ասել, ավարտել են, սկզբունքային համաձայնություն ունեն, որ այդ 8 գյուղերը պետք է հանձնվեն «խաղաղության պայմանագրի» կնքման համատեքստում, իսկ մնացած սահմանային հարցերն էլ թողնում են դեմարկացիայի հանձնաժողովին: Այդ 8 գյուղերի հանձնման համար է դրվում Սահմանադրության փոփոխության պահանջը:

Իսկ ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխության գործընթացին առհասարակ, գիտեք, որ 1995 թվականից Հայաստանի Հանրապետությունում ընդունվել է 3 Սահմանադրություն, սակայն ոչ մի սահմանադրական հանրաքվե կամ չի կայացել, կամ կեղծվել է, ու իրականում կա ներքին պահանջ Սահմանադրության փոփոխության համար: Սակայն դա պետք է իրականացվի ոչ այս իշխանության տրամաբանության մեջ: Նրանք պետական կառավարման համակարգում ապիկար են, ուր մնաց նրանց գրած սահմանադրությունը, հաստատ նախորդից ավելի վատն է լինելու: Նրանց նպատակը, նորից եմ ասում, այդ արտաքին պահանջը՝ 8 գյուղերի հանձնումն իրականացնելն է:

- Այսինքն՝ եթե ներկա Սահմանադրության պայմաններում Փաշինյանը համաձայնվի հանձնել որպես անկլավ ներկայացվող այդ գյուղերը, քրեական պատասխանատվությա՞ն է ենթարկվելու:

- Տեսեք, իրենք խոսում էին, չէ՞, Արցախի հետ կապված, ասում էին, որ օրենքով Հայաստանի Հանրապետության տարածք չէ, հետևաբար Արցախի հանձնումը որևէ կերպ պատասխանատվություն չէր ենթադրում ՀՀ իշխանությունների համար: Բայց այն, ինչի շուրջ այս պահին բանակցում են, և Ադրբեջանը պահանջում է, դա արդեն առանց իրավական հիմքի ձևակերպման ով էլ անի, վաղը-մյուս օրը եթե իշխանությունից զրկվեց, ցմահ դատապարտվելու է: Իսկ այս տղերքը չեն պատրաստվում իշխանությունից զրկվել և ապագայի կտրվածքով հաշվարկ են անում:

Մյուս կողմից՝ Ադրբեջանն էլ է ցանկանում իրավական հիմք ունենալ, որ ապագայում միջազգային ատյաններում այդ հարցը չվիճարկվի:

- Այս օրերին իշխանության ներկայացուցիչները խոսում են նաև պետական խորհրդանիշների՝ զինանշանի և օրհներգի փոփոխության անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ՝ դա՞ էլ է արտաքին պահանջ:

- Նախ ասեմ, որ Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է Հայաստանի Հանրապետության հանրային տրամադրություններին, զարգացումներին և միևնույն ժամանակ ակտիվորեն մասնակցում այդ ամենին: Այն, որ մենք ունենք խնդիր՝ պետական խորհրդանիշների հետ կապված, միանշանակ է: Այստեղ գուցե և Ադրբեջանը մասնակցել է հանրային պահանջի ձևավորմանը, բայց այս պահին ներկայացվող իր պահանջն այլ տրամաբանության մեջ է: Հայկական պետության հիմքում դրված հայեցակարգային փոփոխություններ են նրանք ուզում, որ Հայաստանը ապագայի կտրվածքով որևէ հիմք չունենա վիճարկելու տարածքային այն նվաճումները, որ Ադրբեջանը ձեռք է բերել տարիների ընթացքում՝ սկսած 1920 թվականից՝ ռուս-թուրքական զորքերի կողմից Հայաստանի օկուպացիայից հետո: Այսինքն՝ սա վերաբերում է նաև Թուրքիային: Ալեքսանդրապոլի պայմանագիրը երբ ստորագրվում էր, մենք որևէ իրավական գնահատական չենք տվել, բայց իրականության մեջ դա քեմալաբոլշևիկյան զորքերի կողմից Հայաստանի օկուպացիա էր և, բնականաբար, Հայաստանի անեքսիա: Եթե Հայաստանի Հանրապետությունը այս պայմանագրին համապատասխան իրավական գնահատական տար և գործընթաց սկսեր միջազգային հարթակներում, այնտեղ բավական լուրջ խնդիրներ կարող էին առաջանալ այդ երկու պետությունների համար:

Այստեղ հիմա խնդիրը մի քիչ ուրիշ է, Ադրբեջանը վերջնականապես տեղափոխվել է չինա-ռուսական առանցք, իսկ մենք մնացել ենք առանց կողմնորոշման, որովհետև Փաշինյանի կառավարությունը որքան էլ ձևանում է եվրոպամետ, ըստ էության ռուսահպատակ իշխանություն է: Հայաստանը պետք է վերջնականապես կողմնորոշվի աշխարհաքաղաքական առանցքի հարցում: Մինչև այդ կողմնորոշումը չեղավ, մեր ներսում ցանկացած արտաքին ազդակ այդ կարգի մեկնաբանությունների տեղիք է տալու:

 

Add new comment

From the author