65ս

Հայաստանը կարող է բարձրացնել Կասպից ծովի աղտոտվածության հարցը՝ ի պատասխան Ադրբեջանի «բնապահպանական» ծրագրերի. փորձագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան


«Դետք»-ի զրուցակիցն է էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը: 

- Ադրբեջանի քարտեզագիրների ասոցիացիայի նախագահ Մուգաբիլ Բայրամովը օրերս հայտարարել էր, թե իրենք պատրաստում են Հայաստանի հանքավայրերի քարտեզը, որի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե Հայաստանում որտեղ են գտնվում հանքային պաշարները: Հակառակորդի կողմից մեր ունեցվածքի քարտեզագրումը ի՞նչ վտանգներ է ներկայացնում` հաշվի առնելով, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության հիմնասյուներից է:

- Իրականության մեջ Ադրբեջանը այդ տվյալները քարտեզագրելու համար պետք է ընդամենը ուսումնասիրի այն տվյալները, որոնք կան բաց աղբյուրներում: Երկար տարիներ Հայաստանում գործել են միջազգային տարբեր ֆինանսավորմամբ կազմակերպություններ, ՀԿ-ներ, որոնք հավաքագրել են այդ տվյալները, ապա փոխանցել միջազգային տարբեր կառույցների, և դրանք դարձել են մատչելի նաև մեզ ոչ բարեկամ կամ թշնամի պետությունների համար: Տեսականորեն Ադրբեջանը կարող է, օրինակ, այդ տվյալները հավաքագրել և ինչ-որ կերպ փորձել ճնշում գործադրել Հայաստանի վրա, գուցե և ստիպելու համար, որ այդ հանքերը փակվեն, չաշխատեն: Սակայն իրական կյանքում, կարծում եմ, դժվար թե հնարավոր լինի դա իրագործել: 

Սակայն այստեղ կա մեկ այլ հանգամանք` պայմանավորված Հայաստանի իշխանությունների թույլ դիրքորոշմամբ կամ Հայաստանի շահերը պաշտպանելու անկարողությամբ, որի պայմաններում ցանկացած ճնշում Հայաստանի վրա վտանգավոր է, և մենք, իսկապես, դեռ խնդիր ունենք մեր շահերի պաշտպանության առումով: Ցավոք սրտի, Հայաստանի մի շարք հանքեր բավական մոտ են սահմանին, ինչը հակառակորդը կարող է որպես ճնշման լծակ օգտագործել կամ ուղիղ իմաստով խանգարել տվյալ հանքի շահագործմանը, բայց միջազգային հանրությանը մեր դեմ տրամադրել փորձելը բավական բարդ խնդիր է: Դեռ հարց է` որքան օբյեկտիվ կլինի նրանց հավաքած տվյալները, և ցանկացածը կարող է կասկածի տակ դնել այդ տվյալների հավաստիությունը: 

- Ըստ ադրբեջանական լուրերի` այդ քարտեզը պարունակելու է նաև բնապահպանական տեղեկություններ, օրինակ` թե որ գետերն են աղտոտված, որ նյութերով, և որտեղ են թափվում այդ թափոնները։ Նշվում է, որ այդ տեղեկությունը ներկայացվելու է ՄԱԿ-ի կլիմայի միջազգային տարեկան կոնֆերանսին, որն անցկացվելու է Բաքվում: Ինչի՞ է ցանկանում հասնել թշնամին այս տվյալների ներկայացմամբ: 

- Ադրբեջանը նոր չի զբաղվում այդ ամենով: Նույն կերպ տարիներ շարունակ բարձրացվել է նաև Հայաստանի ատոմակայանի հարցը` պահանջելով փակել այն: Դա իրենց անփոփոխ ռազմավարությունն է: Նույն գետերի աղտոտվածության մասով պետք է ասեմ, որ Ադրբեջանը լուրջ խնդիր ունի խմելու ջրերի հետ կապված, որովհետև այդ գետերի մեծ մասը սկիզբ են առնում Հայաստանից: Արցախն օկուպացնելուց հետո որոշակի առումով իրենք լուծել են այդ հարցը, բայց, միևնույն է, ունեն ջրային պաշարների խնդիր: Հայաստանի Հանրապետությունը եթե նորմալ, ազգային իշխանություն ունենար, պետք է ամեն բան աներ, ջրամբարներ կառուցեր, որ մեր ջրային պաշարների կորուստը քիչ լիներ, այսինքն` ավելի քիչ ծավալի ջուր հասներ Ադրբեջան: 

- Բոլորս էլ գիտենք, որ Հայաստանում խնդիրներ կան` որոշակի հանքերի շահագործման հետ կապված, բնապահպանական տեսանկյունից: Մյուս կողմից` հայտնի փաստ է, որ նույն Ադրբեջանում` որպես նավթ և գազ արդյունահանող պետություն, բնապահպանական խնդիրները շատ ավելին են: Ստացվում է` նրանք փորձում են քողարկել իրենց խնդիրները` խոսելով Հայաստանի էկոլոգիական հարցերի մասին: Մենք ի՞նչ մեխանիզմներ ունենք պայքարելու այս հարթակում նրանց դեմ: 

- Ճիշտ եք նկատում, Ադրբեջանն ինքը բավականին մեծ խնդիրներ ունի աղտոտվածության առումով: Հենց միայն Կասպից ծովը աշխարհի ամենաաղտոտված լճերից մեկն է` պայմանավորված առաջին հերթին Ադրբեջանի կողմից նավթի արդյունահանմամբ: Ադրբեջանն արդեն վաղուց ոչ թե ափին է նավթն արդյունահանում, այլ խորացել է ծովի մեջ` էկոլոգիական լուրջ խնդիրներ առաջ բերելով: Օրինակ` հենց Բաքվի մոտ արգելված է ծովը մտնել, որովհետև ջուրը չափազանց աղտոտված է: 

Ես չգիտեմ, հայկական կողմից պատվիրակություն մասնակցելու է Ձեր նշած միջազգային կոնֆերանսին, թե ոչ, սակայն, կարծում եմ, Հայաստանը պարտավոր է բարձրացնել Կասպից ծովի աղտոտվածության հարցը: Այս հարցում Հայաստանը կարող է համագործակցել Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որը ևս հաճախակի խոսում է Կասպից ծովի աղտոտվածության խնդիրների մասին: Կարծում եմ` Հայաստանը կարող է թիրախավորել հենց այս խնդիրը` համագործակցելով այն պետությունների հետ, որոնք ևս բարձրաձայնում են Կասպից ծովի աղտոտվածության հարցը: 

- Պարո'ն Մանվելյան, կա մոտեցում, որ Հայաստանի հանքերը պետք է դիտարկվեն ոչ միայն որպես բնական և տնտեսական, այլև անվտանգային ռեսուրս: Այս տեսանկյունից արդյո՞ք «ապահովագրված» են մեր հանքային պաշարները: 

- Հանքերի անվտանգությունը գնահատելը բավականին բարդ է: Այն հանքերը, որ համեմատաբար նոր են, այլ ստանդարտներով են արդյունահանում, իսկ որոնք հին են, այնտեղ ստանդարտներն էլ են այլ, և, իսկապես, խնդիրներ կան: Բայց մյուս կողմից էլ տարբեր կառույցներ ու կազմակերպություններ կան, որոնք զեկույցներ են ներկայացնում, բայց միշտ չէ, որ դրանց տվյալները հավաստի են և ներկայացնում են իրականությունը, քանի որ դրանք հիմնականում սնվում են դրսի գումարներով, ուստի չեն հետապնդում հայկական շահերը: 

Այո', հանքարդյունաբերությունը մեր տնտեսության և նաև արտահանման կարևորագույն ուղղություններից է: Օրինակ` Եվրամիություն մենք արտահանում ենք տարբեր տեսակի հանքանյութեր, վերջին տարիներին էլ սկսել ենք արտահանել նաև Չինաստան, որը ևս հետաքրքրված է Հայաստանի հանքային պաշարներով: Սակայն, կարծում եմ, Հայաստանի տնտեսության ապագայի համար պետք է մտածել այլ տիպի արդյունաբերական ուղղություն, ոչ թե հենվել միայն հանքարդյունաբերության վրա: 

- Մենք կորցրինք Արցախը, որը հանքային պաշարների տեսանկյունից և ոչ միայն, մեր հայրենիքի կարևորագույն մասերից էր: Այս տեսանկյունից ի՞նչ վնասներ կրեց մեր տնտեսությունը: 

 - Կորուստն ահռելի է, հնարավոր չէ հենց այսպես հաշվարկել ու ասել: Այստեղ հարցը միայն արդյունաբերությունը չէ: Արցախը մեզ ապահովում էր հացամթերքով, իսկ այժմ Հայաստանը ստիպված է ավելացնել այլ պետություններից հացահատիկի ներմուծումը:  

Արցախը կարևոր նշանակություն ուներ էլեկտրաէներգիայի արտադրության առումով: Հատկապես Քարվաճառի ուղղությամբ գործում էին ՀԷԿ-եր, որոնք բավականին էժան էլեկտրաէներգիա էին արդյունահանում, և դրա ահռելի բաժինը գալիս էր Հայաստանի Հանրապետություն: 

Արցախը կարևորագույն դեր ուներ անվտանգային առումով և այլն, և այլն: Հետևաբար, շատ դժվար է ներկայացնել այդ կորստի չափը: 

 

Add new comment

From the author