ac

Իրանն ամեն ձևով պատրաստ է աջակցել Հայաստանին, որ ոչ մի զիջման չգնա սահմանային հարցերում. իրանցի փորձագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի հիմնադիր, իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին: 

- Նախօրեին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Բաքվի և Թեհրանի հարաբերություններում նոր էջ է բացվել: Ինչի՞ մասին է խոսքը, և ներկայումս որքանո՞վ է հնարավոր այս պետությունների միջև հարաբերությունների զարգացում` հաշվի առնելով նրանց միջև եղած կնճռոտ հարցերը:  

- Իրանը փորձում է նվազագույն դիվանագիտական հարաբերությունները պահպանել Ադրբեջանի հետ, ինչը թույլ է տալիս Իրանին որոշակի հստակություն ապահովել Ադրբեջանի հետ հարաբերություններում: Այդ հանդիպման ընթացքում նաև հայտարարվել է, որ Թեհրանում կրկին կվերականգնվի Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը: Բայց, ամեն դեպքում, Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում կան լուրջ հակասություններ, որոնք լուծված չեն: Տարածաշրջանում Իրանի և Ադրբեջանի շահերը անվտանգային հարցերում չեն համընկնում, որովհետև Ադրբեջանը լայն համագործակցություն ունի Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի և տարածաշրջանում Իրանի ամենամեծ մրցակից Թուրքիայի հետ: Դա ցույց է տալիս, որ Իրանն ու Ադրբեջանը լուրջ հակասություններ ունեն: 

- Այսինքն՝ Ձեր կարծիքով` հնչած հայտարարությունը զուտ դիվանագիտական բնույթ ունի, և գործնականում այս երկրների հարաբերություններում դրական զարգացում չկա՞: 

- Բնականաբար, ժամանակ առ ժամանակ հանդիպումներ են լինում երկու երկրների պաշտոնյաների միջև, սակայն քանի դեռ այդ լուրջ խնդիրները լուծված չեն, չենք կարող ասել, թե առաջընթաց կա երկրների հարաբերություններում: 

Իրանի և Ադրբեջանի միջև խնդիրներից մեկն էլ կապված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հետ, որին Իրանը դեմ է, իսկ Ադրբեջանը, Թուրքիան և նրանց հետևում կանգնած ուժերը փորձում են դա կյանքի կոչել: Սա Իրանի անվտանգային կարևոր խնդիրներից է, և Իրանը բազմիցս հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն» ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ են իր համար:  

- Հայաստանը Ադրբեջանի հետ շարունակում է բանակցությունները,  որի մաս են կազմում նաև սահմանային խնդիրները: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի կողմից Իրանի հետ տարվող աշխատանքները:

- Իրանը բազմիցս ասել, է որ աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն իր սահմանների մոտ ընդունելի չէ իր համար, ուստի դեմ է ցանկացած գործողության, որը հակասում է դրան` լինի Ադրբեջանի կողմից, թե Հայաստանի: Մյուս կողմից՝ Իրանն ամեն ձևով պատրաստ է աջակցել Հայաստանին, որ ոչ մի զիջման չգնա այդ հարցով, և որ Հայաստանի դիրքերը բանակցությունների ընթացքում ավելի ամուր լինեն: 
Իրանը նաև փորձել է «3+3» ձևաչափով Հայաստանի դիրքերը պաշտպանել, որովհետև, ինչպես գիտեք, նրա մասնակցությունը միայն դրա շրջանակում է, մինչ հիմա Իրանը ներկայություն չի ունեցել այլ ձևաչափերում: Տարածաշրջանային այդ ձևաչափի շրջանակում էլ Իրանն ընդգծել է, որ դեմ է ցանկացած սահմանային փոփոխության և պաշտպանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: 

Այսինքն՝ Իրանը բանակցությունների մեջ և բանակցություններից դուրս պատրաստ է Հայաստանին աջակցել, որ Հայաստանը ոչ մի դեպքում զիջումների չգնա, որովհետև Հայաստանի զիջումը, Հայաստանին թուլացնելուց բացի, կարող է թուլացնել նաև Իրանի անվտանգությունը: Իրանի և Հայաստանի անվտանգային շահերը փոխկապված են: 

- Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ գնում են անվտանգային դիվերսիֆիկացիայի ճանապարհով: Դրան զուգահեռ տեսնում ենք Իրանի կողմից հստակ ազդակ, որ իր համար անընդունելի է երրորդ կողմի ներկայությունը տարածաշրջանում: Այս հակասությունը Իրանի և Հայաստանի միջև ինչպե՞ս կարող է լուծվել:  

- Իրանը մտահոգված է տարածաշրջանում երրորդ կողմի ներկայությամբ, որովհետև որքան գերտերություններ ներկա լինեն տարածաշրջանում, այնքան հակասությունները խորանում են, և շահերի բախում է տեղի ունենում: Մյուս կողմից՝ Իրանը մտածում է, որ այդ երրորդ կողմի նպատակը ոչ միայն Հայաստանը պաշտպանելն է, այլև կան այլ նպատակներ ևս տարածաշրջանում, որոնք ուղղված են Իրանի դեմ: Հետևաբար, Հայաստանը պետք է հաշվի առնի իրանական կողմի այս մտահոգություններն իր անվտանգային հարցերը լուծելու ճանապարհին: 

- Հայաստանի պաշտպանության նախարարն այսօր մեկնել է Թեհրան: Արդյո՞ք այցն ունի հենց այդ նպատակը` քննարկել Իրանի հետ նշված խնդիրը: 

- Հայաստանի իշխանությունը հիմա փորձում է Արևմուտքի հետ անվտանգային համակարգը կազմակերպել, սակայն Հայաստանը նաև հաշվի է առնում Իրանի դերակատարությունը տարածաշրջանի անվտանգության հարցում և փորձում է հավասարակշռել մեկը մյուսի հետ: Պատճառներից մեկն էլ սա է, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այցելել է Իրան: Հայաստանը փորձում է Իրանի մտահոգությունները քննարկել և նաև Իրանին վստահեցնել, որ Արևմուտքի հետ համագործակցությունն ու Արևմուտքի ներկայությունը Հայաստանում Իրանի դեմ չեն: Սակայն, ինչպես նշեցի, Հայաստանը ևս պետք է հաշվի նստի Իրանի անվտանգության հարցերի հետ:

 


 

Add new comment

From the author