ս

Էսկալացիայի հնարավորությունը մեծ է մինչև ամառ. Բաքուն պատրաստ չէ և չի էլ ուզում ստորագրել «խաղաղության պայմանագիր»

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ադրբեջանը պատրաստվում է աշնանը՝ նոյեմբերին, հյուրընկալել հսկայածավալ միջազգային համաժողով և բավական լուրջ պատրաստվում է դրան, հետևաբար փոքր է հավանականությունը, որ Բաքուն կփորձի այդ ընթացքում ռազմական ճանապարհով լուծել Հայաստանի հետ իր խնդիրները: Այս մասին «Դետք»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը` ընդգծելով, որ էսկալացիայի հնարավորությունը շարունակում է մեծ մնալ մինչև ամառ ընկած ժամանակահատվածում: 

«Ըստ իս` ներկայումս էսկալացիայի հավանականությունը բավական մեծ է, և գուցե դրանից ելնելով է Փաշինյանը հայտարարում զիջումների պատրաստակամության մասին: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանի համար են, և, ըստ էության, ամեն անգամ նրա հայտարարությունից հետո Ադրբեջանը կարծես սրբագրում է Փաշինյանի խոսքը: Այս անգամ տեսանք, որ բաց տեքստով հայտարարեցին, որ խոսքը վերաբերում է միակողմանի տարածք հանձնելուն, ընդ որում` սեպտեմբերյան կռիվների ժամանակ գրավված տարածքների վերադարձի հարց չի քննարկվում: 

Ադրբեջանը պաշտոնական դիրքորոշում է հրապարակել, որ ադրբեջանական սահմանը պայմանական սահման է, այսինքն, ըստ էության, ինքը սահման չի ընդունում: Եվ իրավական տեսանկյունից էլ այդ հայտարարությունը խնդիր չի առաջացնում, քանի որ սահմանազատման և սահմանագծման խնդիր կա, և հանձնաժողով է գործում, ստացվում է` նա ճիշտ է: Խնդիրն այն է, որ մեր Սահմանադրության մեջ մենք ունենք «տարածքային ամբողջականություն» հասկացություն, ինչը, սակայն, այսպես ասած ներքին փաստաթուղթ է, և միջպետական հարաբերությունների մեջ այդ փաստաթղթին հղում անելը որևէ բան մեզ չի տա: Սա նշանակում է, որ տարածքների հանձնման խնդիրն ունի հստակ իրավակարգավորում մեր օրենսդրությամբ, և եթե իշխանությունը գնում է այդ քայլին առանց համապատասխան իրավական գործընթացի, այսինքն՝ սահմանադրական փոփոխության խնդիր է առաջացնում: Սահմանադրական փոփոխության գործընթացի հետ կապված էլ միջազգային հանրության շահագրգռվածությունը կարծես փոխվել է, և նրանք հանգել են այն եզրակացության, որ Հայաստանում և Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեները «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո պետք է տեղի ունենան, ու սա որոշակի խնդիր է առաջացնում: 

Իմ պատկերացմամբ` իշխանության ներսում էլ այս հարցում հակասություններ կան, ինչպես որ կոնսենսուս չկա աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, ու հենց այստեղ է իրավիճակի ռիսկայնությունը, որովհետև այս պարագայում ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծանում է»,- ասաց մեր զրուցակիցը: 

Քաղաքական վերլուծաբանը նկատեց` բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ և չի էլ ուզում ստորագրել «խաղաղության պայմանագիր», բայց այդ հարցով ինչքան մեզ վրա են ճնշում գործադրում, այնքան էլ Բաքվի վրա: 

Բալյանը կարծիք հայտնեց, որ քանի դեռ ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախի տարածքում է, իսկ պայմանավորվածության համաձայն` մինչև 2025 թվականը իրավական հիմք ունի մնալու, Ադրբեջանի շահերից չի բխում այդ փաստաթղթի ստորագրումը. «Եթե նույնիսկ պայմանագիրը ստորագրվի այսպես ասած 3-րդ կողմի ներգրավմամբ, դա ձեռնտու չի լինելու Բաքվին, որովհետև եթե 3-րդ կողմը լինեն եվրոպացիները, խնդիր է դրվելու հայկական բնակչության վերադարձի իրավունք ապահովելու, իսկ դա ֆորմալ առումով հնարավորություն է տալու նաև ռուսներին Արցախի տարածքում մնալու ժամկետները երկարացնելու վերաբերյալ բանակցել»: 

Անդրադառնալով այն հարցին, որ Եվրոպան Հայաստանին խոստանում է ԵՄ թեկնածություն զիջումների դիմաց, քաղաքական վերլուծաբանը նշեց. «Եթե իրականում հնարավոր լիներ ԵՄ անդամակցության գործընթացը, դա որոշակի անվտանգային երաշխիքներ կստեղծեր, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ ռուսները ձեռքերը ծալած չեն նստելու: Մենք ներկայումս այն կարգի թուլության վիճակում ենք, որ աշխարհաքաղաքական նման փոփոխությունը շատ սպառնալից է մեզ համար»:

 

Add new comment

From the author