Թուրքերն են միշտ խոսել Ցեղասպանության զոհերի թվաքանակից, դա նրանց ժխտողականության դրույթներից է. ցեղասպանագետը՝ իշխանության նոր նախաձեռնության մասին
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե պետք է հստակեցնել և արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները: Նա ասել է, թե պետք է ունենալ բոլորի ցուցակը, «կարող է դրանք ավելի կամ պակաս են 1.5 միլիոնից, ինչպես ընդունված է համարել», և հավելել` հրեաներին դա հաջողվել է, և անհասկանալի է, թե ինչու նույնը չի կարող անել Հայաստանը:
Թեմայի առնչությամբ «Դետք»-ը զրուցեց Ցեղասպանության թանգարանի նախկին փոխտնօրեն, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի հետ:
- Պարո'ն Մանուկյան, իշխանության ներկայացուցչի այս առաջարկը ինչպե՞ս եք գնահատում: Ըստ Ձեզ` որքանո՞վ է նպատակահարմար նման գործընթացը Հայաստանի պարագայում:
- Ընդհանրապես նպատակահարմար չեմ համարում, որովհետև շատ պարզ մի տրամաբանություն կա` ի՞նչ են մեզ տալու մարդկանց անունները: Ցեղասպանությունը շատ մարդկանց սպանություն չի, ցեղասպանությունը կոնկրետ խմբի ոչնչացմանն ուղղված քայլեր են: Եվ կապ չունի, թե քանի հոգի է այդ խմբում, կամ քանի հոգուն է ստացվում սպանել, եթե խումբը ոչնչացվում է և այլևս գոյություն չունի, նշանակում է` ցեղասպանությունը հաջողվել է: Հիմա մեր դեպքում թիրախ էր ընտրվել արևմտահայությունը` Օսմանյան կայսրությունում ապրող հայերը, և հիմնական նպատակն էր այդ խմբի ոչնչացումը, այլ ոչ թե կոնկրետ մարդկանց սպանելը: Սա ցույց է տալիս, որ մեր պատգամավորները` նույնիսկ ամենաբարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ, չեն պատկերացնում, թե ինչ է ցեղասպանությունը: Որովհետև եթե իրենք ընդամենը կարդան Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, այս հարցը ինքնին դուրս կգա: Այդ կոնվենցիան նշում է, որ ցեղասպանությունը մարդկանց խմբի ոչնչացնումն է, այսինքն, կրկնում եմ, ցեղասպանության թիրախը, զոհը համայնքն է, էթնիկ, կրոնական, ռասայական խումբը, որը ուզում են ոչնչացնել, և այս իմաստով բոլորովին կարիք չկա, որ այդ խմբի բոլոր անդամները անուն առ անուն հիշատակվեն:
- Ընդհանրապես, որքանո՞վ է իրագործելի այդ գործընթացը` հաշվի առնելով, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել 110 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում, և շատ հնարավոր է` Ցեղասպանության զոհ դարձած բազմաթիվ մարդկանց տվյալներ պարզապես չգտնվեն:
- Դուք շատ ճիշտ նշեցիք, թե արդյոք դա հնարավոր է անել: Ես կարծում եմ` դա շատ-շատ դժվար է, եթե չասենք` անհնար: Օսմանյան կայսրությունը վիճակագրության առումով շատ խնդրահարույց երկիր է եղել, նույնիսկ այլ թեմաներ ուսումնասիրող գիտնականները նշում են, որ Օսմանյան կայսրությունում ընդհանրապես փաստաթղթավորում, որպես այդպիսին, չի եղել, վիճակագրություն չի կազմվել, այսինքն` չկան մեր պատկերացմամբ անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա կարելի է այդ գործընթացն իրականացնել: Ավելին ասեմ` եթե նույնիսկ լինեին այդ փաստաթղթերը, միևնույն է, դա ահռելի բարդ ու ժամանակատար աշխատանք է: Մենք ունենք Հոլոքոստի օրինակը, որի ժամանակ 6 մլն հրեա սպանվեց: Հրեաները փորձեցին այդ գործն անել, բայց նույնիսկ նրանք չհաջողեցին այդ մարդկանց անուններն ամբողջությամբ գտնելու հարցում, թեև Հոլոքոստը տեղի էր ունեցել Եվրոպայում 20-րդ դարի կեսին: Այսինքն` եվրոպական այն պետություններում, որտեղ այդ բոլոր փաստաթղթերը պահպանված էին, որտեղ մարդիկ ծնվում էին և ծննդյան թուղթ էին ստանում, նույնիսկ այդ պարագայում չհաջողվեց այդ գործընթացը: Եվ հետո, պատկերացնո՞ւմ եք` ինչքան մարդկային ռեսուրս է պետք Հայաստանի կողմից, որ կարողանա 100 տարի առաջ ապրած 1.5 մլն մարդու տվյալ գտնել: Եթե այսօր գնաք արխիվ ու փորձեք Ձեր պապի տվյալները գտնել, այսօր, Հայաստանի Հանրապետությունում, օրեր ու շաբաթներ կծախսեք: Պատկերացնո՞ւմ եք` ինչ ահռելի գործի առաջ են մեզ կանգնեցնում, որ 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ապրող մարդկանց անուններ փորձենք գտնել: Եթե որոշենք դա անել, մեր ամբողջ պետական համակարգը պետք է դրանով զբաղվի, արդյո՞ք դա այսօր առաջնահերթ է մեր պետության համար, ես չեմ կարծում:
- Հայոց ցեղասպանության զոհերի կոնկրետ թվաքանակի հարց երբևէ չի քննարկվել, նույնիսկ սրբադասման ժամանակ խնդիր չի եղել, թե քանի զոհ է եղել Ցեղասպանության արդյունքում: Եվ ընդհակառակը, թվաքանակի հարց միշտ բարձրացրել են Թուրքիայի իշխանությունները: Արդյո՞ք այսօր, առաջ քաշելով այս հարցը, ջուր չենք լցնում թշնամու ջրաղացին:
- Այո', ճիշտ օրինակ եք բերում, որ գոնե այդ առումով մեզ պետք է հետաքրքրեր մարդկանց քանակը, սակայն մենք հասկացել ենք, որ բոլորովին ֆունկցիոնալ չէ մարդկանց անունները իմանալը կամ հաշվառելը: Ցեղասպանության զոհ են դարձել ամբողջ գերդաստաններ, և մենք նույնիսկ այդ թելը չունենք, որ բռնենք ու սկսենք այդ թելից քաշել:
Ես, ճիշտն ասած, միշտ դեմ եմ եղել դավադրության տեսություններին, բայց իմ կարծիքով` դա դրսից ներմուծված օրակարգ է, այս դեպքում` կոնկրետ Թուրքիայի կողմից ներմուծված, քանի որ նրանց ժխտողականության դրույթների մեջ Ցեղասպանության զոհերի թվաքանակի հարցը միշտ կենտրոնական տեղ է զբաղեցրել, նրանք միշտ փորձել են շեշտադրել այդ խնդիրը:
Թուրքերի` ցուցակ կազմելու այս դրույթին Հայաստանը մշտապես հակադարձել է, որ բոլորովին էական չէ, թե որքան մարդ է զոհվել, քանի որ ցեղասպանությունը թիվ չէ, դա մարդկանց խմբին ոչնչացնելու մտադրված գործողություն է, և կապ չունի, թե այդ խմբում քանի մարդ կա։
Այսինքն` հիմա, առաջ քաշելով թվաքանակի խնդիրը, Հայաստանը հնարավորություն կտա Թուրքիային միշտ կասկածի տակ դնելու, ասելու` մինչև դուք չհաշվեք, մինչև չներկայացնեք, այդ թեման չպետք է բարձրացնել:
Add new comment