sva

Ռուս խաղաղապահ ուժերի դուրսբերումը Արցախից մեծացնելու է Թուրքիայի դերը տարածաշրջանում

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Դավիթ Հարությունովը:

- Ե՛վ ռուսական, և՛ ադրբեջանական կողմը հաստատել են, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը Արցախից։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը։ 

- Այն պահից, երբ հայ բնակչությունը լքեց Արցախը, հասկանալի էր, որ Ադրբեջանը ինչ-որ ձևով դուրս է բերելու խաղաղապահներին: Բացի դրանից՝ Ադրբեջանը բավական երկար ժամանակ` 2021-22 թվականից, ընդգծում էր, որ ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են, և ակնհայտ էր, որ 2025 թվականին, երբ 5 տարվա ժամկետը լրանա, Ադրբեջանն այն չի երկարաձգելու: Փորձագիտական շրջանակում կային ենթադրություններ, որ գուցե ռուսական կողմին թույլ տա, այսպես ասած, «դեմքը պահպանել»` մնալով Արցախում մինչև 2025 թվականը, բայց, ինչպես տեսանք, դա տեղի չունեցավ: 

Ես կարծում եմ՝ այս հարցում դեր խաղաց նաև այն, որ Ռուսաստանը չէր կարող Ադրբեջանին պարտադրել այդ տարբերակը, բացի դրանից՝ այստեղ կան ռուսական քաղաքականության որոշակի առանձնահատկություններ: Այսինքն՝ Արցախում խաղաղապահների մնալը ինչ-որ տեսքով տեսականորեն ենթադրում էր, որ խնդիրը դեռ լուծված չէ, օրակարգում է, իսկ իրենք իրենց պաշտոնական դիրքորոշումը հայտնել էին` ասելով, թե լուծված է խնդիրը, իսկ Ռուսաստանը ռեսուրս էլ չուներ, որ պարտադրեր ինչ-որ բան: Ինչպես տեսնում ենք, այս հարցում միջազգային որևէ կենտրոն այլևս դերակատարություն չունի, Արևմուտքն էլ առավելագույնը խոսում է փախստականներին աջակցություն տրամադրելու մասին, նաև տեսականորեն ասում, թե Ադրբեջանը պետք է թույլ տա հայ բնակչությանը վերադառնալ Արցախ, իսկ Ադրբեջանն էլ թռուցիկ հայտարարում է, թե չի խանգարում այդ վերադարձին: 

Կարծում եմ` այս հարցում որոշակի դեր էր խաղում նաև այն, որ մնալով Արցախի տարածքում` ռուսական խաղաղապահ ուժերն օբյեկտիվորեն մասնակից էին դառնում ինչ-որ գործընթացների, որ իրականացնում էին ադրբեջանցիները, մասնավորապես մշակութային ոլորտում, պատմական ժառանգության հետ կապված և այլն: Եվ, ըստ իս, պատահական չէ, որ առաջինը հենց Դադիվանքից խաղաղապահների հեռանալու մասին հայտարարվեց: 

Չմոռանանք նաև ուկրաինական գործոնի մասին, այսինքն՝ Ռուսաստանը հիմա մարտունակ ուժերի կարիք ունի, իսկ խաղաղապահ ուժերն իրենց բանակի մարտունակ մասն են միշտ էլ եղել: 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ որ բան կփոխվի՞ ռազմավարական առումով, թե ոչ, ես չեմ կարծում, թե կփոխվի: Խաղաղապահ ուժերն իրենց խնդիրը չէին լուծել 2023 թվականին, երբ Արցախը հայաթափվում էր: Այդ ուժերի առկայությունը չխանգարեց նաև, որ 2021-22 թվականներին Ադրբեջանը հարձակումներ ունենա Հայաստանի տարածքի վրա: Հետևաբար, կարծում եմ, ազդեցությունը զգալի չի լինի: 

- Մեկնաբանություններ են հնչում, որ ռուս խաղաղապահ զորքերի հեռացումը Արցախից մեծացնելու է Թուրքիայի դերը տարածաշրջանում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Ադրբեջանը նախորդ տարիներին իրականացնում էր, այսպես ասած, հավասարակշռության քաղաքականություն, այսինքն՝ ռուս խաղաղապահների` Արցախում տեղակայվելուն զուգահեռ նրանք թույլ տվեցին թուրքական լուրջ ներկայություն իրենց զինված ուժերում` խորհրդականների, տեխնիկական անձնակազմի տեսքով և այլն: Գիտենք, որ թուրքական ներկայությունը Ադրբեջանի զինված ուժերում մեծ դեր է խաղացել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Պատերազմից հետո էլ ստեղծվեց հայտնի մոնիտորինգային կենտրոնը: Մյուս կողմից ռուսական խաղաղապահները եկան Արցախ, ու Ռուսաստանը հնարավորություն ունեցավ «դեմքը պահպանելու» և որոշակի ներկայություն ունենալու: Հիմա տեսականորեն էլի հավասարակշռությունը պահպանվել է, այսինքն՝ խաղաղապահները դուրս են բերվում, մոնիտորինգային կենտրոնն էլ փակվում է, բայց իրականության մեջ, ես կարծում եմ, հավասարակշռությունը խախտված է, որովհետև, ինչպես ասացի, թուրքական բարձրաստիճան զինվորականներ են ներառված ադրբեջանական զինված ուժերում, հետևաբար հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Թուրքիայի: 

Տարածաշրջանում այդ հավասարակշռությունը շատ թե քիչ պահվում է Հայաստանում Ռուսաստանի ներկայությամբ, բայց, ինչպես գիտենք, այդ ներկայությունն էլ որոշակի հարվածի տակ է հիմա: Եվ դժվար է ասել, թե Հայաստանի իշխանությունների այդ քաղաքականությունը մինչև ուր կհասնի: 

- Ռուս խաղաղապահների` Արցախից դուրս գալով՝ արդյո՞ք ուժը կորցրած է ճանաչվում նոյեմբերի 9-ի համաձայնությունը: 

- Փաստացի, արդեն բավական ժամանակ է՝ այդ համաձայնությունը չի գործում: Ինչպես գիտեք, երկար ժամանակ այդ ձևաչափում որևէ հանդիպումներ չեն եղել, և հիմնական բանակցությունները տեղափոխվել էին սկզբում արևմտյան հարթակներ, հիմա էլ, տեսնում ենք, որ Ադրբեջանը երկկողմանի բանակցություններ է փորձում պարտադրել: Հետևաբար, նոյեմբերի 9-ի համաձայնությունը, որպես այդպիսին, չի գործում: 
 

 

Add new comment

From the author