4865

Մարդկանց վախի և դեպրեսիայի մեջ պահելու տեխնոլոգիա է կիրառվում, փորձում են հայերին պահել կամազրկված վիճակում. հոգեբան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի նախաձեռնող-ղեկավար, հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

- Տավուշում սկսված դիմադրության շարժումը քայլերթով շարունակվում է դեպի Երևան՝ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ: Որպես հոգեբան` ինչպե՞ս եք գնահատում մարդկանց տրամադրվածությունը, և ըստ Ձեզ` ինչո՞ւ է հենց եկեղեցին առաջնորդում շարժումը։

- Հասարակությունը քնած վիճակից հիմա զարթոնքի վիճակի է գնում: Մայիսի 9-ին, երբ քայլերթը կհասնի Երևան, կարծում եմ` ավելի ակնհայտ կլինի դա: Միակ կառույցը, որ այսօր կարող է արթնացնել ժողովրդին, եկեղեցին է և իրոք արթնացնում է: Այս հարցում պետք չէ իրար խառնել երկու միավոր` քաղաքական ուժեր և եկեղեցի, որովհետև, ինչպես բազմիցս հայտարարել է Բագրատ Սրբազանը, քաղաքական խնդիր չի դրված: Այսօր դրված է հայրենասիրական և հայրենատիրական խնդիր: Ես միշտ ասել եմ, որ հայրենասիրությունը պետք է ծառայի հայրենիքին, ոչ թե հայրենիքը` քաղաքականությանը: Այսօր մենք ունենք ինքնության կորստի, պետության կորստի, հայրենիքի կորստի խնդիր, և մարդիկ դուրս են եկել դրա համար, որ թույլ չտան այդ կորուստը:

- Ի՞նչ կասեք Բագրատ Սրբազանի` որպես շարժման առաջնորդի կերպարի մասին: 

- Կարծում եմ` բոլոր նրանք, ովքեր փորձում են Սրբազանին վարկաբեկել ինչ-որ սուտ տեղեկատվությամբ, քաղաքական ենթատեքստեր դնել այս շարժման հիմքում, այն մարդիկ են, որոնց համար հայրենիք չկա: Այսօր տեղի է ունեցել հետաքրքիր բան, որովհետև փողոց է դուրս եկել մի կառույց` եկեղեցին, որն ունի հեղինակություն: Եվ այստեղ, ինչպես ասացի, քաղաքական պահանջ չի դրվում, թեև իշխանությունները փորձում են ամեն կերպ այն կապել քաղաքականության հետ: Բայց ինչ էլ ուզում է գրեն ու խոսեն, տավուշեցին ամեն օր Բագրատ Սրբազանի հետ շփվել է և լավ է ճանաչում նրան: 

- ՀՀ վարչապետը տարբեր առիթներով նշել է, որ եթե կասեցվի սահմանազատման գործընթացը, պատերազմ է լինելու: Ընդհանրապես, ինչպե՞ս կբացատրեք հանրությանը պատերազմով վախեցնելու երևույթը: 

- Փորձում են հայերին պահել կամազրկված վիճակում, որովհետև այդ պարագայում կարող են անել` ինչ ուզենան: Դրա համար են անընդհատ վախեցնում պատերազմով: Ասում են` դուրս գաք փողոց` պատերազմ կլինի, սահմանազատում չլինի` պատերազմ կլինի, այսպես չլինի, այսպես չլինի և այլն, և այլն: Սա մարդկանց դեպրեսիայի մեջ գցելու, վախի մեջ պահելու համար է: 

Սա այն տեխնոլոգիան է, որ արդեն մի քանի տարի է` կիրառվում է մեր ժողովրդի վրա: Եվ այս տեխնոլոգիան աշխատում է, որովհետև մարդկանց արդեն պատերազմով և Արցախի հանձնումով գցել են դեպրեսիայի մեջ: Դա էր պատճառը, որ 120 հազար մարդ Արցախից եկավ Երևան, ու մենք լուռ ենք, Արցախը հանձնվեց, մենք լուռ ենք, որովհետև մարդկանց մեջ կա այն պատկերացումը, որ եթե խոսեն, պատերազմ կլինի:  

Ամեն ինչ խուսափման մոտիվացիայով է ընթանում: Կա երկու մոտիվացիա` ձգտման և խուսափման, և եթե 30 տարի մենք ընթացել ենք ձգտման մոտիվացիայով, հիմա շարժվում ենք խուսափման մոտիվացիայով: Հիմա մեզ ասում են` խուսափեք, որ ձեզ չոչնչացնեն, խուսափեք, որ պատերազմ չլինի: 

- Դուք Ձեր խոսքում նշեցիք, որ մարդիկ քնած վիճակից զարթոնքի վիճակի են գնում: 2020 թվականի պատերազմից հետո հասարակության շրջանում կուտակվել են մեծ էներգիա, լարում: Արդյո՞ք այս շարժման արդյունքներից կախված` այդ էներգիան կարող է պարպվել, և ի՞նչ հետևանքներ կունենա դա: 

- Ես կարծում եմ` այս էներգիան պարպել հնարավոր չէ, բայց եթե, այնուամենայնիվ, այս էներգիան պարպվի կամ անօգտավետ լինի, ուրեմն հայրենիքի կորուստն անխուսափելի է:
 

Add new comment

From the author