777

Պատերազմ կարող է լինել այն դեպքում, եթե Ալիևը համոզված լինի՝ հակազեցության չի հանդիպելու Մոսկվայի, Վաշինգտոնի, Չինաստանի կամ ԵՄ-ի կողմից. Գարիկ Քեռյան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների դոկտոր Գարիկ Քեռյանը: 

- Տավուշում սկիզբ առած շարժումը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, վաղը կհասնի Երևան։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

- Այս շարժումը սկսվեց, երբ Տավուշի մարզի բնակչությունն իր վրա զգաց սահմանազատման իրականացման հետևանքները: Բնականաբար, անմիջապես բողոքի ալիք առաջացավ: Իհարկե, դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ հասկացան՝ եթե այս պահին այս ձևով է արվում սահմանների ճշտումը, երկրորդ փուլում, երբ հասնեն անկլավներին, հայկական մի քանի մեծ գյուղ կարող է դառնալ ոչ կենսունակ: Այս հեռանկարը ստիպեց, որ մարդիկ Տավուշում ոտքի կանգնեն և Տավուշի թեմի առաջնորդի գլխավորությամբ կոնկրետ ճնշում գործադրեն կառավարության վրա: 

Քաղաքագիտական իմաստով ես սա կանվանեի ուղղակի ճնշում կոնկրետ մեկ խնդրի լուծման համար` իշխանությունների դիրքորոշումը փոխելու կամ առավել հայանպաստ ուղի տանելու նկատառումով: 

Կարո՞ղ է սա արդյոք հետագայում ծավալվել և ներառել նաև իշխանափոխության պահանջ, չեմ կարող ասել, որովհետև հիմա իշխանափոխության մասին շարժման առաջնորդ Սրբազանը և նրան շրջապատող մյուս գործիչները դեռևս չեն բարձրաձայնում: Եթե նկատի ունենանք, որ սա կարող է լինել նաև ներքաղաքական ճգնաժամի սկիզբ, ես կարող եմ ասել, որ նախանշաններ կան, բայց երբ երթը հասնի Երևան, և պարզ լինի` ինչ ծավալներ է ընդունում շարժումը կողմնակիցների ավելացման կամ նվազման առումով, նոր հնարավոր կլինի ենթադրություններ անել: Բայց առայժմ հստակ է, որ քաղաքական ճգնաժամի նախանշաններ կան, իսկ եթե այդ ճգնաժամը վերածվի իրական քաղաքական ճգնաժամի, բացառված չէ, որ լինեն արտահերթ ընտրություններ: 

- Շատ է քննարկվում այն հարցը, որ եկեղեցին է առաջնորդում այս շարժումը, և որ շարժումը հստակ չի նշում` որն է լինելու իր ծրագիրը մայիսի 9-ից հետո: Ի՞նչ կասեք այս առնչությամբ: 

- Ինչ վերաբերում է եկեղեցուն, ես չեմ կարող ասել` կոնկրետ Էջմիածնի կաթողիկոսարանը զբաղվե՞լ է այս շարժման կազմակերպմամբ, թե՞ չէ, բայց այն, որ կաթողիկոսը տեղյակ է, դրա մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը: Մենք գիտենք, որ կաթողիկոսը և քաղաքական իշխանությունը տևական ժամանակ է` բավականին սառը և ոչ բարեկամական հարաբերություններ ունեն: Հատկապես հիշենք, որ թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցան շարժումներ կաթողիկոսի դեմ:

Հիմա այն հարցադրում, թե ինչու է եկեղեցին առաջնորդում շարժումը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ, որովհետև այդ հարցադրում անողները ելնում են այն դրույթից, որ եկեղեցին անջատ է պետությունից և քաղաքականությանը չպետք է մասնակցի: Բայց միաժամանակ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ եկեղեցին քաղաքական համակարգի ինստիտուտներից մեկն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Չկա մի երկիր, որտեղ հոգևոր դասը, հատկապես բարձրագույն դասը, քաղաքականությունից դուրս լինի: Ներկա իրողությունները ցույց են տալիս, որ նույնիսկ ստեղծվում են կրոնական կուսակցություններ, որ անցնում են իշխանության գլուխ կամ լայն կոալիցիայի մեջ մտնում քաղաքական այլ կուսակցությունների հետ: Նույնիսկ Գերմանիայում այդ երևույթը կա: Այնպես որ եկեղեցին ապաքաղաքական ինչ-որ հաստատություն համարելը ճիշտ չէ, որովհետև ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բոլորի հետ մասնակցելու քաղաքականությանը: 

Ցանկացած քաղաքագիտական դասագիրք բացեք, կուսակցությունների, շարժումների և այլ խմբավորումների հետ միասին եկեղեցին նշվում է որպես քաղաքական համակարգի ինստիտուտներից մեկը: Այնպես որ, այս առումով մոտեցումը սխալ է: Հոգևորականներն էլ են քաղաքացիներ, և ոչ մի անտրամաբանական բան չկա, որ, ասենք, Բագրատ Սրբազանը կարող է գլխավորել այս շարժումը: 

- Նիկոլ Փաշինյանը նախօրեին հերթական անգամ հայտարարեց, որ եթե կասեցվի սահմանազատման գործընթացը, պատերազմ է լինելու: Ընդհանրապես, ինչպե՞ս կբացատրեք հանրությանը պատերազմով վախեցնելու երևույթը, և ներկա աշխարհաքաղաքական պայմաններում որքանո՞վ է իրատեսական ՀՀ սահմաններին էսկալացիայի ծավալումը:  

- Պատերազմ կլինի՞, թե՞ չէ, որևէ մեկս չենք կարող ասել, որովհետև պատերազմի լինել-չլինելը ոչ միայն Հայաստանից ու Ադրբեջանից է կախված, այլև տարածաշրջանային ուժերից և խոշոր ուժային կենտրոններից: Եթե, ասենք, Ալիևը համոզված լինի, որ պատերազմ սկսելով ու ինչ-որ արդյունքների հասնելով` ինքը  որևէ հակազեցության չի հանդիպելու Մոսկվայի, Վաշինգտոնի, Չինաստանի կամ ԵՄ-ի կողմից, նա կսկսի այդ պատերազմը: 2020 թվականին պատերազմը սկսվեց այն պատճառով, որ Ալիևն այդ պահին հասկացավ՝ ոչ մի իրական միջամտություն կամ պատժամիջոց Ադրբեջանին չի սպառնում: Բայց նաև այն ժամանակ պատերազմ սկսելու լուրջ հիմք կար, որովհետև բանակցային գործընթացը լրիվ փակուղի էր մտել, կային ռուս-թուրքական ինչ-որ պայմանավորվածություններ, միջազգային հանրության ուշադրությունը շեղված էր այլ խնդիրների վրա, դրա համար Ալիևը կարողացավ պատերազմ սանձազերծել: 

Հիմա եթե պատերազմ սանձազերծի Հայաստանի դեմ՝ պատճառաբանելով, որ 2-3 գյուղ գրավելու համար է սկսել, կարծում եմ` այդ քայլը հավանության չի արժանանա միջազգային դերակատարների կողմից, և Ալիևն էլ այդքան հիմար չէ, որ պատերազմ սկսի այն ժամանակ, երբ գիտակցում է, որ այն հետևանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար: 

Պատերազմ սկսել-չսկսելը շատ նուրբ հարց է, և փորձագիտական հատվածը չի կարող ասել` ներկա պայմաններում պատերազմ կսկսվի՞, թե՞ ոչ: Իսկ թե ինչու է վարչապետն այդ մասին խոսում, մտահոգություն հայտնում, որ եթե չգնանք սահմանագծման` կլինի պատերազմ, կարծում եմ` պարզապես ընդհանուր սահմանագծման համար ուժային կենտրոններից հստակ պահանջներ կան, որովհետև Հայաստանն ամբողջությամբ արևմտյան բևեռում կլանելու և ազդեցության երկիր դարձնելու համար Արևմուտքին շատ ձեռնտու է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը մարի, իսկ այդ պարագայում ռուսական ազդեցությունը թուլանալու է, արևմտյան ազդեցությունը` ուժեղանալու: 

Բացառված չէ, որ որոշակի կենտրոններից Նիկոլ Փաշինյանին այսպես ասած ուղղորդեն, կամ ցանկություններ արտահայտված լինեն, որ Հայաստանը արագ կնքի այդ պայմանագիրը և կենտրոնանա այլ խնդիրների վրա: Այլ խնդիրներից հիմնականն էլ ռուսական ազդեցության չեզոքացումն է` Հայաստանից ռուսական ռազմաբազայի ու սահմանապահների դուրսբերումը: Դա կարող է տեղի ունենալ, երբ միայն սահմանային հարցերը լուծված են, խաղաղության պայմանագիրն էլ` կնքված: Դրա համար Արևմուտքը շահագրգռված է և ճնշում է գործադրում` փորձելով արագացնել այդ գործընթացը:

- Այսինքն՝ կարող ենք ասել` Տավուշում սկիզբ առած շարժումը խանգարում է ավելի մեծ խաղացողների: 

- Խնդիրներ կարող են առաջանալ, եթե շարժումը հաջողվի, և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Արտահերթ ընտրություններից հետո, եթե իշխանություն փոխվի, բնականաբար, նոր իշխանությունը նոր մոտեցումներ կունենա, և, գուցե, նորից քննարկման առարկա դառնան սահմանազատման հարցն ու «խաղաղության» պայմանագրի դրույթները: 
 

 

Add new comment

From the author