ՍՑ

Բաքուն 30 տարի չէր հանդգնում որևէ բան անել, սակայն այսօր, երբ ճանապարհ ենք բացում իրենց համար, հաստատ պատերազմ է լինելու. Տիրան Լոքմագյոզյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Տիրան Լոքմագյոզյանը:

- Բաքուն կրկին ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իր կեղծ դրույթները` նորանոր պահանջներ հորինելով և հասցեագրելով Հայաստանին: Որքանո՞վ են ներկայումս վտանգավոր պատմական այդ կեղծիքները, և որքանո՞վ Բաքվի կեղծիքները կարող են ընդունելի լինել միջազգային հանրության կողմից: 

- Կարճ ասեմ` միջազգային հանրությունը թքած ունի, թե ով ինչ է անում իրականում: Օրինակ` մենք ազատագրեցինք Արցախը, և 30 տարի միջազգային հանրությունից ոչ մի ձայն չէր գալիս: Երբեմն, կարելի է ասել, ի նպաստ մեզ ինչ-որ խոսքեր էին ասում, թեև դիվանագիտական առումով միշտ նշվում էր, թե Արցախը ադրբեջանական տարածք է, բայց արվում էին նաև մեզ ձեռնտու քայլեր: 

Սակայն պետք է ընդունել, որ միջազգային հանրությունը արձագանքում է միայն այն դեպքերում, երբ դա իրեն ձեռնտու է, և եթե իրեն ձեռք չի տալիս, դրա հետ գործ չունի, դիցուք` Կիպրոսի կամ Գազայի վիճակը: 

Մյուս կողմից, երբ ադրբեջանցիներն այսպես լկտիանում են, լկտիանում են այն բանի հիման վրա, որ մենք ենք այդ ամեն ինչը իրենց նվիրում, այսինքն` խնդիրը ոչ թե Բաքվի, Ալիևի կամ Էրդողանի հետ է կապված, այլ խնդիրը մեզ մոտ է: Մեր կառավարությունը ավելի լավ է աշխատում ադրբեջանցիների համար, քան Ալիևն ինքը: Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, մենք այնքան արագ ենք աշխատում և առաջ գնում այս խնդրում, որ ադրբեջանցիներն իրականում հետ են մնացել, մեր հետևից են վազում, որ վերցնեն այն ամենը, ինչը մենք շաղ ենք տալիս:

Տեսեք, իրենք մեջտեղ չբերեցին Տավուշի հարցը, Տավուշի հարցը մենք մեջտեղ բերեցինք, ասացինք, որ եթե այդ տարածքներն իրենց են պատկանում, պետք է վերադարձվեն: Երբ դա ասացինք, դրա հիման վրա Ալիևը սկսեց հայտարարել, թե այո, այդ տարածքները մեզ են պատկանում: Այսինքն` մենք այսօր այն վիճակում ենք, որ իրենք անգամ չեն հասցնում նոր պահանջներ դնել, այնքան արագ են իրականացվում նախորդները: 

- Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ, խորհրդարանի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին օրերս ասել էր, թե «1987-1991 թվականներին որոշվել են Արևմտյան Ադրբեջանում՝ այսօրվա Հայաստանի տարածքում ցեղասպանության ենթարկված գյուղերի, քաղաքների ճշգրիտ թիվը և անունները, կազմվել է իրենց տներից վտարված հայրենակիցների (ադրբեջանցիների - խմբ.) ցուցակը»: Այս և նմանօրինակ որևէ հայտարարություն Հայաստանի կողմից պատասխան չի ստանում: Այս գործընթացը ինչի՞ կարող է հանգեցնել: 

- Իրենք վաղուց արդեն խոսել են միլիարդների հասնող փոխհատուցումների և ադրբեջանցիների «վերադարձի» մասին: Մենք կամաց-կամաց հասնում ենք այդ կետին: Միամիտ ժողովուրդը, որ հավատում է մեր իշխանություններին, այդ ամենից հետո հիասթափվելու է, հեռանա, և բեռը մնալու է մեզ վրա: 

Էլի պետք է կրկնեմ՝ ադրբեջանցիները հասան այդ կետերին այն բանից հետո, երբ մենք այսքան առաջ գնացինք նրանց պահանջների իրագործման հարցում: Բնականաբար, Բաքուն շատ ուրախ է և այսօր պահանջատիրական դիրքում է: Այստեղ մի հետաքրքիր խնդիր կա, Տավուշի հարցը միայն 4 գյուղերի խնդիր չէ իրականում, մեր ամբողջ պաշտպանական համակարգը քանդվում է: Իրականում դա է ամենավտանգավորը, դա է մեր գլխավոր խնդիրը: Մեր ամենալավ դիրքերն ու ամրություններն են քանդվում, ու ճանապարհ ենք բացում նրանց համար: 

Իշխանություններն ասում են`պատերազմ կլինի, եթե չտանք, բայց եթե նույնիսկ տանք այն ամենը, ինչ Բաքուն պահանջում է, էլի կարող է պատերազմ լինել: Բաքուն 30 տարի չէր հանդգնում որևէ բան անել, սակայն այսօր, երբ ճանապարհն իրենց համար բացում ենք, հաստատ պատերազմ է լինելու: Ես կուզեի սխալվել, բայց եթե այսպես շարունակվի, շատ ավելի սարսափելի բաներ են կատարվելու:

- Ի՞նչ կասեք այս գործընթացում Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Ի վերջո, Բաքուն միայնակ չէ իր այդ ծրագրերում, նրա մեջքի հետևում Թուրքիան է, որը, գիտենք, թե ինչ նպատակներ ունի Հայաստանի տարածքի և հայ ժողովրդի հետ կապված: 

- Թուրքիան միշտ էլ ասել է, որ նեցուկ է Բաքվին: 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ուղղակի միջամտեց, իսկ պատերազմից հետո էլ շարունակում է կանգնած լինել Բաքվի մեջքի հետևում: Սակայն այսօր ամբողջ խնդիրը դրված է Բաքվի վրա, իսկ վերջինս էլ օգտվում է մեր իշխանության ընձեռած հնարավորություններից:

Այսօր Թուրքիան սպասողական իրավիճակում է, առաջարկներ է անում, թե գնացեք, իրար հետ լեզու գտեք, բայց դա չի նշանակում, թե վաղը Թուրքիան չի կարող ակտիվանալ: 

- Տավուշում տեղի ունեցող դեպքերի արդյունքում ձևավորվեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը մինչ օրս շարունակում է ակցիաները Երևանում: Որքանո՞վ կարող է այս շարժումը ազդել ընդհանուր զարգացումների վրա: 

- Կարծում եմ՝ այդ շարժումը մեր վերջին հնարավորությունն է անապատից առաջ, և եթե այդ հնարավորությունը ձեռքից բաց թողնենք, լրիվ կորած ենք: Իհարկե, կարևոր է, թե ով իշխանությունն իր ձեռքը կվերցնի, սակայն առավել կարևոր է այն, որ իշխանափոխության դեպքում կասեցվելու է Տավուշում սկսված գործընթացը: Հետո, գուցե, եթե նորից իշխանությունը սխալ ձեռքերում հայտնվի, նորից վատ վիճակում հայտնվենք, բայց այս գործընթացը կասեցվելու է: Մենք այսօր մի մեքենայի մեջ ենք, որը դեպի անդունդն է գնում մեծ արագությամբ: Այս պահին մեր խնդիրը ոչ թե աջ կամ ձախ թեքվելը պետք է լինի, այլ արգելակելը, ինչքան շուտ արգելակենք, այնքան մեծ է հավանականությունը, որ չենք գլորվի անդունդը: 

Add new comment

From the author