ՍՎ

Թուրքիայի ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ չեն վերանում. այսօր Բաքվի միջոցով է իրագործվում թյուրքական ծրագիրը

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է պատմաբան, թուրքագետ Մհեր Աբրահամյանը: 

- ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտարարեց, թե Թուրքիան պահանջ չունի Հայաստանից, և երկու պետությունների միջև կա անկեղծ երկխոսություն: Ըստ Ձեզ` ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը` հաշվի առնելով այն, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում միշտ վերջինս է հանդես եկել պահանջներով: 

- Հասկանալի է, որ Հայաստանի այսօրվա իշխանությանը հստակ սատարում են թուրքական երկու պետությունները, ուստի այս իշխանությունն էլ իր խոսույթում պետք է ընդգծի, թե Թուրքիայի հետ որևէ խնդիր չի տեսնում: Այո՛, այս իշխանությունը կամաց-կամաց վերացնում է այդ խնդիրները, իսկ դրանք մեր ազգային արժանապատվությանը վերաբերող խնդիրներ են՝ Արցախյան հարցը և Ցեղասպանության ճանաչման գործընթացը: 
Իհարկե, վերջին տարիների ընթացքում Թուրքիայի նախապայմանները կատարվեցին, սակայն սրանով Թուրքիայի ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ չեն վերանում, և խնդիրները միշտ լինելու են: Հետևելով թուրքական մամուլին` կարելի է ասել, որ թուրքական իշխանությունները հստակորեն սատարում են Հայաստանի ներկա իշխանությանը, որն իրագործում է թուրքական ծրագրի տարբեր հատվածներ: 

- Թուրքիայի նախագահն ու պետական մյուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ համաձայն են այն բոլոր պահանջներին, որը ներկայացնում է Բաքուն, և խաղաղություն կարող է ձեռք բերվել վերջինիս պայմաններով. կհամաձայնեն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, եթե լինի Բաքվի համաձայնությունը: Կարո՞ղ ենք ասել, որ այսօր Թուրքիայի պահանջները հնչեցվում են Բաքվի միջոցով: 

- Եթե հղում անենք պատմությանը, կտեսնենք, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ.)՝ որպես պետություն, ստեղծվել է Թուրքիայի ռազմական ուժի շնորհիվ 1918 թվականին, այդ գործընթացն ընդհատվեց 70 տարով` կապված Խորհրդային միության ստեղծման հետ, սակայն նորից վերաբացվեց 1990 թվականին: Թուրքական քաղաքականությունը Հարավային Կովկասում հստակ էր, և այդ քաղաքականությունը պետք է իրականացվեր Բաքվի միջոցով: Բացի դրանից՝ 1990 թվականին հայտարարվեց «երկու պետություն, մեկ ազգ» քաղաքականությունը, ուստի կարելի է ասել, որ Բաքվի Հանրապետությունը (խմբ.) Թուրքիայի դուստր պետությունն է, որի միջոցով իրականացվում է թյուրքական ծրագիրը: 

- Բաքուն կրկին ակտիվացրել է «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ իր կեղծ դրույթները` նորանոր պահանջներ հորինելով և հասցեագրելով Հայաստանին: Ո՞ւր է տանում այդ գործընթացը, և որքանո՞վ են Հայաստանում գիտակցում դրա վտանգները: 

- Գիտակից մարդիկ, որոնք մտածում են Հայաստանի ազգային շահերի և, ընդհանրապես, Հայաստանի գոյության մասին, լավագույնս հասկանում են, որ Հայոց ցեղասպանության գործընթացից հրաժարվելը բերելու է այն խնդիրներին, որ այսօր մեր առջև դնում է Բաքուն: Դա և՛ «Արևմտյան Ադրբեջանի» խնդիրն է, որը նմանեցված է մեր Արևմտյան Հայաստանի խնդրին, դա իբրև թե այն կոտորածներն են, որոնց մասին նրանք խոսում են և պարտադրում Հայաստանին, որ ճանաչի այդ «ցեղասպանությունը»: Ուստի բնական է, որ եթե Հայաստանը զիջում էր միջազգային հարթակներում, այդ տեղը լրացնելու էր Բաքուն, որն ի պատասխան հորինելու էր այն բոլոր խնդիրները, որոնք այսօր դրվում են Հայաստանի առջև, և դրդելու էր Հայաստանին լուծել այդ խնդիրներն իր ուզած ձևով: Այսինքն՝ Բաքուն ուզում է այսօրվա իշխանության ձեռքով պատժել Հայաստանին, փորձում է կրկնօրինակել հայերի իրական ողբերգությունները՝ իրենց ու թուրքերի իրագործած հանցագործությունները վերագրելով հայերին: 

- Այդ ամենն իրականացվում է պատմության ակնհայտ կեղծիքներով: Ի՞նչ ձևով է հնարավոր կանխել այդ քաղաքականությունը, ի՞նչ դեր ունեն այդ գործընթացում ՀՀ իշխանություններն ու հայ պատմաբանները: 

- Իհարկե, դրան դիմակայելու ձևերը կան, բայց այդ ամենը պետք է իրականացվի այն իշխանության կողմից, որը մտածում է հայեցի, որը գործում է՝ ելնելով ազգային արժեքներից: Եթե Հայաստանում լինի նման իշխանություն, ապա հնարավոր է ոչ շատ արագ, բայց նորից վերականգնել այն իրավիճակը, որ գոյություն ուներ մինչև 2018 թվականը: Այստեղ առանցքային է իշխանության դերը: Մենք` պատմաբաններս, աշխատում ենք այս ուղղությամբ` ապացուցելու, որ այդ «ցեղասպանությունը», որի մասին խոսում է Բաքուն, տեղի չի ունեցել, դա նրանց կազմակերպածն է, և դրա համար կան ապացույցներ, տեսանյութեր, հոդվածներ: Սակայն պետական քաղաքականությունն իրականացնում է իշխող ուժը, իսկ այսօրվա պետական քաղաքականությունը լիովին միտված է սպասարկելու թուրքական շահերը: 
 

Add new comment

From the author