եոացս

Այսօր` Կիրանց, վաղը` Սահմանադրություն, մյուս օրը` Սևանի ջրային ավազան. ի՞նչը կարող է ստիպել Բաքվին նոր պահանջներ չներկայացնել

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: 

- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը երեկ Հանրապետության հրապարակում 96 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար: Նա նաև հայտարարեց նստացույցի մեկնարկի մասին: Ի՞նչ կասեք այս գործընթացի և իշխանափոխության հասնելու համար կիրառվող միջոցների մասին: 

- «Սրբազան պայքարում» բոլոր միջոցներն էլ լավ են, և կարելի է բոլոր միջոցներն էլ օգտագործել: Հանրահավաքը, ժողովրդի հավաքվածությունը, Սրբազանի համբերությունը և համբերատարությունը, խոսքը, սիրո քարոզը բոլորն էլ գործիքներ են, որոնք իրենց բաժինն են ունենալու նոր ապագա փոփոխություններում: Այդպես՝ քայլ առ քայլ դա իր նպատակին կծառայի: 

- Այսինքն՝ կարճաժամկետ հատվածում պետք չէ՞ սպասել փոփոխությունների: 

- Այդ հարցը ամեն մեկն իր համար պետք է հնչեցնի: Դուք՝ որպես ՀՀ քաղաքացի, այսօր այնտե՞ղ եք, Ձեր ընկերն ու բարեկամն այնտե՞ղ են, եթե բոլորը հավաքվեն, ամեն ինչ էլ հնարավոր է: 

- Ակնհայտ է, որ գործող կառավարությունը և վարչապետը չեն պատրաստվում հրաժարվել իշխանությունից... 

- Գործող իշխանությունները գերազանցել են նախկիններին, նույնիսկ բառապաշարն են մեկառմեկ կրկնում, հետևաբար որևէ իմաստ չկա քննարկելու նրանց գործողությունները, նրանց բառապաշարը: Ավելին՝ պետք է ընդհանրապես չանդրադառնալ նրանց: Նույնը կարելի է ասել նաև Ոստիկանության պահվածքի ու բառապաշարի մասին: 

- Կցանկանայինք լսել Ձեր տեսակետը Բաքվի ղեկավարի կողմից առաջ բերվող նորանոր պահանջների վերաբերյալ` Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի լուծարում և այլն: 

- Շատ հետաքրքիր ձևով իրենց շահերը տանում է առաջ: Ալիևը ամեն օր է պահանջներ ներկայացնելու, ամեն մի իրականացված պահանջին հաջորդելու է մյուսը: Պարտված իշխանությունը նոր պարտություն է բերելու, ինչո՞ւ Բաքուն պետք է նոր պահանջ չդնի: Ի՞նչը կարող է ստիպել Բաքվին նոր պահանջներ չներկայացնել. միայն այն, որ նա հասկանա՝ դիմացինը դիմադրում է: Իսկ եթե չի դիմադրում, ինչո՞ւ չպետք է հնչեցնի նոր պահանջներ: 

Բանակցային հարաբերություններում կա մի մոտեցում՝ դիմացինն այնքան է իրենով ուժեղանում, ինչքանով դու իրեն թույլ ես տալիս: Երբ կզգա, որ դիմացինը թույլ չի տալիս, կզգոնանա: Նույնիսկ այսօրվա Ազգային ժողովի խոսնակին հարցնում են՝ ո՞րն է Բաքվի  Հանրապետության (խմբ.) նպատակը, ասում է՝ վերացնել հայոց պետականությունը, նույնիսկ իրենք են դա ասում, էլ ի՞նչ ավելացնենք: 

Ոչ մեկս Մոնթեից ավելի խելոք չենք: Նա ասում էր` կորցնենք Արցախը, շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը: Հիմա շրջել են այդ էջը: Գրիչն էլ դրել են գործողի ձեռքը և ասում են` գրի: Այսօր` Կիրանց, վաղը` Սահմանադրություն, մյուս օրը` Սևանի ջրային ավազան, վերջում էլ Երևանի անունը կդնեն «Իրիվան»: Ինչո՞ւ եք զարմանում, որ Բաքուն դա անում է: 

- Իսկ ինչո՞վ եք պայմանավորում հասարակության զգալի հատվածի անտարբերությունն այս գործընթացների նկատմամբ: 

- Այս ազգը չունի սեր դեպի պետություն, դրա համար «սրբազան պայքարի» ամենակարևոր երևույթը, ըստ իս, այն քարոզն է, որ այսօր լսում ենք, և ես կարծում եմ՝ դա ուշ թե շուտ կհասնի մարդկանց: 
 

Add new comment

From the author