եռգ

«Ավարտել խաղաղության համաձայնագիրը». Շառլ Միշելը նամակ է հղել Հայաստանին ու Ադրբեջանին

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հարավային Կովկասում լարվածության աճի ֆոնին, վերսկսում է ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ:

Politico-ի հետ զրույցում երկու բարձրաստիճան դիվանագետ հաստատել է, որ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Ազատություն»-ը, Միշելը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ Մեծ Բրիտանիայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում:

Միշելը նաև նամակ է գրել կողմերին՝ կոչ անելով վերադառնալ բանակցություններին, «ավարտուն տեսքի բերել խաղաղության համաձայնագիրը», և առաջընթաց գրանցել չլուծված հարցերի շուրջ, որոնցից մեկը սահմանազատումն է:

Բրյուսելում աճում է հիասթափությունը դիվանագիտական փակուղուց: Չնայած Միշելի հետ հանդիպումներին, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը չպայմանավորվեցին հանդիպման մասին: Երևանն ու Բաքուն իրար էին մեղադրում դրա չկայանալու համար:

«Վերջիվերջո, երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն խաղերը և կնքեն համաձայնագիրը, քանի որ նախագահ Միշելն արել է ԵՄ-ի հնարավորության սահմաններում ամենը՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար», - ասել է Միշելին մոտ կանգնած ԵՄ բարձրաստիճան դիվանագետը:

Գործընթացն ընթանում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը ռազմական ուժով գրավելուց ու 100 հազար հայերի գաղթից 9 ամիս անց, գրում է պարբերականը:

Ռազմական գործողությունները տեղի ունեցան «Միշելի կողմից կազմակերպված, ամիսներ տևած բանակցություններից հետո՝ չնայած Արևմուտքի նախազգուշացումներին, որ միայն դիվանագիտական լուծումը կարող է խաղաղություն բերել տարածաշրջանում»,- ընդգծում է Politico-ն:

Այժմ, լարվածությունը կրկին աճում է: Բաքուն անցյալ շաբաթ մեղադրել է Հայաստանին երկու երկրների ընդհանուր սահմանի երկայնքով «սադրանքներ կատարելու» մեջ և սպառնացել է «անհրաժեշտ պատասխան միջոցներ ձեռնարկել՝ օգտագործելով իրենց տրամադրության տակ եղած ողջ զինանոցն ինքնապաշտպանության նպատակով»։ Հայաստանը շեշտում է՝ Բաքվի պնդումներն ապատեղեկատվություն են:

 

Add new comment

From the author