սց

Ադրբեջանը հերթական անգամ տորպեդահարել է խաղաղության գործընթացը. ՔՊ պատգամավոր

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Ադրբեջանը հերթական անգամ տորպեդահարել է խաղաղության գործընթացը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Ազատություն». - Ըստ էության, Ադրբեջանը մերժեց վարչապետի առաջարկը` ստորագրել խաղաղության համաձայնագիր արդեն իսկ ձեռք բերված, համաձայնեցված կետերի շուրջ` 17-ից 13-ը համաձայնեցված էր: Ինչպե՞ս կգնահատեք:

Արուսյակ Ջուլհակյան. - Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է պատրվակներ անընդհատ հորինել խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, և երբ թվում է, որ Հայաստանը հերթական կառուցող առաջարկով է հանդես գալիս, ընդ որում՝ բացառապես հիմնված իրավունքի միջազգային նորմերի վրա, Ադրբեջանը, ըստ էության, կա՛մ հերթական պահանջն է, անիրականանալի, ընդ որում, ներկայացնում, կա՛մ, օրինակ, նման հայտարարությամբ է հանդես գալիս: Եվ տպավորությունս, այո, այն է, որ Ադրբեջանը այս ամենը անում է պրոցեսը անընդհատ ձգձգելու և խաղաղության պայմանագիր չստորագրելու համար:

«Ազատություն». - Քանի որ նշեցիք, որ, փաստորեն, Ադրբեջանը ամեն անգամ փորձում է անիրատեսական սպասումներ ձևավորել, նորանոր պահանջներ է ներկայացնում՝ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, եվրոպական դիտորդները պետք է դուրս գան, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի, Հայաստանը չպետք է զինվի, և այլն, և այլն, կարո՞ղ ենք ասել, որ խաղաղության պայմանագրի ճակատագիրը շատ մշուշոտ է:

Ջուլհակյան. - Ես չեմ ասի մշուշոտ է՝ այս պահի դրությամբ չի ստորագրվել, չգիտեմ՝ երբ կստորագրվի: Համենայն դեպս, ես կարծում եմ, որ Հայաստանը հերթական լավ առաջարկով և կառուցողական առաջարկով է հանդես եկել, և ցավում եմ, որ Ադրբեջանը հերթական անգամ իրեն նման ապակառուցողական ձևով է դրսևորել և հերթական անգամ տորպեդահարել է խաղաղության գործընթացը:

 

Add new comment

From the author