դետք

ԵՄ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է նախապատրաստում ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ տրամադրելու համար․ Բորել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է՝ ԵՄ-ն խստորեն դատապարտում է վերջերս Ռուսաստանին իրանական արտադրության բալիստիկ հրթիռների փոխանցումը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։

Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ իրանական անօդաչու թռչող սարքերի և զինամթերքի մատակարարումն ուղղակի սպառնալիք է եվրոպական անվտանգության համար, իսկ իրանական բալիստիկ հրթիռներն այժմ կարող են օգտագործվել Ուկրաինայում՝ հետագա տառապանքներ և ավերածություններ պատճառելով:

«Եվրամիության դիրքորոշումը Ռուսաստանի հետ պատերազմին Իրանի մասնակցության վերաբերյալ միշտ էլ հստակ է եղել։ Եվրամիությունը բազմիցս խստորեն նախազգուշացրել է Իրանին զերծ մնալ Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելուց:

Եվրամիությունը կարձագանքի արագ ու միջազգային գործընկերների հետ համաձայնությամբ, այդ թվում՝ Իրանի դեմ նոր և ծանր սահմանափակող միջոցներով, որոնցում՝ բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ստեղծման իրանական ծրագրերում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց նույնականացմամբ, ու այս առումով դիտարկում է նաև Իրանի ավիացիոն ոլորտում սահմանափակող միջոցները»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Մոսկվան ու Թեհրանը հերքել են իրանական սպառազինության մատակարարման մասին տեղեկությունները։

 

Add new comment

From the author