Թեհրանը Իսրայելի իշխանությունների համար Սադամ Հուսեյնի ճակատագիրն է կանխատեսում
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին Իսրայելի իշխանությունների համար կանխատեսել է Սադամ Հուսեյնի ճակատագիրը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին իրանցի պաշտոնյան գրել է X-ի իր միկրոբլոգում։
Քանաանիի խոսքով՝ սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների ճակատագիրը կլինի նույնը, ինչ հանցագործ Սադամի՝ Իրաքի նախկին բռնապետի ճակատագիրը։
«Վերջին երկար տարիների ընթացքում տարածաշրջանում դիմադրությունը բազմաթիվ փոթորիկներ է դիմակայել։ Դիմադրության շարժումների կայունությունն ու աճող ուժը միշտ զարմացրել են թշնամիներին։ Չնայած այս մեծ մարդկանց նահատակությանը` սիոնիստական ռեժիմը, Միացյալ Նահանգները և նրա կողմնակիցները երբեք չեն հասնի իրենց նենգ նպատակներին»,- գրել է նա։
Քանաանին հավելել է, որ Իսրայելի հանցավոր ռեժիմից սուրբ պաշտպանությունն իրականացվում է տարածաշրջանային մակարդակով նոր ծավալով և աշխարհագրությամբ։ «Իհարկե, այս հանցագործների ճակատագիրը ոչնչով չի տարբերվի հանցագործ Սադամի ճակատագրից»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ 1980 թվականի սեպտեմբերի 22-ին Իրաքի զորքերը Սադամ Հուսեյնի գլխավորությամբ ներխուժեցին Իրան, և արյունալի պատերազմը տևեց մինչև 1988 թվականը։ Սադամ Հուսեյնը մահապատժի է ենթարկվել 2006 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Իրաքում ժամանակավոր կառավարության իշխանության գալուց հետո:
Add new comment