
Ադրբեջանի վախերը մեղմելու ամենաուղիղ ճանապարհը դա է․ Միրզոյան
Եթե Ադրբեջանի մտահոգությունները անկեղծ են՝ որ Հայաստանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, ապա դրանք փարատելու ամենաուղիղ ճանապարհը խաղաղության պայմանագիր ստորագրելն է, այլ ոչ թե այն ստորագրելուց հրաժարվելը։ Այս մասին Արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ստորագրումից հետո այս համաձայնագիրը, մեր օրենսդրության պահանջներին համապատասխան, պետք է անցնի վավերացման գործընթաց։ Նախևառաջ մենք պետք է դիմենք Սահմանադրական դատարան, որը մեր Սահմանադրությունը մեկնաբանելու միակ լիազորված մարմինն է», - նշել է Միրզոյանը։
Նա հավելեց, որ Հայաստանը պատրաստ է իր փաստարկները ներկայացնել Ադրբեջանին, լսել ադրբեջանական կողմին և փորձել լուծում գտնել։
«Մեր առաքելությունն է փորձել լուծում գտնել։ Եթե մենք կարողանանք համաձայնության գալ նախարարների կամ վարչապետի և նախագահի մակարդակով նոր հանդիպումների շուրջ, դա ողջունելի կլինի։ «Մենք բաց ենք նման բանակցությունների համար», - ընդգծել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը։
Ավելացնել նոր մեկնաբանություն