Submitted by Անի Երյան on
Քեռյան

Առայժմ լուծման մեկ ձև կա՝ արհեստավարժների կառավարություն. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանի Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում մենք պարբերաբար ականատեսն ենք  բռնկվող և մարող ներքաղաքական ճգնաժամերի, որոնց արդյունքում գործադիր իշխանության ղեկավար կազմը ենթարկվել է կամ մասնակի կամ ամբողջական փոփոխությունների:

Դա, իհարկե, արևմտյան տիպի ժողովրդավարության քաղաքական համակարգերին բնորոշ իրողություն, է և զարմանալի ոչինչ չկա:

Նման վերադասավորումներից ոչ Մեծ Բրիտանիան է փլուզվում, ոչ էլ Ֆրանսիան և մյուսները ևս: Կան հստակ գործող  գործադիր կառավարման մեխանիզմներ որոնց համար Ջորջը, Ջոզեֆը, Հանսը, թե Ջիմմին կլինի նախարար առանձնապես էական նշանակություն չունի:

Բայց ահա նորանկախ Հայաստանում, որտեղ բավականին ոգևորությամբ փոշիացվեցին Խորհրդային Հայաստանի ոչ միայն արդյունաբերական կարողություններն ու հոգևոր մշակութային-կրթական արժեքները, այլև վարչատարածքային կուռ համակարգը և կառավարման մեխանիզմները, նման գործընթացները միշտ հանգեցրել են կորուստների բոլոր բնագավառներում:

Պատճառները որո՞նք են:

  • Առաջին խնդիրը կառավարությունների կազմման կուսակցական սկզբունքն է, երբ գործադիր իշխանությունը ձևավորվում է ոչ թե արհեստավարժ մասնագետ կադրերից, որոնք գիտեն ոլորտի բարեփոխման առջև եղած խնդիրները և կարող են մասնագիտական լուծումներ տալ, այլ ակտիվ կուսակցականներից, որոնց մեծ մասն անտեղյակ է ոլորտից:
  • Երկրորդ խնդիրը պատասխանատվության և հաշվետվության բացակայությունն է, երբ ղեկավար պաշտոնյան կարող է շատ հանգիստ հրաժարական տալ, առանց պատասխանատվության իր բաժինը կրելու:
  • Երրորդը վերահսկողություն իրականացնող մարմինների կուսակցական կողմնակալ աշխատաոճն է: Վերահսկող մարմինների ուռճաչված համակարգ ունենք, դատախազություն, ՊՎԾ, Հաշվեքննիչ պալատ , ԲԴԽ և այլն, որոնք պարտավոր են ժամանակին արձագանքել, եթե նկատվում է կառավարման ձախողում: Սակայն, քանի որ նրանք ևս ձևավորվում են կուսակցական սկզբունքներով, գործում են անարդյունավետ:

Այս իրողությունները նոր չեն, երեսուն տարվա պատմություն ունեն: Առայժմ լուծման մեկ ձև կա՝ արհեստավարժների կառավարություն և նաև՝ մարզպետներ, վերահսկողական ծառայությունների անկախության ապահովում: Քաղաքական կառավարող ուժի կողմից վարչապետի պաշտոնի  և օրենսդիր իշխանության տնօրինումը միանգամայն բավարար է ներկա քաղաքական համակարգի պայմաններում:

Առանց փորձի և մասնագիտական կարողությունների ի՞նչ պետական կառավարում, ամեն ինչ պարզ է և հասկանալի»:

Ավելացնել նոր մեկնաբանություն