Արցախ

Արցախի Հանրապետությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի համատեքստում

2025թ. օգոստոսի 11-ին հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը (այսուհետև՝ Համաձայնագիր):

Համաձայնագրի նախաբանում հիշատակված միջազգային իրավական բոլոր ակտերում արձանագրված է ժողովուրդների ինքնորոշման մասին:

Այսպես՝

• համաձայնագրում հիշատակված 1945թ. հունիսի 26-ին ընդունված Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետև՝ ՄԱԿ) կանոնադրության համաձայն՝ ինքնորոշման սկզբունքը սահմանված է որպես նպատակ, իսկ տարածքային ամբողջականությունը՝ որպես սկզբունք:

Կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են… 2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա…», իսկ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասով, մասնավորաբար, սահմանված է. «Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն…. 4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:»:

Մեջբերումներից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում շարադրված սկզբունքները պետք է հիմք հանդիսանան կանոնադրության 1-ին հոդվածում շարադրված նպատակներին հասնելու համար: Այսինքն՝ տարածքային ամբողջականությունը, որպես ՄԱԿ-ի սկզբունք, պետք է հիմք հանդիսանա՝ հասնելու ժողովուրդների ինքնորոշմանը որպես ՄԱԿ-ի նպատակի:

Փաստորեն, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ժողովուրդների ինքնորոշումը տարածքային ամբողջականության նկատմամբ ունի գերակա դիրք:

Տարածքային ամբողջականության նկատմամբ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա դիրքի մասին է վկայում նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը:

Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին ընդունել է խորհրդատվական եզրակացություն միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ:

Դատարանը քննության է առել նաև «տարածքային ամբողջականություն» հասկացությունը և տվել հետևյալ մեկնաբանությունը. «տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին կարելի է խոսել միայն միջպետական հարաբերությունների ոլորտում, այսինքն՝ երկու կամ ավելի պետությունների միջև հարաբերությունների ոլորտում: Այդ ոլորտից դուրս չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Տարածքային ամբողջականության սկզբունքը կարելի է կիրառել միայն պետությունների միջև հարաբերությունների մասին խոսելիս:

Քանի որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, հետևաբար այս հակամարտության պարագայում չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին:

Այսպիսով, Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության լույսի ներքո օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում չի կարող խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին:

• Համաձայնագրում նշված 1970թ. հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի մեջ, մասնավորապես, արձանագրված է. «ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի ուժով բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն ազատորեն, առանց արտաքին միջամտության, որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինելու իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, և յուրաքանչյուր Պետություն պարտավոր է հարգել այդ իրավունքը՝ (ՄԱԿ-ի – Ս. Հ.-Ջ.) Կանոնադրության դրույթներին համապատասխան:…

Անկախ և ինքնիշխան Պետության ստեղծումը, անկախ Պետության հետ միացումը կամ միավորումը, կամ որևէ այլ քաղաքական կարգավիճակի հաստատումը, որը ազատորեն որոշվել է ժողովրդի կողմից, հանդիսանում են տվյալ ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ձևեր»:

• Համաձայնագրում հիշատակված 1975թ. օգոստոսի 1-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ստորագրված Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհրդաժողովի (ԵԱՀԽ) եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի տասը սկզբունքներից ութերորդ սկզբունքի համաձայն՝ «Ժողովուրդների իրավահավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքի հիման վրա բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն, երբ և ինչպես ցանկանում են, լիակատար ազատության մեջ, առանց արտաքին միջամտության որոշել իրենց ներքին և արտաքին քաղաքական կարգավիճակը և հետամուտ լինել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը, ինչպես իրենք ցանկանում են:»:

Վերը հիշատակված միջազգային իրավական ակտերի ուժով, ինչպես նաև հետևելով «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» սկզբունքներին և հիմք ընդունելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին վկայող 1966թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերն ու ԽՍՀՄ 1977թ. հոկտեմբերի 7-ի խմբագրությամբ Սահմանադրության 70-րդ հոդվածն ու «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքը, մասնավորապես՝ օրենքի 3-րդ հոդվածը, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակի մասին հարցը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. ընթացքում 23 ամիսների կյանք ունեցած պետական անկախությունը, 1991թ. սեպտեմբերի 2-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում:

Հանրապետության հռչակման մասին հռչակագրի ընդունումից ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ութ երկրներից՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ուկրաինայից Արցախ ժամանած գրեթե չորս տասնյակ անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը:

Հետևաբար, Արցախի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով իրենց հազարամյակների բնօրրան՝ Արցախ, վերադարձն իրականություն դարձնելու և Արցախի Հանրապետությունում նրանց երաշխավորված, անվտանգ և ստեղծարար կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու համար Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:

Նախաստորագրված համաձայնագրում հիշատակված է նաև 1991թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա-Աթայի հռչակագիրը, որի ստորագրման արդյունքում, ինչպես համաձայնագրում է նշված «…նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները և որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից…»:

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության ժողովրդի, Արցախի վտարանդի վարչակազմի, ինչպես նաև միջազգային հանրության կարծիքով Ադրբեջան-Արցախ հակամարտությունը չի կարգավորվել: Չկարգավորված հակամարտության համատեքստում Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրմամբ Արցախի Հանրապետությունը չի ճանաչվել Ադրբեջանի Հանրապետության մաս:

Բանն այն է, որ 1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում ԽՍՀՄ 15 միութենական հանրապետություններից 11-ի ղեկավարների ստորագրած հռչակագրի մեջ, մասնավորապես, արձանագրված է. «ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը»:

Մեջբերումից պարզվում է, որ փաստաթղթով նկատի են առնվել այն սահմանները, որոնք Խորհրդային Միության անդամ պետություններն ունեցել են ԽՍՀՄ-ում գտնվելու տարիներին, այսինքն` խոսքը վերաբերում է նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը:

Սակայն, սույն ձևակերպումը չի կարող վերաբերել Ադրբեջանին: Ինչո՞ւ: Բանն այն է, որ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1991թ. օգոստոսի 30-ին ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիրը, իսկ նույն թվականի հոկտեմբերի 18-ին ընդունել է նաև «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը:

Թե՛ հռչակագրով և թե՛ սահմանադրական ակտով Ադրբեջանը հայտարարել է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը հրաժարվում է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարում է 1918թ. մայիսի 28-ին հռչակված և մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Իսկ ունեցե՞լ է արդյոք 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Պատասխանն ավելի քան միարժեք է՝ ՈՉ, քանզի 1918-1920թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը եղել է միջազգայնորեն չճանաչված: Ներկայիս ՄԱԿ-ի իրավանախորդ Ազգերի լիգայի 4-րդ և 5-րդ կոմիտեները 1920թ. դեկտեմբերի 1-ին բացասական եզրակացություն են տվել Ազգերի լիգային անդամակցելու մասին Ադրբեջանի Հանրապետության 1920թ. նոյեմբերի 1-ի գրավոր դիմումին: Եվ Ադրբեջանի անդամակցությունն Ազգերի լիգային մերժվել է նախկինում երբեք պետություն չլինելու, հարևան պարսկական նահանգի անվանումը յուրացնելու ու սեփական պետության անվանում դարձնելու և հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերի պատճառով Ադրբեջանի ճշգրիտ սահմանները որոշելու անհնարինության պատճառներով:

Չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ Ադրբեջանի Հանրապետությունը 1920թ. ապրիլի 28-ին լքել է աշխարհի քաղաքական քարտեզը որպես դե ֆակտո պետություն, որի իրավահաջորդը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը:

Անհրաժեշտ է նշել նաև, որ Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման պահին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ին, Արցախի Հանրապետությունը հանդիսացել է, գրեթե, չորս ամսվա դե ֆակտո անկախ պետություն:

Պետք է նշել նաև, որ նախաստորագրված համաձայնագիրը հակասում է նաև Արցախի Հանրապետությանը վերաբերող ՀՀ ներպետական օրենսդրությանը:

Այսպես, ՀՀ Գերագույն խորհուրդը, «հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա, հայտնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու վճռականությունը,… նշելով, որ կպաշտպանի Արցախի հարցի այն լուծումը, որը կընդունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը,», 1992թ. հուլիսի 8-ին ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշում, որտեղ, մասնավորաբար, արձանագրել է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:»:

Կոպտորեն խախտելով հիշյալ որոշումը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք՝ 2020թ. հուլիսին, հրապարակված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, 2021թ. հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների առիթով հրապարակված Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում և ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրում Ադրբեջան-Արցախ չկարգավորված հակամարտությանը վերաբերելի դրույթները՝ ՀՀ գործող վարչակազմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի հետ նախաստորագրել է վերոնշյալ համաձայնագիրը:        

Այսպիսով, հիմնվելով վերոնշյալ փաստերի ու փաստաթղթերի հիման վրա կատարված վերլուծության վրա՝ հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, կամ նրա իշխանությունից հեռանալուց և ազգային, պետական շահերը սպասարկելու հետագիծ, ցանկություն ու կարողություն ունեցող Հայաստանի Հանրապետության նոր վարչակազմի ձևավորումից հետո Նիկոլ Փաշինյանն անխուսափելիորեն պետք է կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությունն ու իրավական ակտերը կոպտորեն խախտելու միջոցով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչելու մեղադրանքով:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Իրան
Իրանը Բահրեյնում թիրախավորել է ԱՄՆ զինվորականների զբաղեցրած շենքերը. Tasnim
Պն
Ադրբեջանի ՊՆ-ն պարզաբանել է թիվ 1 զորահավաք հայտարարելու դեպքում գործողությունների ընթացակարգը
Աթս
Իրանը հակամարտության սկզբից ի վեր 600 hրթիռ է արձակել Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախների ուղղությամբ
Թրամփ
ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով. Թրամփ
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ մասնակցել Իրանի հաջորդ առաջնորդի ընտրությանը
Անտեր
Իրանը թող չմոռանա, թե ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային. Ալիև
Մասուդ
Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել քրդերին Իրանին աջակցելու համար
Իրան
Իրանը հետաքննություն է սկսել Նախիջևանում ԱԹՍ-ների գրոհի առնչությամբ
Կարեն
Բաքվում բանտարկված Կարեն Ավանեսյանի փաստաբանները պատրաստվում են մարտին Եվրոպական դատարան ուղարկել փաստաթղթերի նոր փաթեթ
Ջեյհուն
Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Կկի
Պայթյուններ Դոհայում ու Մանամայում. իրադրությունը Մերձավոր Արևելքում շարունակում է լարված մնալ
Նախիջևան
Իրանը հարվածել է Նախիջևանին
Քուրդ
Քուրդ ընդդիմադիրները հերքել են Իրան ներխուժելու մասին տեղեկությունները
Արաղչի
ԱՄՆ-ն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի
Պատերազմ
Իրանում պատերազմը կարող է շարունակվել մինչև սեպտեմբեր․ Politico
Նավթ
Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի
Տիգրան
Սպարապետի ստեղծած բանակը քանդեցին․ կառույցից հանվեց գաղափարը, հոգևորը և առաքելությունը․ Աբրահամյան
Չինաստան
Չինաստանը պաշտպանական ծախսերը կավելացնի 277 միլիարդ դոլարով
Ուլյանով
ՌԴ-ն պատրաստ է միջնորդական ծառայություններ մատուցել Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում
Զոհ
Իսրայելա-ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում զոհերի թիվն անցել է 1040-ը
ԱՄՄ
Իրանի դեմ պատերազմի մեկնարկից ի վեր ԱՄՆ ունեցել է ռազմական տեխնիկայի ու սարքավորումների ավելի քան 2 միլիարդ դոլարի կկորուստ
Նախագիծ
Աշխարհի լավագույն բուհերն ավարտած տղաները կազատվեն զինծառայությունից․ օրենքի նախագիծն ընդունվեց
Վարդան
Արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զորակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին
Գարեգին
Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին
Թաթոյան
2025-ի օգոստոսից ադրբեջանական նոր դիրքի տեղակայում կա Հայաստանի տարածքում. Արման Թաթոյան
Խամենեի
Սպանված Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը կսկսվի այսօր և կշարունակվի 3 օր
Քուփերը
ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական 17 ռազմական նավ, այդ թվում՝ մեկ սուզանավ. Քուփեր
Նիկոլ
Փաշինյանը և Կոբախիձեն կարևորել են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը
Իրան
Մերձավոր Արևելքում փետրվարի 28-ից ի վեր զnհվել է ավելի քան 870 մարդ. New York Times
Կհվ
ԿՀՎ ցանկանում է զինել իրանցի քրդերին՝ ապստամբություն հրահրելու նպատակով